«Այո, Ադրբեջանը կարող է օգնության ձեռք մեկնել Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար, բայց դա չեզոքացնելու հնարավորություններն էլ կան…». Տաթևիկ Հայրապետյան
Երրորդն օրն է՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան։ Ինչպես հայտարարվել է նախապես՝ երթի մասնակիցները Երևան կհասնեն մայիսի 9-ին։
Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունը և իշխանամերձ շրջանակները մեղադրանքներ են հնչեցնում շարժման մասնակիցների հասցեին՝ ասելով, թե նրանք Ադրբեջանին հրահրում են պատերազմ սանձազերծելու համար, ավելին՝ Բագրատ Սրբազանին համարում են «ռուսական ԿԳԲ-ի ագենտ»։
Չնայած այս ամենին, ՀՀ իշխանությունը սահմանազատման գործընթացը Տավուշի մարզում շարունակում է, ապրիլի 29-ին Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է արդեն 35 սյուն։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը մեկնաբանելով իշխանությունների կողմից տարածվող այն թեզը, որ մեկնարկած շարժումը կարող է Ադրբեջանին ստիպել պատերազմ սկսել Հայաստանի դեմ, նախ ասաց, որ Փաշինյանի հեռացման հարց առնվազն այս պահին հնչեցված չէ շարժման առաջնորդների կողմից, ապա նկատեց, որ իրականում պատերազմի սպառնալիքով ՀՀ-ում բազմաթիվ պրոցեսներ ու գործընթացներ կասեցնելու գործիքը բավականին ուժեղ գործիք է իշխանությունների ձեռքին։
«Այս թեման շատ է շահարկվում ու մանիպուլացվում։ Ինքս իմ հրապարակային խոսքում բազմիցս ասել եմ, որ իրականում Փաշինյանը նվեր է Ադրբեջանի համար, որովհետև այն քաղաքականությունը, որը նա վարում է, ոչ թե բխում է Արևմուտքի, արևելքի, հյուսիսի կամ հարավի շահերից, այլ բացառապես բխում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից։ Մի կողմից՝ այդ միակողմանի զիջողական քաղաքականությունն է նրանց շահերից բխում, մյուս կողմից՝ այն հսկայական քարոզչությունը, որն իշխանությունն անում է՝ ստեղծում են Ադրբեջանի գոյություն չունեցող կերպար։ Դրա համար օգտագործում են Հանրային հեռուտաընկերությունը, տարբեր մեդիա ռեսուրսներ, որպեսզի մարդիկ չիմանան, թե Ադրբեջանն իրականում ինչպիսին է։ Դա այն Ադրբեջանն է, որը մի քանի ամիս առաջ փաստացի բլոկադայի մեջ էր պահում 120 հազար արցախահայերի, հետո էլ իրականացրեց նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություն՝ նրանց Արցախից դուրս հանելով»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում իշխանությունը փորձում է ներկայացնել մի Ադրբեջան, որի ագրեսիվ նկրտումներին ի պատասխան՝ կարող են ընդամենը ծառեր տնկել։ Սա ուղղակի ծաղր է այն իրականության հանդեպ, որը կա։
Փորձագետը հիշեցրեց, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը 30 զորավարժություն ու վարժանք է անցկացրել՝ համատեղ ու անհատական, որոնց մեծ մասը եղել է Հայաստանի սահմանների երկայնքով։
«Այս իրականության մեջ ներկայացնել, թե մենք այս բլուրը կամ դիրքը զիջում ենք, իսկ դուք կարող եք ծառեր տնկել, հետո խաղաղ կապրեք, կրկնում եմ՝ ուղղակի ծաղր է հայ հանրության նկատմամբ։
Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին, ապա, այո, ես ընդունում եմ, որ Ադրբեջանը կարող է օգնության ձեռք մեկնել Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար, բայց դա չեզոքացնելու հնարավորություններն էլ կան, եթե, իհարկե, դրվի Փաշինյանի հեռացման խնդիր»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև պատերազմի վտանգը մեծ է, եթե իսկապես պատերազմ լինի, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ Իրանի հարցերով փորձագետ չէ, որպեսզի գնահատի ռիսկերը, սակայն կարծում է, որ հաշվի առնելով առնվազն վերջին զարգացումները և լսելով իր գործընկեր իրանագետների վերլուծությունները, իրանական կողմը, նաև հավաքական Արևմուտքը հակված չեն իրավիճակի էսկալացիայով։ Չնայած ամեն ինչ կարող է զարգանալ ժամերի ընթացքում, ինչպես լինում է վերջին տարիներին ամբողջ աշխարհում։
«Իհարկե, ռիսկերը մեծ են լինելու Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար, սա փաստ է։ Ինձ համար նաև փաստ է, որ նույն Ադրբեջանը որքան էլ փորձում է կոծկել դա, նա գլխավոր պլացդարմ է Հարավային Կովկասում՝ Իրանի դեմ հնարավոր քայլերի դեպքում։ Իսրայելական կողմը տարածաշրջանում հայտնվել է հենց Ադրբեջանի օգնությամբ։ Այն տարածքները, որոնք այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ են, փաստացի այդ տարածքներից շատերում կան իսրայելական հետախուզական խմբեր»,- շեշտեց Տ. Հայրապետյանը։
Նա նաև ընդգծեց, որ այստեղ այլ վտանգավոր միտումներ է տեսնում. Հայրապետյանն ընդգծեց Արցախից ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումից հետո Ալիևի այցը Մոսկվա և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հայտարարությունները, մասնավորապես՝ Նախիջևանի հետ կապի ապահովման վերաբերյալ խոսույթը։
«Դրան զուգահեռ՝ Ալիևը երկակի խաղ է խաղում, մի կողմից՝ ինքը Ռուսաստանի հետ է փորձում պայմանավորվածություններ ձեռք բերել, մյուս կողմից՝ Արևմուտքից պահանջում է իր համար ապահովել ճանապարհ։ Ենթադրում եմ՝ Կալինինգրադի ձևաչափով, անխոչընդոտ ընթացք։ Այսինքն՝ ՌԴ-ին ասում է՝ այդ ճանապարհը ձեռք բերեք, եկեք, կանգնեք, բայց մյուս կողմից՝ իր խաղը տանում է Արևմուտքի հետ, ինչպես արեց Արցախի սցենարի դեպքում»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։