Ռուսները դեռևս չեն համաձայնել այցելել Արցախ
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն համաձայնել այցելել Արցախ: Այդ առաջարկն այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության ոլորտի խորհրդարանականների նիստում հնչեցրել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ պատգամավորը դժգոհում, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, Կ.Նահապետյանը նշեց, որ Հարավային Կովկասում իրավիճակն ունի տարբեր բաղադրիչներ և, դրանք չհասկանալը ուղղակի անհեթեթ մոտեցում պետք է համարել: Ըստ նրա` այստեղ կան գործոններ, որոնց ամբողջական համադրմամբ պետք է եզրակացություն անել. «ՀՀ-ն ԼՂՀ անվտանգության երաշխավորն է և բոլոր այն գործողությունները, որոնք անցկացվել են ԼՂՀ և խաղաղ ժողովրդի նկատմամբ, դա մենք դիտարկում ենք որպես մարտահրավեր և սպառնալիք ՀՀ նկատմամբ` որպես ՀԱՊԿ անդամ պետություն»:
Կ.Նահապետյանը նշեց, որ որևէ նման պարտավորության մասին չեն կարող խոսել, որ ՌԴ-ն պարտավորվել է Ադրբեջանին հարձակողական զենք չվաճառել, քանի որ ՀՀ-ն ԼՂՀ անվտանգության երաշխավորն է, սակայն բացեիբաց հայտարարել են տարբեր ատյաններում, որ ԼՂՀ անվտանգության երաշխավորն է և ՀԱՊԿ գործընկերները պետք է հաշվի առնեն դա:
«ՀՀ նախագահը նախկինում էլ մտահոգություններ հայտնել է Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ, իսկ տարածաշրջանում հավասարակշռության թեկուզ աննշան խախտումը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն տարածաշրջանային պետությունների համար, այլև ՌԴ, որովհետև ՌԴ-ն այս տարածաշրջանում ունի նաև իր գերակա շահերը»,- ասաց Կ.Նահապետյանը:
ԵՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու գործընթացի մասին նա հայտարարեց, որ հապճեպ քայլեր չպետք է ձեռնարկել: Նշեց, որ մեր դաշնակիցների առանձին գործողությունների հետ մտահոգություններ ունենք, բայց նաև հույս հայտնեց, որ դրանք կլուծվեն և, ամեն դեպքում չպետք է վնասել ՀՀ շահերին, քանի որ ՌԴ հետ հարաբերությունները ունեն առաջնային նշանակություն ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում: