Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ընդամենը մի քանի օր առաջ Բաքվում ԱՄՆ դեսպան Լիբբին հարցին, թե ինչու՛ չի այցելում Շուշի, ասել էր, որ չի ուզում դառնալ ինչ որ մեկի շոուի մասնակից: Նա ասել էր, որ կայցելի Շուշի՝ երբ ժամանակը գա, բայց հիմա պատրաստ չէ անել դա:

Այսօր հանկարծ ստացվում է, որ Լիբբին տիկնոջ հետ այցելում է Շուշի: Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը»:

Անկասկած է, եկել է հանձնարարությունը Վաշինգտոնից: Հարցն այն է, թե ինչո՞ւ: Հնարավոր պատասխանները կարող են լինել շատ: Իսկ դրանց մեջ կարո՞ղ է լինել այն, որ Վաշինգտոնն այդ կերպ արտահայտում է իր դժգոհությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացից, որը, եթե ունենա հաջողություն, կբերի Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության:

Իսկ դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել իրավիճակը ապրիլի 19-ի պայմանավորվածության շուրջ: Իսկ այդ պայմանավորվածության կարեւորությունն ԱՄՆ համար վկայում է այն, որ դրա հաջորդ օրն իսկ այն ողջունել էր անձամբ պետքարտուղար Բլինքենը՝ իր գրառումով:

Իսկ հարցը ԱՄՆ համար բավականին կարեւոր է, ու այստեղ լոկ Ռուսաստանի հանգամանքը չէ: Նկատենք, Բլինքենը Ալիեւին ու Փաշինյանին է զանգահարել Պեկին այցից հետո: Իսկ Պեկին այցը եղել է մեղմ ասած ոչ այնքան արդյունավետ: Զուգահեռ, Չինաստանի նախագահն է այց սկսել Եվրոպայի երկրներ՝ Ֆրանսիա, Հունգարիա, Սերբիա:

Կովկասում դիրքային վիճակը ԱՄՆ համար դառնում է կարեւոր:

Կարծում եմ, ավելորդ չի լինի Հայաստանում ծավալվող շարժման հաղորդակցությունը ամերիկյան կողմի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս