ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալներ փոխանակելիս փոխգործակցության համաձայնագիրը։ 2023 թվականի հունիսին Սոչիում ստորագրված փաստաթուղթը մայիսի 6-ին հրապարակվել է իրավական ակտերի հարթակում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Համաձայնագիրը նախատեսում է ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման լիազոր մարմինների փոխգործակցության կազմակերպում, ԱՊՀ պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրում և ստացում, համաձայնագրի մասնակիցների տարածքում, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքից ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային տեղափոխման առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում տվյալների փոխանակում։
Փաստաթղթի գործողությունը տարածվում է միայն մոնիթորինգի պետական համակարգերի տվյալների վրա և չի վերաբերում այն տեղեկատվությանը, որն ստացվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների արդյունաբերական հարթակներից։ Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում նաև այն տվյալների փոխանակումը, որոնք պետական գաղտնիք են կազմում։
Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները: