ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
Եվրամիությունը 2024 թվականին Կիևում կբացի ռազմական նորարարությունների իր գրասենյակը՝ ռազմական արդյունաբերության բնագավառում համագործակցության զարգացման նպատակով: Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ելույթ ունենալով ԵՄ-Ուկրաինա պաշտպանական արդյունաբերության համաժողովի բացմանը։
«Մենք Կիևում կբացենք Եվրոպայի ռազմական նորարարությունների գրասենյակ՝ կամուրջ ստեղծելու եվրոպական նորարարական ստարտափների և Ուկրաինայի զենքի արտադրության ձեռնարկությունների և ուկրաինական բանակի միջև, որպեսզի եվրոպական ձեռնարկությունները կարողանան օգնել ուկրաինական բանակին մարտի դաշտում», – Բրետոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Եվրահանձնակատարը նաև հայտարարել է, որ մտադիր է 2025 թվականին արկերի տարեկան արտադրությունը հասցնել մինչև 2 միլիոնի և շարունակել արտադրության ընդլայնումը։
«Ես աշխատում եմ այն ուղղությամբ, որ եվրոպական տնտեսությունն անցնի ռազմական ռեժիմի, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ արտադրել և Ուկրաինային զենք մատակարարել այսօր և ապագայում», – հայտարարել է Բրետոնը։
Վերջին 10 ամիսներին, եվրահանձնակատարի խոսքով, ԵՄ-ն 500 մլն եվրո է ներդրել արդյունաբերական նախագծերում՝ հասնելով տարեկան 1 միլիոն արկերի արտադրության։