«Ելքը մեկն է, որ քաղաքական իրավիճակն այսօր կարգավորվի Ռուսաստանում, և ոչ միայն` Ռուսաստանում»
Մեր զրուցակիցն է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, Ռուսաստանում արժութային խնդիրների հետ կապված՝ ՀՀ-ՌԴ առևտրի ծավալները նվազել են, և ՀՀ-ն ավելի շատ ներկրում է Ռուսաստանից, քան արտահանում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– Դա ռուբլի-դոլար փոխարժեքի տատանումների հետ է կապված, որ մեր գործարարներին պարզապես ձեռնտու չէ ռուբլով արտահանել իրենց ապրանքները: Բանակցությունները գնում են, կարծում եմ, կկարգավորվի, որովհետև երկար չի կարող այսպես շարունակվել:
– Ելքն ինչպե՞ս եք տեսնում այս իրադրությունից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Արևմուտքը դեռևս միայն երկարացնում է, և հաշտեցման եզր չի երևում:
– Ելքը մեկն է, որ քաղաքական իրավիճակն այսօր կարգավորվի Ռուսաստանում, և ոչ միայն՝ Ռուսաստանում: Պատժամիջոցների երկարացնելը ոչ միայն Ռուսաստանի վրա է բացասական ազդում, այլև մի շարք եվրոպական երկրների, որոնց գործարարները խնդիրը բարձրացնում են, որովհետև իրենց մոտ էլ ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեծ ծավալներով ընկել է, քանի որ նրանց հիմնական շուկան ևս Ռուսաստանն է, որն էլ իր հերթին՝ էմբարգո է կիրառել եվրոպական ապրանքների նկատմամբ: Այսօր իրենց մոտ էլ են խնդիրներ առաջացել, և սա ընդհանուր խնդիր է, պետք է ընդհանուր ենթատեքստով նայել, և, ի վերջո, պետք է նստեն կլոր սեղանի շուրջ և այդ խնդիրներին լուծում տան: Այնպես չէ, որ այս ամենն ազդում է միայն Հայաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանը՝ որպես մեր ամենամեծ շուկա, որպես գործընկեր՝ ապրանքատեսակների կարևոր շուկա է, և մեխանիկաբար այդպես պետք է լիներ, մինչև հարցերը կարգավորվեն:
– Եվրոպական ուղղությամբ ի՞նչ հնարավորություններ կան հայ արտահանողների համար:
– Մենք իրականացնում ենք «Իստ ինվեստ» ծրագիրը՝ Եվրոպական գործընկերության շրջանակներում: Ոչ միայն հայ գործարարների ուսուցանում ենք իրականացնում Եվրոպայում իրենց ապրանքներն արտահանելու հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և այլնի վերաբերյալ, այլ նաև այսօր նրանք հնարավորություն ունեն, և արդեն իսկ շուրջ 30 ընկերություններ մասնակցել են Եվրոպայում տարբեր ցուցահանդեսների՝ առանց որևէ գումարի:
– Միայն ցուցահանդեսները բավարա՞ր են՝ ըստ Ձեզ:
– Պալատն ամեն դեպքում իր հնարավորության սահմաններում է կարողանում աշխատել: Մենք այդպես բյուջեներ չունենք, ոչ էլ՝ մեծ գումարներ, որ վարկեր տանք: Մենք ընդամենը քաղաքականություն ենք իրականացնում, ճանապարհ ենք ցույց տալիս, փորձում ենք պայմանագրեր կնքել, և այս առումով ամեն դեպքում գոնե որպես հասարակական կառույց՝ մեր եղած հնարավորություններով աջակցում ենք: