
Արդյո՞ք Ոստիկանության գվարդիային տրամադրված հատուկ տեխնիկան նորություն է համակարգի համար

Կառավարության որոշմամբ, 2025 թվականի նոյեմբերի 1-ից հակաահաբեկչական գործողությունների դեմ Ոստիկանության գվարդիան կպայքարի նաև ԲՏՌ-80, ԲՌԴՄ-2 զրահափոխադրիչներով։
Համապատասխան նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի համաձայն՝ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա:
Նշվում է, որ նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։
Նշենք, որ ԲՌԴՄ-2 զրահափոխադրիչը, որը ԲՌԴՄ-1 զրահափոխադրիչի արդիականացված տեսակն է, և որը ՀՀ զինված ուժերի զինանոցում է եղել դեռ նախկին իշխանությունների օրոք, ծանոթ է Ոստիկանությանը:
2016 թվականին Հայաստանում ՀԱՊԿ անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որտեղ, ըստ սցենարի, «ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվել են գրոհայինների դեմ»:
Ավելին, 2011 թվականին Ոստիկանության սպառազինության ցանկի վերաբերյալ Կառավարության որոշում էր հրապարակվել էր, որտեղ նշված էին ոչ միայն ԲՌԴՄ-1, 2–ը, այլև ԲՏՌ-70, 80, ԲՏՌ-60ՊՈՒ–ն:
Ինչպես նշեցինք, այս զրահափոխադրիչները եղել են և, ըստ էության, կան նաև ՀՀ զինված ուժերի զինանոցում: Մասնավորապես, դեռ 2014 թվականին «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցից հայտնի էր դարձել, որ 2012թ. Հայաստանը Ռուսաստանից գնել է 110 միավոր ԲՏՌ-80 զրահափոխադրիչ, ինչի մասին նշվել էր նաև ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների զեկույցում:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը հայտնել էր, որ զրահափոխադրիչների մատակարարումը կատարվել է 2013թ., իսկ դրանց համար հայկական կողմը վճարել էր մոտ 30 մլն դոլար (մոտ 270 հազար դոլար՝ մեկ միավորի համար):
Իսկ 2023 թվականին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին մատակարարել Bastion տիպի մոտ 50 զրահամեքենա, ավելի ուշ տեղեկություններ շրջանառվեցին, որ հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված զրահամեքենաների մի մասն արդեն Հայաստանում է: Արդյոք ինչ-որ պահի ՀՀ զինված ուժերը կհրաժարվե՞ն ռուսական զրահափոխադրիչներից, եթե դեռ չեն հրաժարվել՝ ցույց կտա ժամանակը: