«Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հարկային օրենսգրքի նախագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ով ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ անկախացումից հարկային օրենքներն ընդունվել են դեռևս 1993-1994թթ., ապա 1997-1997թթ. տեղի են ունեցել էական փոփոխություններ, ձևավորվել է հարկային դաշտը և մինչ այսօր պրբերաբար փոփոխություններ են տեղի ունենում: Նրա խոսքով՝ որոշ օրենքներում անհամապատասխանություններ կան, նորմեր, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս:

«Ընդհանրապես երբ երկրներում մշակում և հաստատում են հարկային օրենսգիրքը, կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ օրենքները լինեն միանշանակ մեկնաբանելի, այնպես էլ հարկային մարմինների, այնպես էլ հարկատուների համար, և օրենսգրքի մշակման առաջին խնդիրներից մեկը դա է»,- ասաց Պավել Սաֆարյանը՝ նշելով, որ մեր հարկային օրենքներն ավելի շատ լուծում են կարճաժամկետ խնդիրներ, մինչդեռ Հարկային օրենսգիրքը պետք է ունենա երկարաժամկետ զարգացմանը նպաստելու ունակություններ:

Պավել Սաֆարյանն ասաց, որ Հարկային օրենսգիրք սովորաբար ընդունում են այն երկրները, որտեղ առավել կայացած է, կայուն կամ որոշակիորեն կանխատեսելի հարկային դաշտը. «Եվ այդ առումով գնահատվել է, որ մեր հարկային դաշտն արդեն համապատասխանում է այդ չափանիշներին, և կարելի է օրենսգիրքն ընդունել»:

Նա նշեց, որ օրենսգիրքը մշակողները հիմքում դրել են մի քանի սկզբունքներ՝ բարեփոխումներն իրականացվելու են 3-5 տարվա ընթացքում, որպեսզի հարկային համակարգում ապահովվի սահունություն և կայունություն, կարևորվելու է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ կայունությունը, այդ փոփոխությունները չպետք է խոչընդոտեն պետական բյուջեի եկամուտների աճին, կարևորվել է երկարաժամկե աճը՝ հաճախ չկեկնտորոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա, օրենսգիրքը պետք է նպաստի երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը:

Կարդացեք նաև

«Կատարվելու է արտոնությունների կրճատում, և արտոնությունները, որտեղ որ հնարավոր է, փոխարինվելու են սուբսիդիաներով, այսինքն՝ հարկային դաշտից խրախուսումն ավելի շատ տեղափոխվելու է բյուջեի ծախսային քաղաքականության մաս»,- ասաց Պավել Սաֆարյանը՝ նշելով, որ Հարկային օրենսգիրքն ունենալու է չորս մաս:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը. «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հարկային օրենսգիրը տնտեսագիական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից: Այս մոտեցումը ողջունելի է, եթե իհարկե հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեգրված սուբսիդավորումը: Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է քաղաքացիների վիճակը:

Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի: Մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ»: Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, կրթության և գիտության, առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում իրենց ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց ներկայացնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս