«Անձրևատարների վիճակը քաղաքում խիստ վատ է». Աբովյանի քաղաքապետ

Չնայած ձմեռն արդեն նահանջել է, բայց աբովյանցիների համար ձյան հետևանքով առաջացած խնդիրների դեմ պայքարը դեռ շարունակվում է: Այս օրերին ձնհալի և հորդառատ անձրևների հետևանքով՝ Աբովյան քաղաքի մի շարք փողոցներ հետիոտնի համար անանցանելի են դարձել:

«Այսօր երեխայիս ստիպված եղա դպրոց տանել տաքսիով. ճանապարհները ծածկված են անձրևաջրերով, և նույնիսկ ակրոբատիկ հնարքների տիրապետողների համար փողոցներն անհաղթահարելի են: Ոտքով գնալու դեպքում երեխաս պետք է 6 ժամ դպրոցում թաց ոտքերով անցկացնի, հետո հիվանդանա, ու հազար գլխացավանք ստեղծվի: Սա ուղղակի խայտառակություն է, և ամենասարսափելին երևի այն է, որ մենք արդեն ընտելացել ենք այս վիճակին»,- վրդովված պատմում է քաղաքի բնակչուհի Օվսաննան:

Ի տարբերություն Օվսաննայի, ով ընտելացել է քաղաքի՝ անձրևաջրերից լճացած փողոցներին, քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող խանութներից մեկի վաճառողուհին, 4 տարի աշխատելով այդտեղ, այդպես էլ չկարողացավ հարմարվել դրան:

«Խանութ բերող ճանապարհն ամբողջովին ջրածածկ է, և հաճախորդները խանութ չեն գալիս, որովհետև ստիպված են լինում մեծ պտույտ կատարել՝ առանց տհաճությունների այստեղ հասնելու համար»,- պատմում է վաճառողուհին:

Կարդացեք նաև

Խնդրի մասին խոսեցինք Աբովյան քաղաքի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ. նա ընդունեց, որ քաղաքի անձրևատարների վիճակը խիստ վատ է: «Ջրահեռացման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, քանի որ հին է ու, կարելի է ասել, ժամկետանց: Դեռևս խորհրդային ժամանակներից գործելով և տարիների ընթացքում մաշվելով՝ ջրահեռացման համակարգն այլևս անկարող է տալ սպասված ու դրական արդյունքը: Անձրևատարները պարբերաբար մաքրվում են, սակայն, քանի դեռ խնդրի իրական պատճառը հաղթահարված չէ, արդյունքները խիստ համեստ են»,- նշեց քաղաքապետը:

Քաղաքապետ Վահագն Գևորգյանի խոսքով՝ անձրևատարների մաքրման աշխատանքներն իրականացվում են քաղաքի կոմունալ տնտեսության աշխատակիցների կողմից, բայց երբեմն Ջրմուղ-կոյուղին ևս հանդես է գալիս օժանդակողի դերում: Նա նաև նշեց, որ Աբովյանի համայնքապետարանն իր ուշադրությունը կենտրոնացրել է քաղաքացիներին զգալի անհարմարություններ պատճառող այս խնդրի լուծման ուղղությամբ, և խոստացավ, որ 2016թ. համայնքի բյուջեից անձրևատարների և ջրահեռացման համակարգի վերանորոգման համար կենսունակ ֆինանսական միջոցներ կհատկացվեն, ինչպես նաև կփորձեն այդ աշխատանքներում ներգրավել միջազգային կազմակերպություններին ևս՝ խնդրի շուտափույթ լուծման համար:

Գոհար Ջուլհակյան

 

Տեսանյութեր

Լրահոս