Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 27-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 27-ով և հասել է 389-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 7 քաղաքացի։ 312 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 223-ը երեխաներ են, 166-ը` մեծահասակներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք:
Այն սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է:
Նախարարությունը հիշեցնում է՝ կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով: Ըստ Պատվաստումների ազգային օրացույցի` 1-ին դեղաչափը՝ 12 ամսականում, 2-րդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում: