
Սլովենիան ԵՄ-ում առաջինն արգելել է զենքի առևտուրն Իսրայելի հետ

Սլովենիան Եվրամիության պետություններից առաջինն է, որն ամբողջությամբ արգելել է զենքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը դեպի Իսրայել և այդ երկրից: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Սլովենիայի իշխանություններն այս որոշումը բացատրել են այն բանով, որ Գազայի հատվածի բնակիչները կանոնավոր կերպով չեն ստանում հումանիտար օգնության հնարավորություն, և որ ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն հակամարտության հարցում:
Սլովենիայի կառավարությունում օգոստոսի 1-ին պարզաբանել են, որ Իսրայել զենքի մատակարարման թույլտվություններ չի տալիս 2023 թ. հոկտեմբերից ի վեր, երբ տարածաշրջանում սկսվեցին ռազմական գործողությունները։ 2024 թ. հունիսին Սլովենիայի խորհրդարանը Պաղեստինը ճանաչել է որպես անկախ պետություն:
Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչը տեղական Ynet հրատարակությանը տված մեկնաբանության մեջ հայտնել է, որ Սլովենիայի որոշումն ընդունվել է «ԶԼՄ-ների համար» և «ոչ մի նշանակություն չունի», քանի որ երկրներն առանց այդ էլ միմյանցից ռազմական տեխնիկա չեն գնում:
Սլովենիայում զենքի խոշոր արտադրողներ չկան: Երկրի բանակը հիմնականում համալրված է ռազմական տեխնիկայի արևմտյան նմուշներով: Բացի այդ, 2022 թ. սեպտեմբերին Սլովենիան Իսրայելից գնել է 50 հատ Spike LR2 հակատանկային հրթիռային համակարգ:
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին, երբ արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, որը Եվրամիությունում և ԱՄՆ-ում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ահաբեկչական հարձակում իրականացրեց Իսրայելի վրա՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով՝ ավելի քան 250-ին։ Ի պատասխան դրա՝ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին, որի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 60 000 մարդ։
Շարունակվող պատերազմի և Գազայում հումանիտար ճգնաժամի ֆոնին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան հայտարարել են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Պաղեստինը որպես պետություն ճանաչելու իրենց մտադրության մասին: