«Զինվորն ինձ է պաշտպանում, ես՝ զինվորին». Հադրութի շրջան, գյուղ Բանաձոր
Ապրիլի 7-ի առավոտյան լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ շարժվեցինք դեպի հարավ՝ Ջեբրաիլի շրջան, որտեղ ևս այս օրերին շատ թեժ մարտեր են տեղի ունեցել: Չնայած հայտարարված հրադադարին՝ վտանգը մեծ էր, որ ճանապարհը կարող է գնդակոծվել. այդ պատճառով մեզ ուղեկցեցին հնարավորինս անվտանգ դաշտային ճանապարհներով:
Կանգ առանք Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում, որը Ստեփանակերտից գտնվում է 122 կմ հեռավորության վրա, և ըստ գյուղապետ Կամո Մուսայելյանի՝ այս պահին 189 բնակիչ ունի: Գյուղում խլացնող լռություն էր տիրում. գյուղի ավագ բնակիչներից Եղիշ պապն իր տնամերձ հողամասում հողն էր մշակում: Նրա հետ զրույցի ընթացքում թոռնիկները հավաքվեցին, ապա՝ գյուղի որոշ այլ բնակիչներ: Չնայած այդ օրերին տեղի ունեցած թեժ մարտերին, գյուղի բնակչությունը շարունակում էր ապրել իր բնականոն առօրյայով: Մեր հարցին՝ արդյոք երեխաները չե՞ն վախենում ու գոնե նրանց այս օրերին չե՞ք պատրաստվում գյուղից դուրս հանել, Եղիշ պապը պատասխանեց, որ հարսներին զգուշացրել են՝ երեխաների մոտ ամեն բան չխոսեն, չպատմեն, հանկարծ չասեն՝ «էս ա թորքը կյալիս ա», որ հանկարծ չվախենան: Գյուղացիների մտքով չի էլ անցնում գյուղը թողնելու մասին:
«Սահմանին կռվող մեր զինվորները, մեր էրեխեքը պետք ա իմանան, որ մենք ստեղ ենք՝ գյուղում ենք, որ իրանց կողքին ենք, ու հանգիստ լինեն, ոչ մի տեղ էլ չենք գնալու: Իրանք դիրքերում մեզ են պաշտպանում, մենք ստեղ՝ իրանց»,- ասաց Եղիշ պապը՝ ամենայն հանգստությամբ շարունակելով մշակել իր հողը:
Եղիշ պապը համաձայնեց լուսանկարել իրեն՝ պայմանով, եթե իր տուն գնանք ու գոնե մեկ բաժակ սուրճ խմենք: Մենք շտապում էինք և չէինք կարող ընդունել իր հրավերը:
Գյուղի կանայք էլ, թեև անհանգիստ էին, սակայն միաբերան ասում էին՝ «Ճակատագիր ա», և չեն պատրաստվում լքել իրենց գյուղը, տունը:
Բանաձորից շարժվեցինք դեպի Ջեբրաիլ՝ առաջնագիծ և զինվորական հոսպիտալ:
Ավելացնենք, որ Բանաձորը ժամանակին՝ ԽՍՀՄ տարիներին, ունեցել է ավելի քան 1000 բնակիչ և Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցել է 144 զոհ: Գյուղում զոհերի հիշատակին տեղադրված արձանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով ավերվել էր, և գյուղապետ Կամո Մուսայելյանն այն վերականգնել է մետաղյա կոնտրուկցիաներով:
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ