ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ն Իրանի Սպահան քաղաքում։
Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների միջազգային խորհրդաժողովի անցկացման նախաձեռնողներն են Իրանի միջուկային ասոցիացիան և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, ըստ IRNA-ի հրապարակման, խոստացել է համագործակցել դրա կազմակերպման հարցում։