Որոնք են եղել Ռոստովում 22-ամյա հայ երիտասարդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դրդապատճառները

«Ինձ համար անընդունելի է որևէ ազգային դրդապատճառ գտնելը՝ որքան էլ կարող են փորձել դա օգտագործել: Ես ուրիշ բանի մասի մասին եմ ավելի շատ ուզում խոսել, որովհետև նման դեպքեր նաև մեզ մոտ են եղել, երբ ինքնադատաստան են տեսել, հաշվեհարդար են տեսել, ծեծելով մարդ են սպանել: Կարծում եմ՝ այստեղ արժեքային համակարգի փոփոխություն կա, և սա շատ ավելի կարևոր է: Երբ հասարակությունն ապրում է մի արժեքային համակարգում, որտեղ մարդը, մարդու կյանքը կարևոր չեն, նման դեպքեր միշտ սպասելի են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Ռուսաստանում հայազգի 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքին:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 30-ի գիշերը Ռոստովի մարզի Սինյավսկոյե գյուղում համագյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել ազգությամբ հայ 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանին ու վերջինիս հորը՝ Սերգեյի նկատմամբ, ինչի արդյունքում Ռաֆայել Խլղաթյանը մահացել էր:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ երկրները բաժանվում են երկու խմբի. երկրներ, որտեղ մարդը մեծագույն արժեք է, և երկրներ, որտեղ մարդն արժեք չէ, մարդու կյանքը կարելի է զոհաբարել հանուն որևէ գաղափարի, բնազդների, վիրավորանքի: «Վերջիվերջո, ինչ էր կատարվել: Մեքենաներ են բախվել: Այո, հարբած վիճակում, շատ վատ: Այո, գուցե նաև լկտիացած: Բայց ինչպե՞ս են լուծվում հարցերը: Ոչ դատական կարգով, ոչ այլ եղանակով: Ինքնադատաստանով, և դա դա պարզապես հասարակ վիրավորանք չէ, ապտակ չէ: Մարդ կարելի է զոհաբերել հանուն երկաթի, այսպես ասենք: Ես կարծում եմ՝ սա ահազանգ է՝ ընդհանրապես ինչ է կատարվում նաև մեր հասարակության հետ: Արդյոք մենք հիմա խոսելո՞ւ եք, թե ինչ է կատարվել Ռոստովի ինչ-որ գյուղում: Բայց արդյոք մեր հասարակարգում մարդը մեծագույն արժե՞ք է: Եթե մարդը մեծագույն արժեք չէ, այս դեպքերը մշտապես կկատարվեն»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն էլ ասաց, որ կատարվածն իսկապես ողբերգություն է: Նա նշեց, որ որքան հասկացել է՝ դեպքի օրը տոն է եղել, իսկ Ռուսաստանում տոնը նշանակում է հարբեցողություն. «Սա ուղղակի безпредел-ի դրսևորումն է»: Նա նշեց, որ դեպքից անմիջապես հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ հայազգի 22-ամյա երիտասարդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ապա լրացրեին, որ նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել. «Դեռ ոչ մի բան չարած՝ մարդուն դեռ հիվանդանոց չեն տարել, դեռ չեն էլ իմանում՝ ինչ է եղել, արդեն միանգամից որակավորում է գնում, այսինքն՝ մեղմացնելու խնդիր կա, որովհետև այստեղ երևի ազգային ինչ-որ բան էլ կա»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասաց, որ Ռուսաստանում եղած ժամանակ տոնակատարությունից հետո մի կռվի է ականատես եղել. «Դուք ախր չեք էլ պատկերացնում՝ ինչպես են նրանք հարբում: Նա ոչինչ չի տեսնում, դանակն առած գնում է: Ռուսական գյուղում ես ականատես եմ եղել՝ մոտեցել էր աղջկան, խոսեցրել էր… ու սպանեցին, գցեցին այնտեղ: Աղջիկներն էլ հետն էին հարձակվել»:

Միևնույն ժամանակ հոգեբանը նշեց, որ այստեղ կա նաև կովկասյան ազգության ներկայացուցչի գործոնը, որոնց նկատմամբ որոշակի բացասական դիրքորոշում կա, ինչն այս դեպքում որոշակի դեր խաղացել է. «Կովկասցու դեմքը կարող էր լրացուցիչ մի կաթիլ ավելացնել այն կատաղությանը»: Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև այն գործոնը, որ այնտեղ ամբոխ է եղել, իսկ ամբոխն ակառավարելի միավոր է, հատկապես ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ամբոխը: Նրա խոսքով՝ չի կարելի ասել, որ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տուժողը հայ է. «Իմ կարծիքով՝ բոլոր գործոններն այստեղ միացել են»:

Ռուբեն Բաբայանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչ պետական քարոզչություն է տարվում Ռուսաստանում, ինչի հիման վրա է փորձում համախմբվել ազգը. «Ազգայնականության հիման վրա. մենք ընտրյալ ենք, մենք շրջապատված ենք թշնամիներով, որոնք փորձում են մեզ՝ Ռուսաստանը, ոչնչացնել: Սա շատ վտնագավոր է, որովհետև սա ընկնում է հողի վրա և տալիս համապատասխան ծիլեր: Ես էլ եմ հազմոզված, որ որևէ կապ չունի՝ այնտեղ ուզբեկ կլիներ, տաջիկ կլիներ, նույն ռուսի հետ էլ կարող էր լինել: Խոսքն այն մասին, որ բարքերն են այդպիսին: Բարքերն այդպիսին են, որ կարելի է ծեծելով մարդ սպանել, որ կարելի է ծեծելով հարց լուծել: Ի՞նչ դատարան, ի՞նչ բան: Մենք ենք՝ առավել ևս ամբոխ ենք, ինքնադատաստանով հարցեր լուծում: Նորից եմ ասում՝ խոսքն արժեքային համակարգի մասին է»:

Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ քաղաքակիրթ հասարակությունում անօրինականության դեմն առնելու միակ ճանապարհը օրինականությունն է. «Անօրինականությամբ անօրինականության դեմը չես առնի, վրիժառությունով հարց չես լուծի»: Նա նշեց, որ գուցե վտանգավորն այն չէ, ինչի կատարվել է. «Վտանգավորն ուրիշ բան է. 300 հոգու մեջ չի գտնվել մեկը, որ պաշտպանի»:

 

Տեսանյութեր

Լրահոս