Իշխանությունների փոխարեն լինեի, ծունկի կգայի ու տասն անգամ կաղոթեի. կանգնելու է բազմության առաջ ու մտածելու՝ ի՞նչ անի. Արթուր Գևորգյան

Արդեն երրորդ օրն է՝ Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հարյուրավոր մասնակիցներ երթով գալիս են Երևան։ Շարժման նպատակն է՝ կասեցնել այն զիջողական քաղաքականությունը, որը վարում է ՀՀ օրվա իշխանությունը։ Տավուշում իշխանությունների ակտիվ մասնակցությամբ  իրականացվող սահմանազատման գործընթացը, ըստ տավուշեցիների և բազմաթիվ փորձագետների, ոչ թե սահմանազատում է, այլ հայկական տարածքների միակողմանի զիջում  թշնամուն, և հենց դա  պետք է կանխել։

Ակնհայտ է, որ Տավուշում մեկնարկած և դեպի Երևան ուղղվող շարժումն անհանգստացնում է իշխանություններին, և մի քանի օր է՝  նրանց քարոզիչները, լրատվամիջոցները սոցիալական տարբեր հարթակներում  և իրենց կայքերում թիրախավորում են Հայ Առաքելական եկեղեցին և հատկապես  Բագրատ սրբազանին: Իրականությանը չհամապատասխանող, առանց փաստերի  տեղեկություններ են տարածում սրբազանի մասին, երբեմն դրանք որպես անձնական կարծիք հրամցնելով: Եվ չնայած   «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  ներկայացուցիչներն  անմիջապես հերքում են, իշխանական քարոզիչների գործելաոճը չի փոխվում։

168.am հետ զրույցում Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը Տավուշից մեկնարկած գործընթացը բնորոշեց՝ արժանապատվության շարժում։

«Դեռ մարտից, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Տավուշ, ներկայացրեց իր «ապագայի պլանը», ակնհայտ էր, որ հարցը լոկալ դաշտից պետք է գա մեկ կետի, և հայությունը միանա դրան։ Շարժումն այսօր ղեկավարվում է եկեղեցու կողմից, այսինքն՝ այն գոյաբանական շարժում է, որքան տեսնում եք, այստեղ քաղաքական ուժեր չկան։ Թեպետ երբեմն տեսնում ենք, որ մեզ համար անհասկանալի մարդիկ էլ են միանում շարժմանը, բայց Հայ Առաքելական եկեղեցին բոլորի եկեղեցին է։ Այստեղ էլ կարելի է հասկանալ՝ եթե 2018 թվականին կային մարդիկ, որոնք իրենց վարքագծով նպաստել են օրվա իշխանությունների գալուն, այսօր ունեն զղջման հնարավորություն, և սա զղջման դուռ է շատերի համար։

Կարդացեք նաև

Այս շարժումը նմանեցնում են պատվախնդրության ու արժանապատվության տապանին, որտեղ մարդիկ իրենց հարց են տալիս՝ արժանապատի՞վ են, պատվախնդի՞ր են, այս երկիրը սիրո՞ւմ են, եթե այո՝ ապա մտնում են տապան՝ միանում երթին»,- նշեց Արթուր Գևորգյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Տավուշից մեկնարկած շարժումը հույս է ներշնչում, որ այն Երևան կհասնի շատ մեծ բազմությամբ, որի ընթացքը որևէ պատնեշ չի կարող կասեցնել։ Ավելին՝ Երևանում պետք է լինեն մարդիկ, որոնք կդիմավորեն շարժման մասնակիցներին։

«Ուխտի եկողներին կամ ճանապարհից եկողներին դիմավորողներ են պետք, ենթադրում եմ, որ մի հոծ բազմություն Երևանում կդիմավորի Բագրատ սրբազանի գլխավորած երթը։ Ինքս ակնկալում եմ, որ այս շարժման արդյունքում Հայաստանը վերջապես կարթնանա բոլոր իր հատվածներով, և յուրաքանչյուր հայ իրեն հարց կտա, թե ի՞նչ է անելու ապագայում՝ դիմագրավելո՞ւ է մարտահրավերներին, զբաղվելո՞ւ է արարմամբ, ինչպե՞ս է այդ ամենը տեսնելու, այսինքն՝ ինչ-որ տեղ լույս է վառվում ու հնարավորություն է տալիս հետագայի մասին մտածելու»,- հավելեց նա։

Արթուր Գևորգյանը հիշեցրեց՝ 2018 թվականին այսօր գործող իշխանությունը հայտարարում էր, որ իրենց կատարած քայլն «ուղղված է անցյալի սխալներն ուղղելուն, թալանված գումարները հետ բերելուն, օլիգարխներին կալանավորելուն», մինչդեռ այսօրվա շարժումը սոցիալական պատասխանատվության շարժում է՝ ինքնության, գոյության պահպանման շարժում է։ Այս պահին հայ ազգը սեփական ինքնության ու պետության հետագայի հետ կապված պատասխանատվություն է վերցնում իր վրա։

Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ իշխանությունների սկսած արշավին, Արթուր Գևորգյանը հիշեցրեց՝ եկեղեցուն թիրախավորելու գործընթացը  սկսվել է 2018 թվականից՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսով։

«Բայց այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք, որ ձեռքին մի արքեպիսկոպոսական գավազան և գառնուկ, Բագրատ սրբազանը գալիս է Երևան, չի գալիս 20 հոգով ու չի գալիս թաքուն, գալիս է 20 կիլոմետրանոց երթով ու ամեն տեղ գտնում ջերմ ընդունելություն։ Մարդիկ ուրախանում են՝ այս շարժումը տեսնելով, քանի որ վերջապես հնարավորություն են տեսնում ապագա կառուցելու։ Այս շարժումն իր ընթացքով ցույց է տալիս, որ տիրապետում է իրականությանը, նորից կրկնեմ՝ վերցնում է սոցիալական պատասխանատվություն, բացի դրանից՝ եկեղեցին դառնում է գոյաբանական պայքարի առաջամարտիկը։ Իշխանությունների փոխարեն լինեի, ոչ թե կվախենայի, այլ ծունկի կգայի ու տասն անգամ կաղոթեի, որովհետև այս ամենի հետևում, օրվա իշխանությունն ինչ էլ փորձի անել, կանգնելու է շատ լուրջ բազմության առաջ ու մտածելու է՝ ինչ անի։

Իշխանությունների հակաքարոզչությունը եկեղեցու հանդեպ որևէ ազեցություն չի թողնում հասարակության լայն շերտերի մոտ»,- ասաց Ա. Գևորգյանը։

Այս համատեքստում Արթուր Գևորգյանն անդրադարձավ նաև մտավորականության անելիքներին, շեշտեց՝ մտավորականությունն իրականում շատ զգայուն է, բայց իր վարքագծի մեջ, իր բազմաշերտ գործունեության դաշտերն է տեսնում և այդ խնդիրների շուրջ է կայանում՝ որպես մտավորական։

«Մեկն իմ նման փողոց դուրս կգա պայքարի, մյուսն իր կարծիքը կասի առիթների դեպքում, երրորդն էլ կփորձի իր ոլորտում խմորման գործընթացներ տանել, ազդեցություն ունենալ։ Ակնկալել, որ ՀՀ-ում բոլոր միտք ասողները, որոշում կայացնելու ունակներն ու ճշմարտությունը տեսնողները կարող են վեր կենալ ու այս պահին գնալ հրապարակ՝ իրատեսական չէ, բայց այդ պահը գալու է, երբ հասարակության այդ խավը ևս նկատելի ու ակնառու քայլեր կանի։ Մենք ունենք մտավորականության վառ ներկայացուցիչներ, որոնք դրոշակակիր են եղել և դրոշակակիր են մնալու՝ շարունակելով իրենց գործունեությունը»,- եզրափակեց Արթուր Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս