Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիմոլոգիան գիտություն է միջպետական ու ադմինիստրատիվ սահմանների մասին:

Դասական լիմոլոգիայի համաձայն՝ միջպետական սահմանը պետք է որոշվի նաև ըստ դրա գենեզիսի: Գրականության մեջ դա կոչվում է սուբսեկվենտ սահման, որը ձևավորվում է էթնոմշակութային արեալի հիման վրա: Այս սկզբունքի հիման վրա է ժամանակին անցկացվել Քերզոնի գիծը՝ լեհական և ոչ լեհական բնակչության միջև, կամ Ռեդքլիֆի գիծը՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև: Առաջինի դեպքում հաշվի է առնվել էթնիկ կազմը, երկրորդի՝ կոնֆեսիոնալը:

Ըստ գերմանացի աշխարհաքաղաքագետ Կառլ Հաուսհոֆերի՝ եթե դեմարկացիայի ժամանակ հաշվի չեն առնվում էթնիկ, մշակութային, քաղաքակրթական ասպեկտները, ապա դրա արդյունքում անցկացված սահմանները կրում են արհեստական բնույթ ու էսկալացիոն ներուժ են պարունակում:

Հաուսհոֆերն առաջարկում էր դիտարկել միջպետական սահմանը ոչ միայն կենսաաշխարհագրական ու քաղաքական, այլ նաև հոգեբանական համատեքստում՝ այն, ինչը անտեսում է այսօր պաշտոնական Երևանը:

Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան: Թշնամուն հանձնվող հայկական գյուղերը միշտ մեր օյկումենայի մաս են կազմել: Դրանցից հրաժարվելը ոչ միայն ռազմավարական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար (ինչի մասին բազմիցս խոսվել է), այլև էապես նվազեցնում է մեր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը:

Ժամանակակից աշխարհում, որում աշխարհաքաղաքականության հարացույցը փաստացի գերակա դիրք է զբաղեցնում իրավունքի հարացույցի նկատմամբ, այս մոտեցումը պետք է առանցք հանդիսանա յուրաքանչյուր ազգային պետության համար»:

Տեսանյութեր

Լրահոս