Բուժում է քաղցրարմատը
Մատուտակի գիտական անվանումն է` Glycyrrhisa glabra, բակլազգիների (Fabaceae) ընտանիքի բազմամյա բույս է։ Այլ անվանումներն են` բիան, քաղցրարմատ, մարուխ, սուս։
Ունի հզոր զարգացած արմատահամակարգ։ Արմատավզիկի մոտ անկանոն հաստացած կենտրոնական արմատի աճող բողբոջներից հողի մակերեսից հաշված 15-60 սմ խորությունից, առաջանում են ստորգետնյա հորիզոնական ցողուններ։
Տարածված է ՀՀ Արարատյան դաշտում, Երեւանում, Շիրակի, Սյունիքի մարզերում, նախալեռնային գոտու բնական պայմաններում, նաեւ ջրովի հողատարածքներում։ Վերջին դեպքում բույսը աղբոտում է մշակաբույսերի դաշտերը։
Մատուտակը հնագույն դեղաբույսերից մեկն է, մարդիկ մանրացրել եւ օգտագործել են մատուտակի քաղցր արմատը` որպես համեմունք, պատրաստել օշարակ։ Չինաստանում բույսը հայտնի է եղել 4800 տարի առաջ, կիրառվել է բուժիչ նպատակներով Հին Հնդկաստանում, Հռոմում, Հունաստանում։
Մշակվում է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Գերմանիայում եւ այլուր։ Արմատն օգտագործվում է քաղցրավենիքի, ոգելից խմիչքի, ծխախոտի, թանաքի, տուշի, գուտալինի, ներկերի արտադրություններում։ Գեղարարության մեջ մաս է կազմում մազաթափությունը կանխարգելող միջոցների։ Մատուտակի արմատը որպես շաքարի փոխարինող եւ փրփուր առաջացնող նյութ` մեծ կիրառություն ունի գարեջրի, կվասի, զովացուցիչ ջրերի, հալվայի, մարինադների, կիսելի մեջ, եւ այլն։ Խմում են` որպես սուրճ կամ թեյ, խառնում կակաոյի հետ։
Առանձնապես կարեւորվում է որպես լրացուցիչ կեր մեղուների համար։
Բույսի ցողուններից պատրաստում են պարան, կոշտ մանվածքի համար մանրաթել։ Որպես բուժիչ հումք` մթերում են արմատները։ Դա կատարվում է գարնանը կամ աշնանը։
Պարունակում է 23 տոկոս գլիցիրիզին, այդ թվում` գլիցիրիզինի թթվի կալցիումի եւ կալիումի աղեր, 2-10տոկոս սապոնինային նյութեր, կառուցվածքով իրար մոտիկ 27 տարբեր ֆլավոններ, ստերիններ, օրգանական թթուներ, կումարին, եթերային յուղ, մինչեւ 30 մգ ասկորբինաթթու 100 գ հումքի մեջ, 10 տոկոս բարդ շաքարներ, դառնանյութ, դեղին ներկանյութ, այլ վիտամիններ եւ նյութեր։
Բույսը բուրմունք չունի, համը տտիպ քաղցր է եւ գրգռիչ։
Գիտական բժշկությունը վաղուց ի վեր պաշտոնապես ընդունել է մատուտակը` որպես բուժիչ բույս։ Շատ երկրներում արտադրվում են արտոնագրված դեղամիջոցներ։
Վերջին տարիներին զգալիորեն աճել է գիտնականների հետաքրքրությունը բույսի հանդեպ, քանի որ այն պարունակում է միացություններ, որոնք կառուցվածքով մոտ են մակերիկամների հորմոններին։ Այդ միացություններից հատկապես կարեւորվում են թթուները, որոնք կիրառվում են Ադդիսոնի հիվանդության բուժման դեպքում։ Գիտական բժշկությունն օգտագործում է մատուտակի արմատի պատրաստուկների փափկեցնող, լուծողական, վերքամոքիչ, միզամուղ, հակաալերգիկ հատկությունները։ Մատուտակի պատրաստուկները կանխարգելում են ջղակծկումները, բուժում սնկից եւ այլ բույսերից թունավորումների դեպքում։
Արտադրվում է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի բուժմանը օժանդակող դեղորայք, որ օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։
Արմատից պատրաստում են հակաբորբոքային դեղահաբեր, որոնք լայնորեն կիրառվում են բրոնխների ասթմայի, էկզեմայի, ալերգիկ բնույթի մաշկային հիվանդությունների, մակերիկամների ոչ բավարար գործունեության, անուժականության, հիպոտոնիայի բուժման համար։ Արմատի պատրաստուկները բուժում են փորկապությունը, վերականգնում խաթարված նյութափոխանակության գործընթացը, կիրառվում է լեյկոզի, լիմֆոլեյկոզի կանխարգելման համար։
Դեղաբուսային փնջերի կազմում մատուտակի պատրաստուկները կիրառվում են թոքախտի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, ռեւմատոիդ արթրիտի բուժման ընթացքում։ Համարվում է նաեւ, որ մատուտակը նպաստում է թուրմերի բուժիչ ազդեցության ուժեղացմանը։
Զգուշացում։ Թեեւ շատ հազվադեպ, սակայն երկարատեւ օգտագործման արդյունքում կարող են առաջանալ այտուցներ։
Հետաքրքիր է իմանալ, որ հնագույն դեղատոմսերի ուսումնասիրությունը բերել է հետեւյալ եզրահանգման. «Մատուտակը (ուրալյան) այլ դեղաբույսերի համեմատ առավել հաճախ է հիշատակվել»։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մատուտակի արմատը ոչ միայն բուժում է կոնկրետ հիվանդություններ, այլ նաեւ կանխարգելում է նոր հիվանդության առաջացումը ինչ-որ պատճառներով թուլացած օրգանիզմում։ Մատուտակը շատ օգտակար է տարեց մարդկանց համար։ Չինաստանում համարում են, որ այն երկարացնում է կյանքը եւ չի զիջում մարդարմատին (ժենշեն)։ Մատուտակը մաս է կազմում մինչեւ 20-30 դեղաբույս պարունակող Արեւելյան ժողովրդական բժշկության դեղատոմսերի մեջ։ Գիտականորեն ապացուցված է, որ հնդիկ եւ տիբեթցի բժիշկներին հայտնի են եղել բույսի հակաուռուցքային հատկությունները։
Բույսի պատմական հայրենիքը Փոքր Ասիա-Միջին Ասիա տարածքն է, հնուց հայտնի է եղել Հայաստանում։ Տեղեկություններ է թողել նաեւ Ա. Ամասիացին. «Մատուտակի արմատի թարմ հյութը կանցկացնի միզուկի այրոցը, դիմամկանի կծկումը, կօգնի նյարդային հիվանդությունների դեպքում։ Օգտակար է նաեւ` լյարդի, կրծքի եւ երիկամների հիվանդությունների, իսկ օշարակը կօգնի ամեն տեսակ հազի դեպքում»։
Էկզեմա, ալերգիկ եւ նյարդային մաշկային հիվանդություններ.
– Փոշիացրեք մատուտակի արմատը, խառնեք հալեցրած կենդանական (լավ է խոզի ներքին) յուղի հետ (1։4)։ Քսեք վերքերին, չծածկեք։
– Մանրացրեք, խառնեք կատվալեզու եռաբաժանի եւ չորածաղիկ ճահճուտի խոտերը, մասուրի եւ բեկտենու հատապտուղները, մատուտակի կոճղարմատը, վաղենակի ծաղիկը (4։4։4։3։3։2)։ Մեկ ճ/գ հումքը 5 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
– Մանրացրեք, խառնեք կատվալեզու եռաբաժանի խոտը, կատվախոտ բժշկականի եւ մատուտակի արմատները, ձիաձետի, ուրցի, մանուշակ եռագույնի, խնկածաղկի, եղինջի խոտերը, երիցուկի ծաղիկը (3։3։2։2։2։2։2։2։2)։ Մեկ ճ/գ հումքը 5 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Հանգուցային կամ դիֆուզ թունավոր խպիպ.
– Մանրացրեք, խառնեք տորոն ներկիչի, օճառախոտ բժշկականի եւ մատուտակի արմատները (2։2։1)։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ ջուր, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, թրմեք 12 ժամ։ Խմեք ստացված չափաբաժինը առավոտյան մինչեւ սնվելը։
– Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ մատուտակի, եղերդակի եւ տորոն ներկիչի արմատները, գետնամորու տերեւը, հազարատերեւուկի, մատիտեղ թռչնի, խնկածաղկի, կատվալեզու եռաբաժանի, երեսնակ բժշկականի խոտերը։
Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 1-2 ժամ։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Բուժումները երկարատեւ են (2-3 ամիս)։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Սուր բրոնխիտ.
– Մանրացրեք, խառնեք տատրակի, ջղախոտ մեծի տերեւները, մատուտակի արմատները (4։3։3)։ Մեկ ճ/գ հումքը թրմեք 200 մլ եռջրում մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց հետո։
– Խառնեք տուղտի, մատուտակի արմատները, եղեսպակի տերեւը, անիսոնի պտուղը, սոճու բողբոջը (2։2։1։1։1)։ Պատրաստեք եւ խմեք` ինչպես նախորդ դեղատոմսում։
Խորխաբեր միջոց. Փոշիացրեք, խառնեք սամիթի սերմը, մատուտակի կոճղարմատը, շաքարավազ (1։2։4)։ Խմեք կեսական թ/գ, օրը 2 անգամ, մինչեւ 14 տարեկան երեխաներին` 1 գրամ։
Արյունը մաքրող. Մանրացրեք, խառնեք մատուտակի կոճղարմատը, երեքնուկ դաշտայինի ծաղիկները։ Մեկ ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։
Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ կամ 1 ժամ հետո։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք մեկ ամիս։
Բրոնխների ասթմա. Մանրացրեք, խառնեք մատուտակի արմատը, սոճու բողբոջը, տատրակի տերեւը, լավդանոնի (Ledum palustre) եւ կատվալեզվի խոտերը (2։2։2։1։1)։ Մեկ ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 5-10 րոպե առաջ։
Վարիկոզ, հակաբորբոքային թուրմ. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ մատուտակի կոճղարմատը, կատվալեզվի, սրոհունդի խոտերը, ջղախոտ մեծի տերեւը, 1 թ/գ համեմի սերմը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 300 մլ տաք ջուր, դրեք թույլ կրակին, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 րոպե։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե հետո, կես թ/գ մեղրի հետ։
Թութք. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ դժնիկ լուծողականի կեղեւը, մատուտակի կոճղարմատը, համեմի սերմը, աճալի (cassia) տերեւը։ Թրմեք 500 մլ եռջրում` մինչեւ հովանալը։ Խմեք 100 մլ, քնելուց առաջ, արյունահոսության դեպքում։
Երիկամների (երկկողմանի) բորբոքում. Խառնեք մատուտակի կոճղարմատը, սպիտակ կեչու տերեւը, խուլ եղինջի, սագամատնունու խոտերը, վուշի սերմը, գետնամորու տերեւը, իշվառվույտի եւ մանուշակ եռագույնի խոտերը, դաղձի տերեւը (4։4։4։3։3։3։2։2։1)։
Մեկ ճ/գ հումքը 6 ժամ թրմեք ջերմապահում 300 մլ եռջրով։ Խմեք 100-ական մլ, սնվելուց 20 րոպե առաջ։ Ժամկետները պետք է ճշտել բժշկի հետ, դա պարտադիր է։
Որովայնի ցավերը հանգստացնող, մետեորիզմի դեմ- մանրացրեք, խառնեք երիցուկի ծաղիկը, հոռոմ սամիթի պտուղը, տուղտի, մատուտակի եւ չայիր սողացողի արմատները (1։1։2։2։2)։ Երկու թ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Տվեք երեխային 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ։ Մեծահասակները կարող են խմել 50-ական մլ։
– Փոշիացրեք, խառնեք մատուտակի արմատը, երիցուկի ծաղիկը, պատրինջի տերեւը (2։1։1)։ Հումքի կես թ/գ-ն լուծեք 1 ճ/գ ջրում, խմեք սնվելուց անմիջապես հետո։
Աթերոսկլերոզ. Մանրացրեք, խառնեք չայիր սողացողի, մատուտակի եւ խատուտիկի արմատները (2։1։1)։ Հումքի 4 ճ/գ-ին (40 գրամ) ավելացրեք 500 մլ եռջուր, 1 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 2-3 անգամ։ Շարունակեք մեկ ամիս, լավացում կնկատվի բուժման կեսից` կբավարարվեն խոլեստերինի եւ պրոտրոմբինի ցուցանիշները արյան մեջ։ Այս դեղատոմսում մատուտակի կոճղարմատն ապահովում է բնական հորմոնաթերապիա։
Այտուց. Մանրացրեք, խառնեք մեկ ճ/գ մատուտակի արմատ եւ մեկ նարնջի կեղեւ, ավելացրեք 400 մլ եռջուր։ Եփեք` մինչեւ մնա հեղուկի կեսը։
Բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց 15 րոպե առաջ, 1 թ/գ մեղրի հետ։
Ստամոքսի խոց. Փորձը ցույց է տալիս, որ լավ արդյունք են տալիս դեղաբույսերի թուրմերը։
– Մանրացրեք մատուտակի արմատը, 1 ճ/գ-ն թրմեք ջերմապահում 2 ժամ, 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 28 օր։
– Մեկ ճ/գ եղինջի տերեւը թրմեք նույն կերպ։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 28 օր։
– 1 թ/գ վուշի սերմը 1 ժամ թրմեք 150 մլ եռջրում, խմեք 50-ական մլ` սնվելուց առաջ։ Շարունակեք 28 օր։
Օստեոպորոզ, հոդատապ. Մատուտակի արմատի ջրային թուրմը հատկապես օգտակար է կանանց։ Մեկ ճ/գ հումքը 8 ժամ թրմեք ջերմապահում 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 28 օր, ընդմիջեք 3-4 ամիս։
Միգրեն. Մանրացրեք, խառնեք մատուտակ թռչնի եւ հազարատերեւուկի խոտերը, ազնվամորու տերեւը, փրփրուկ տափաստանայինի եւ մատուտակի արմատները, լավդանոնի եւ դաղձի տերեւները, խատուտիկի եւ քաջվարդի արմատները (4։3։3։3։3։2։2։2։1)։ Երկու ճ/գ հումքին ավելացրեք 1 լ եռջուր, 10 րոպե եփեք փակ տարայի մեջ, 10 ժամ թրմեք ջերմապահում։ Խմեք 100-ական մլ` սնվելուց առաջ։
«168 ԺԱՄ»
2012թ.