«Այլ բան չէինք կարող սպասել»

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բողոք կներկայացնի վճռաբեկ դատարան: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Երկու մանկաբույժներ` Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 15-ի վճռով` մեղավոր ճանաչվեցին առաջադրված մեղադրանքում. Լ. Վարդանյանը դատարանի վճռով` դատապարտվեց 2, Զ. Այվազյանը` 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. դատարանի վճռով` նրանք համաներմամբ ազատվեցին հիմնական պատժից, իսկ լրացուցիչ պատիժ դատարանի կողմից չի նշանակվել: Ամբաստանյալները դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել:

«Առաջին իսկ պահից արդեն ակնհայտ էր, որ մեղադրական դատավճիռ է լինելու, որովհետև նրանից, ինչ տեղի էր ունենում դատարանում (թե ուղղված հարցերը, թե իրադրությունը, թե դատարանի կողմից փորձագետների ասածները 100 տոկոսով ընդունելն այն պայմաններում, երբ որևէ հիմնավորում չէր ներկայացվում, բազմաթիվ դեպքերում նույնիսկ հակասություններ կային կամ չհիմնավորված հետևություններ, որոնք ի հայտ էին գալիս: Միջնորդում էինք դատարանին փորձագետի եզրակացությունն անթույլատրելի ճանաչել, սակայն դատարանն առանց որևէ հիմնավորման, ընդամենը մեկ տողով գրում էր` մերժել միջնորդությունը՝ այն դեպքում, երբ մի քանի թերթ միայն հիմնավորում էինք ներկայացրել, դատարանը չի կարողանում հերքել, բայց մերժում է), այլ բան չէինք կարող սպասել»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով` դատավճռի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ դրանում ընդհանրապես բացակայում է պատճառաբանական մասը: «Դատավճռում նշված է, թե ով ընդհանրապես ինչ ցուցմունք է տվել, կամ ինչ ապացույցներ կան գործում, բայց վերլուծություն չկա, թե այդ ապացույցները հիմնավորո՞ւմ, թե՞ հերքում են մեղադրանքը, կամ որ ապացույցը որ մասով է հիմնավորում, թե ինչո՞ւ դատարանը գտավ, որ մեր այդքան առարկությունները կամ իմ կողմից ճառում նշված հիմնավորումներն էական չէին: Բացարձակապես որևէ հիմնավորում չկա, շարադրված են ապացույցներ, և վերջում նշվում է, որ վերը նշված ապացույցներից ելնելով` դատարանը գտավ, որ մեղադրանքը հիմնավոր է, ու նույնությամբ կրկնում է մեղադրանքը: Այդ առումով ակնհայտ է, որովհետև, եթե հանկարծ դատարանը փորձեր որևէ կերպ պատճառաբանել, միանշանակ ստիպված կլիներ արդարացման դատական ակտ կայացնել, ինչպիսի խնդիր չկար: Ընդհակառակը` խնդիրը դրված էր` մեղադրական դատավճռի կայացում, ինչն արվեց: Մենք միանշանակ կբողոքարկենք դատական ակտը, բայց տեսնելով իշխանության մարմինների` դատական իշխանության, Դատախազության իրադրությունը, ինչպես նաև նման գործերով իմ փորձն էլ ինձ հուշում է, որ նման գործերն, ըստ էության, որևէ դրական ելք չեն ունենում, որովհետև, եթե կա հասարակական հնչեղություն և այլն, ի սկզբանե ինչ ուղղություն տրվում է գործին, այդ ուղղությունը պահպանվում է` անկախ գործում առկա ապացույցներից»:
Փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանից կպահանջեն բեկանել դատավճիռը, արդարացնել կամ գործն ուղարկել նոր քննության. «Բայց առկա ապացույցներով վերաքննիչը հնարավորություն ունի նաև արդարացնել»:

Նշենք, որ մեզ հետ զրույցում գործով մյուս ամբաստանյալ Լ. Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշել է, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ քրեական դատարան, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանի վճիռը ստացել են և վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել վճռի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս