ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,- նշել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այստեղ հետաքրքիրը ոչ թե պետական լրատվամիջոցին տրված պատասխանի անհեթեթությունն է, այլ այն, թե ով է հնչեցրել այդ պատասխանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ՀՀ կառավարության ստորաբաժանում է, պետական կառավարման մարմին, որն օրենքով և նորմատիվային ակտերով պարտավոր է զբաղվել ՀՀ կառավարության, վարչապետի, պետական գերատեսչությունների աշխատանքի լուսաբանմամբ, նրանց վերաբերող հարցերի պարզաբանմամբ և այլն։ Այս վարչության գործունեությունը կանոնարկարգող որևէ իրավական ակտում հնարավոր չէ գտնել որևէ ձևակերպում, որի համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն իրավունք ունի կամ պարտավոր է արձագանքել Հայաստանում գործող որևէ կուսակցության, այդ թվում՝ իշխող կուսակցության վերաբերյալ տեղեկություններին։
Այսքանը վստահաբար հասկանում են և այդ վարչությունում, և նրանց հրահանգ տվողների շրջանում։
Հետևաբար՝ մնում է ենթադրել, որ կամ ՔՊ-ում՝ համարձակության կամ գրագիտության բացակայության պատճառով մի «կենդանի գրագիր» չի գտնվել, կամ Նիկոլ Փաշինյանն այսպիսով հերթական անգամ ցույց է տալիս, որ թքած ունի Սահմանադրության և օրենքների վրա ու, որ ինքը ղեկավարում է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ կուսակցապետությունը։
Ամեն դեպքում, այս պատասխանով Նիկոլ Փաշինյանը մատնում է իր խուճապն ու վախերը։
Պարզապես այնքան էլ կոռեկտ չէր լինի պետական լրատվամիջոցով հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է։