Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով մայիսի 10-ին Ալմաթիում տեղի ունենալիք հայ-ադրբեջանական բանակցություններին, զգուշավոր լավատեսություն է հայտնել դրանց արդյունքների վերաբերյալ։
Այս մասին նա խոսել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ուզում եմ կրկին խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությունը վերահաստատել։ Մենք անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումն իսկապես բխում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի և երկու ժողովուրդների շահերից։ Ուզում եմ նաև զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի կողմից հնչած տեսակետին, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի փաթեթների փոխանակումը նմանվում է «պինգ-պոնգի» դիվանագիտության՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց․
«Այդ նույն պինգ-պոնգ դիվանագիտության շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների շուրջ, և նաև դուք գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ՝ մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և, ըստ էության, սկսել են սահմանազատման գործընթացը, համաձայնության են եկել սկզբունքի շուրջ, մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ։ Օրինակ՝ ամենակարևորը, որ երկու երկրները փոխադարձաբար վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և նաև սահմանազատումը պետք է տեղի ունենա այդ հռչակագրին համապատասխան։ Ինչպես նշեցի, սա արտացոլված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում, և պայմանավորվածություն կա արտացոլել սա սահմանազատման գործընթացին վերաբերող կանոնակարգի հիմքում»,- ընդգծեց նախարարը։
Անդրադառնալով Ալմաթիում սպասվելիք բանակցություններին և դրանց հեռանկարներին՝ Միրզոյանը հույս հայտնեց, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ կհաջողվի համաձայնության հասնել և այս նույն դրույթները հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում։
«Կարող եմ ասել, որ դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ կան հարցեր, որոնցից են, օրինակ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որում կողմերը լիարժեք փոխըմբռնում չունեն, բայց ունեն Հայաստանի շահագրգռվածությունը բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության սկզբունքներին համաձայն։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):