Հայաստանի պարտքը
Շաբաթվա տնտեսական կարևոր տեղեկատվությունը, ինչքան էլ տարօրինակ լինի, հիմքում քաղաքական էր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ սկսում է ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի գործընթաց: ՀՀ պետական պարտքը վաղուց հասարակական ուշադրության խնդիր չի եղել: Պետական պարտքի քիչ թե շատ հասարակական մասշտաբի առաջին քննարկման փորձը 1998 թ. էր: Իշխանափոխությունից հետո այդ ժամանակ վարչապետ Արմեն Դարբինյանը վարկերի իրացման ծրագրերի գրասենյակներին պարտադրեց հաշվետվություններ ներկայացնել խորհրդարանին:
Դա առաջին և, ցավոք, վերջին դեպքն էր, երբ գործադիր իշխանությունը փորձեց վարկ առ վարկ հաշվետվություն ներկայացնել երկրի արտաքին պարտքի մասին: Պետք է արձանագրել, որ այդ գործընթացն ուղեկցվեց բազում տեխնիկական թերություններով: Նախ՝ հաշվետվության միասնական ձև չէր ընդունվել: Հետևաբար՝ յուրաքանչյուր գրասենյակ իրեն ձեռնտու եղանակով հաշվետվություն ներկայացրեց: Ամեն գրասենյակ թաքցրեց այն, ինչ կարևոր էր համարում:
1998-ի խորհրդարանն էլ շահագրգիռ քննարկումներ չանցկացրեց: Քաղաքական իրավիճակն էլ, իր հերթին՝ նպաստավոր չէր. բոլորը պատրաստվում են եկող տարվա ընտրություններին: Այդպես մոտ մեկ տասնամյակով մարեց հետաքրքրությունը ՀՀ պարտքի և, հատկապես՝ արտաքին պարտքի նկատմամբ: Հետաքրքրության պակասն ինչ-որ առումով համապատասխանում էր տնտեսական իրավիճակին:
Պարտքը շատ դանդաղ, համարյա սողալու ընթացքով էր մեծանում: 1994թ. մինչև 2008թ. ներառյալ պարտքը հասավ 1 մլրդ 900 մլն դոլարի ցուցանիշին: Երկրի պարտքի նկատմամբ հասարակական ուշադրության բռնկման երկրորդ և վերջին դեպքն արձանագրվեց 2010-ին: Երկրագնդի վրա մոլեգնում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Իսկ մեր իշխանությունները, եթե հիշում եք, համարյա վստահության չափ հույս ունեին, որ այն կշրջանցի մեզ:
Երբ ամփոփվեցին 2010թ. տնտեսական ցուցանիշները, պարզվեց, որ երկու տարում մեր երկրի պարտքը կրկնակի աճել էր` կազմելով 3 մլրդ 800 մլն դոլար: Այդ պահին բոլորը մի թեթև անհանգստացան: Երկրի տնտեսությունը կրճատվում էր: Տնտեսական իշխանությունները դա բացատրում էին համաշխարհային տնտեսական անբարենպաստ շորշոփներով: Բայց փոխարենը՝ շարունակում էր աճել պարտքը: Խորհրդարանը, ինչպես միշտ, քննարկում ու հայտարարում էր կատարվածի անթույլատրելիության մասին: Քննարկում ու ամեն անգամ հաստատում էր կառավարության հերթական վարկային նախագիծը: Ասել, թե հետո երկրի պարտքի նկատմամբ որևէ հետաքրքրություն կար՝ չափազանցություն կլինի: Որովհետև երկրի պարտքն այլևս թռիչքաձև փոփոխությունների չենթարկվեց:
Բայց այն դանդաղ (ինչ-որ իմաստով՝ շատ դանդաղ), բայց հարաճուն աճում էր: 2011թ. ՀՀ պարտքը կազմեց 4,1 մլրդ դոլար: 2012-ին՝ 4,3 մլրդ, 2013-ին՝ 4,6 մլրդ դոլար: Իսկ ա՛յ, 2014-ին պարտքը մի փոքր նվազեց՝ դառնալով 4,4 մլրդ դոլար: Կառավարությունը սկսեց խոսել այն մասին, որ շատ զգուշավոր, համարյա բծախնդրության աստիճանի զգուշավոր է դարձել վարկ վերցնելու հարցում: Բայց շատերը շտապեցին եզրակացնել, որ միջազգային ֆինանսական կառույցներն ու վարկատու երկրներն են զգուշավոր դարձել մեր նկատմամբ: Այսինքն՝ մեր վարկ մարելու հնարավորությունն արդեն մոտեցել է ռիսկային գնահատվելու ցուցանիշին:
Հետևաբար՝ մեզ համար այլևս դժվար է լինելու վարկ վերցնելը: Ավելի ճիշտ՝ դժվար է լինելու որևէ մեկին համոզել, որ մեզ վարկ տա: 2015թ. վերջում պարզվեց, որ ՀՀ պարտքը կազմում է 4,7 մլրդ դոլար: Կառուցվածքային առումով պատկերն այսպիսին է՝ ՀՀ կառավարության պարտքը կազմում է մոտ 4,2 մլիդ դոլար, ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը մոտ 505 մլն դոլար է: Երկրի պարտքի մասին մեկ տվյալ էլ է դիտարկման արժանի. 4,7 մլրդ դոլար պարտքի մոտ 85 տոկոսը մարվելու է կայուն տարադրամով, իսկ 15 տոկոսը՝ ՀՀ դրամով:
1990-ականներից հետո տնտեսագիտությունը փոխել է պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները: Այսօր տնտեսագիտության ոլորտում մասնագիտացողները չգիտեն էլ, որ 90-ականներին ՀՆԱ-ի 40 տոկոսի չափ պարտք ունենալը համարվում էր ռիսկային, իսկ 50 տոկոսի գերազանցումը համարյա անհույս էր ձևակերպվում: Հիմա նույնիսկ զարգացած երկրներ կարելի է գտնել, որոնց պարտքը գերազանցում է ՀՆԱ-ն, նույնիսկ՝ մեկից ավելի անգամներ: Հետևաբար՝ կարելի է խոսել այն մասին, որ երկրի պարտքի ծավալի թույլատրելիության չափն ինչ-որ իմաստով քաղաքական է: Շատ ավելի կարևոր է պարզել, թե ի՞նչ ծրագրերի համար են ներգրավվել վարկերը, ո՞վ է որոշել այդ ծրագրերի առաջնահերթությունը, և ինչպե՞ս են ծախսվել ներգրավված միջոցները:
Զուտ այս առումով զարմանալի չէ, որ երկրի քաղաքական կազմակերպություններից մեկն առաջարկում է հասարակական քննարկումներ սկսել պարտքի անկախ աուդիտ անցկացնելու հանձնաժողով ստեղծելու մասին: Իսկ այդ հանձնաժողովը պատասխանելու է երեք հարցի:
Առաջին՝ պարզել «պարտքի գոյացման հիմքերը»: Իսկապես մեկ-երկու վարկային պայմանագրի վավերացման գործընթաց վերլուծության կարիք ունի:
Երկրորդ՝ «Վերլուծել վարկային միջոցների ներդրման արդյունավետությունը»: Իսկապես մեր հասարակությունը երբեք չի արժանացել որևէ վարկի ներդրման անկախ փորձագիտական վերլուծության: Միշտ գերիշխող է եղել հասարակական այն կարծիքը, որ մեր իշխանություններն ում կարողացել են համոզել՝ հենց նրանից էլ փող են վերցրել, և երբեք կարևոր չի եղել, թե ինչ ծրագրի համար են դա անում:
Երրորդ կետն ավելի ամբիցիոզ է. «Մշակել իրավիճակի շտկմանն ուղղված հնարավոր քայլերի ծրագիր»: Եթե այս երեք կետերն իրագործվեն բարեխիղճ մակարդակում, լուրջ փաստաթուղթ կունենանք: Գոնե տեսական մակարդակում: Անկախ իշխանությունների կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի վերաբերմունքից: