
«Ինքնակամ եմ թողել պաշտոնը, ինձ էլ է «պաուզա» պետք». Պարոնյան թատրոնի տնօրենը հեռացել է պաշտոնից, ԺՊ է նշանակվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատակիցը

2002 թվականից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Կարո Շահբազյանն արդեն մի քանի օր է՝ այլևս թատրոնի տնօրեն չէ։ Նրա փոխարեն՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Պետրոսյանը։
Հուլիսի 23-ին Լիլիթ Պետրոսյանին թատրոնի անձնակազմին ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ 2024 թ․ մարտ ամսից մինչ այժմ նա աշխատել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում՝ որպես Արվեստների կլաստերի համակարգող։
Նրա նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։
168.am-ը Կարո Շահբազյանից հետաքրքրվեց՝ ԿԳՄՍ նախարարությունի՞ց են հորդորել ազատման դիմում գրել, թե՞ սեփական նախաձեռնությունն է եղել, հատկապես այն դեպքում, երբ թատրոնի անձնակազմը մշտապես գոհ է եղել իր կատարած աշխատանքից, պաշտոնից հեռանալը կապվա՞ծ է իր ընդդիմադիր քաղաքական հայացքների հետ։
«Հորդոր չի եղել, ես ինքնակամ եմ թողել պաշտոնը, իմ պաշտոնավարման 24 տարին լավ է եղել, թե վատ, ես չեմ դատողը, ինքնակամ եմ թողել պաշտոնը։
Մի քիչ ինձ էլ է «պաուզա» պետք, գուցե դրանից հետո այլ բան որոշեմ»,- նշեց Կարո Շահբազյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ դադարից հետո կրկին վերադառնա որևէ թատրոն, Կարո Շահբազյանը պատասխանեց՝ դեռևս չգիտի։
«Ինչպես մեր մեծերից մեկն է ասել և շատ ճիշտ է ասել՝ «կյանքն ավելի կլոր է, քան երկրագունդը»»,- հավելեց նա։
Ճշտող հարցին՝ այդուամենայնիվ քաղաքական հայացքները պաշտոնից հեռանալու պատճառ եղե՞լ են, Կարո Շահբազյանը պատասխանեց.
«Իմ հայացքները միշտ է եղել, չեմ էլ թաքցրել, բայց ոչ՝ ինքս եմ որոշել։ Այս պահին թատրոնում անելիք չունեի, բայց ապագայում գուցե ունենամ»։
Նշենք, որ Կարո Շահբազյանը Պարոնյան թատրոնի 24-րդ տնօրենն է, նա պաշտոնը ստանձնել էր 2002 թվականի հունիսի 27-ից։