Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի աշխարհահռչակ Բոդլիան գրադարանը կհյուրընկալի «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով ցուցադրությունը

Աշնան գալու հետ միասին՝ ակտիվանում է նաև մշակութային և կրթական կյանքը Մեծ Բրիտանիայում: Տարվա ամենակարևոր և սպասված իրադարձություններից մեկը կարելի է համարել երկարատև ընդմիջումից հետո աշխարհի ամենահին ու հանրահայտ գրադարաններից մեկի՝ Բոդլիան գրադարանի բացումը:

Օքսֆորդի համալսարանի սրտում տեղակայված այս կարևոր կրթական կենտրոնը հիմնվել է 1602թ., սակայն արմատները դեռևս 14-րդ դարի խորքերում են: Գրադարանը՝ ավելի քան 11 միլիոն գրքերով, իր մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում:

Մեզ՝ հայերիս համար, հատկապես պատվաբեր է, որ վերանորոգումից հետո կազմակերպված առաջին ցուցադրությունը նվիրված է Հայաստանին ու հայ մշակույթին: Հոկտեմբերի կեսերից մինչև 2016թ. փետրվար Բոդլիանը կհյուրընկալի «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 2015-ը նաև հիշարժան տարի է Օքսֆորդի համալսարանի համար, քանի որ նշվում է ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ բացված Հայագիտական կենտրոնի 50-ամյակը:

Anglia23

Կարդացեք նաև

Այս կարևոր ձեռնարկի կազմակերպման նախաձեռնողն ու հիմնական հովանավորն է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Ցուցադրության համակարգողներն են Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Թեո վան Լինտը և Բոդլիանի գրադարանավար Ռոբին Մեյերը: Պատվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցուցահանդեսի կազմակերպիչները նպատակ ունեն այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական և գրական կոթողներից՝ մինչև աշխարհասփյուռ հայկական համայնքների ու առևտրականների թողած ժառանգությունը:

Ցուցադրության կենտրոնական մեխը կլինեն հայտնի 17-րդ դարասկզբի մանրանկարիչ Մեսրոպ Խիզանեցու ծաղկած հիասքանչ Ավետարանը և նրա աշակերտ Հակոբ Ջուղայեցու ձեռագրերը, ինչպես նաև հայկական առաջին տպագիր գրքերի օրինակները:

Anglia1

Հիմնական թեման, այնուամենայնիվ, կլինի Հայոց ցեղասպանության պատմությունը: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք նկարագրելու են Ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի ամենօրյա տնային, մշակութային և կրոնական կյանքը՝ անհատական պատմություններով հանդերձ: Կներկայացվի նաև Մեծ եղեռնի մասին անդրադարձը ժամանակակից գրականությունում, մասնավորապես՝ Հրանտ Դինքի, Էլիֆ Շաֆակի և Ֆեթիյե Չեթինի գործերում:

Anglia

Ցուցադրությանը զուգահեռ՝ կկազմակերպվեն դասախոսություններ և քննարկումներ, ինչպես նաև՝ համերգներ:

Նման կարևոր նախաձեռնությունը, վստահաբար, իր ազդեցությունը կունենա բրիտանական լայն հասարակության և հատկապես՝ միջազգային ուսանողական շրջանակում, Հայաստանի պատմության և մշակույթի ու Հայոց ցեղասպանության մասին իրազեկմանն ու ճանաչողության մակարդակի բարձրացմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս