Բագրատ Սրբազանի ամենակարևոր քաղաքական պատգամը
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած ու ամեն օր ավելի մեծ ընդգրկում ստացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օբյեկտիվորեն շատերը համեմատում են 2018 թվականի իշխանափոխությանը հանգեցրած շարժման հետ։
Որոշակի տեխնիկական նմանություններով, ընդ որում, նման գործընթացի համար անխուսափելի նմանություններով հանդերձ, Տավուշից մեկնարկած շարժումն ունի հիմնարար գաղափարական, արժեբանական տարբերություններ, որոնք առաջին հայացքից ապաքաղաքական լինելով՝ իրականում ունեն խիստ կոնկրետ քաղաքական նշանակություն։ Այդ տարբերությունները բազմաթիվ են՝ սկսած շարժման հիմքում դրված հոգևոր հենքից, ստի նկատմամբ ճշմարտության հաղթանակի նպատակադրումից, մինչև հանրային հակադրության փոխարեն՝ հասարակական միասնականության հասնելու կոչեր։
Բայց ամենակարևորը շարժման այս պահի առաջնորդի՝ Բագրատ Սրբազանի շետադրումների տարբերությունն է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հռչակած կարգախոսներից ու նպատակադրումներից։ Դրանք ևս բազմաթիվ են, բայց հատկապես մեկը ցայտուն դրսևորվեց նախօրեին, երբ բազմամարդ երթը հասավ Ծովագյուղ ու մեծ ոգևորությամբ ընդունվեց քաղաքացիների կողմից։ Իրեն ծափողջույններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորող քաղաքացիներին ի պատասխան՝ Բագրատ Սրբազանը հայտարարեց․
«Սա ոչ մեկի մասին չէ, խնդրում եմ, դադարեցրեք, հետո կհիասթափվեք, վատ կլինի, մարդու հետ մի կապեք ոչ մի բան, այ, սխալվել ենք, դրա համար էլ էս օրն ենք ընկել, մարդու հետ ոչինչ չի կարող կապված լինել, այս չակնկալիքների պայքարը պատիվ ու հայրենիք ստանալու մասին է, մենք մեր Տիրոջ ձեռքին գործիքներ ենք, մեղքի մեջ չընկնենք հպարտանալով, պետք է ինքնամաքրման ճանապարհով գնանք»։
Առաջին հայացքից զուտ հոգևորականին բնորոշ այս հայտարարությունն իրականում ամբողջությամբ քաղաքական բանաձևում է և պայքարի շարունակության մոդելավորման հայեցակարգ։
Սրբազանի հայտարարությունը լայն իմաստով պատասխան է հանրության մեջ տիրապետող կամ այդպես ներկայացվող այն սպասումներին, որոնց համաձայն՝ երկիրը ներկայիս կործանարար վիճակից կարող է դուրս բերել միայն առանձին վերցրած որևէ առաջնորդ, անհատ, անձ։ Բագրատ Սրբազանի հակադարձումն այն մասին է, որ հենց անձի սպասումն ու այդ սպասման ֆետիշացումն է նպաստել այսօրվա վիճակին ու ստեղծված իրավիճակից անելանելիությանը։
Այդ սպասման հակառակը «չկա առաջնորդ, չկա փրկություն» դատապարտվածությունն է, որը նաև իշխանությունների քարոզչությամբ, մանիպուլյացիայով սերմանվում է հանրության շրջանում։ Բագրատ Սրբազանի հայտարարությունն, ահա, այն մասին է, որ կա փրկություն՝ առանց առաջնորդի, ինչն այլ մեկնությամբ նշանակում է, որ փրկության համար ոչ թե անհատ է պետք, այլ ծրագիր, ռազմավարություն և մարդկանց հավաքականություն, որը կսպասարկի այդ ծրագիրը։
Սա հայկական քաղաքական իրականության ամենամեծ արատը՝ անհատապաշտությունը կոտրելուն ուղղված հայեցակարգային հռչակում է, որը պարունակում է ստեղծված կենսական մարտահրավերները հաղթահարելու շատ ավելի լուրջ և հիմնարար հնարավորություններ, քան որևէ անձի հայտնությունը։ Եվ այս առումով Բագրատ Սրբազանի հայտարարությունը շատ կոշտ հակադրության մեջ է մտնում 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի ուլտիմատումի հետ՝ «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։
Հասկանալի է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ինչ-որ պահի անխուսափելիորեն ստանալու է քաղաքական ձևակերպում և ֆորմատավորում, առանց որի՝ այն ուղղակի հաջողության հասնել չի կարող։ Անկհայտ է նաև, որ այդ փուլից հետո շարժումը՝ պահպանելով Սրբազանի հոգևոր առաջնորդությունը, անխուսափելիորեն պետք է ունենա նաև քաղաքական առաջնորդություն և առաջնորդներ։ Բայց շարժումը կարող է իրական հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե նաև այդ ու մնացած փուլերում սրբորեն հետևի Բագրատ Սրբազանի՝ իրականում քաղաքական բանաձևում հանդիսացող այս պատգամին և որևէ կերպով չկենտրոնանա անհատի, անձի, առանձին առաջնորդի վրա։ Քաղաքական առաջնորդությունը գաղափարի, մտքի, ծրագրերի առաջնորդություն է և կարող է հաջողվել միայն այն դեպքում, երբ որևէ առաջնորդ կծառայի դրանց և ոչ թե դրանք կծառայեցնի իրեն, ինչպես տեղի ունեցավ 2018-ին։
Հարություն Ավետիսյան