«Իմ հաճախորդներին երբեք աստղաբաշխական թվեր չեմ ասել». Արամ Նիկոլյան
Մեզ հետ զրույցում դիզայներ-մոդելավորող Արամ Նիկոլյանն ասաց, որ չնայած` ինքն առաջին հայ ուսանողն է եղել, ով սովորել է Ֆլորենցիայի «Ակադեմիա Իտալիանո» նորաձևության մասնավոր դպրոցում (որն Իտալիայում մեծ հեղինակություն է վայելում և համարվում է լավագույն դպրոցներից մեկը), իսկ հետագայում արդեն ունենալով բազմամյա փորձ նորաձևության բնագավառում, այնուամենայնիվ, միայն վերջերս է սկսել պիտակավորել իր իսկ ստեղծած հագուստը` «Նիկոլյան» բրենդով։ «Այդ առումով ես մի քիչ բարդույթներ ունեմ։ Այնքան էի նեղվում անուն շեշտելուց, որ երկար ժամանակ իմ հագուստի վրա պիտակ ուղղակի չէի փակցնում։ Դա իրականում շատ սխալ է»,- նշեց Արամը։
– Նշում եք, որ առաջին հայ ուսանողն եք եղել, ով սովորել է «Ակադեմիա Իտալիանո» մասնավոր նորաձևության դպրոցում։ Իսկ ովքե՞ր են հաջորդել Ձեզ։
– Ինձանից հետո` Ռիմա Կազումյանը, հետո` Վահան Խաչատրյանը։
– Վաղուց կարողացել եք ձեռք բերել յուրահատուկ ձեռագիր ունեցող մոդելավորողի համբավ։ Տպավորություն է, որ միանգամից ձեռք բերեցիք նաև ճանաչում ունեցող հաճախորդներ։ Դա միայն տպավորությո՞ւն է, թե՞ լավ PR-ի արդյունք է։
– Դա միանշանակ տպավորություն է։ Կարծում եմ, որ իմ թերացող կողմը հենց իմ բրենդի PR-ն է, որով չեմ զբաղվում այնքան, որքան անհրաժեշտ է։ Սակայն այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ շատ կարևոր է PR ասվածը, և շատ հեշտ է կատարվում այդ ամենը։ Այսօր շատ հեշտ կարելի է ճանաչելիություն ձեռք բերել հենց միայն սոցիալական ցանցերի շնորհիվ։ Իսկ այն տարիներին, երբ ես եմ սկսել իմ գործունեությունն այս ոլորտում, չկային նմանատիպ հնարավորություններ։ Ճանաչելիություն ձեռք բերելու իմ ճանապարհը շատ երկար է եղել։ Միգուցե մեծամտություն թվա, բայց ես շատ եմ աշխատել նախքան ճանաչելիություն ձեռք բերելը։ Կրթություն եմ ստացել և՛ Հայաստանում, և՛ Իտալիայում, առաջին իսկ կուրսից մասնակցում էի զանազան ցուցադրությունների։
– Ե՞րբ վրա հասավ այդքան սպասված ճանաչելիությունը։
– Միանգամից ու հանկարծակի ոչինչ չի եղել իմ կյանքում։ Մեր ժամանակ չկար այնքան ինֆորմացիայի աղբյուր, որքան այսօր է։ Մեր ժամանակ անգամ այս գործում անհրաժեշտ ամսագրերը ձեռք էինք բերում Մոսկվայից, հատուկ պատվիրում էինք։ Իսկ եթե ծանոթ էինք ունենում` նրա միջոցով էինք դա անում…
– Արամ, Դուք այնպես եք խոսում, ասես 60 տարեկան լինեք…
– 60 չեմ, բայց ես Ձեզ 15 տարվա պատմություն եմ պատմում։ Ամեն ինչ այնքան արագ է զարգացել, հատկապես` ինֆորմացիոն ոլորտում, որ այն ամենը, ինչ ես հիմա ասում եմ, իրապես փոքր-ինչ անհավանական է թվում։
90-ականների վերջում-2000-ականների սկզբում Հայաստանում չկային նորաձևությանը վերաբերող անհրաժեշտ գրականություն, ամսագրերգ Վերադառնալով նախորդ հարցին` ասեմ, որ աշխատասիրությունը, կրթությունն ու ձգտումն է բերում ճանաչելիության։ Ես դեռևս ուսանող էի, երբ արդեն ձեռք էի բերել ճանաչելիություն, քանի որ շարունակ մասնակցում էի ցուցադրությունների` թե՛ մեր երկրում, թե՛ արտասահմանում։ Սկզբում քեզ ճանաչում են այդ ասպարեզի մարդիկ, հետո շրջանակը լայնանում է ` հաճախորդներ, այնուհետև` շոու-բիզնեսի ներկայացուցիչներ…
– Ովքե՞ր էին Ձեր առաջին ճանաչված, շոու-բիզնեսյան հաճախորդները։
– 2003 թե 2004 թվականին սկսվեց համագործակցությունս Անդրեի հետ։ Սովորելով Իտալիայում` հայկական էթնիկ տարազից ոգեշնչված` դիպլոմային աշխատանք էի արել` տղամարդու դասական կոստյումի։ Եվ Անդրեի առաջին մենահամերգի ժամանակ սկսեցինք միասին աշխատել։
– Ո՞ւմ կողմից էր համագործակցության առաջարկը։
– Չեմ հիշում։ Եթե չեմ սխալվում` ընդհանուր ընկերների միջոցով «իրար գտանք»։ Դրանից առաջ աշխատում էի «Հայեր» խմբի հետ, իսկ մինչ այդ` Ինգա և Անուշ Արշակյանների հետ…
– Ո՞րն է այս ասպարեզում, ինչպես ասում են` Ձեր «ֆիշկան»։
– Ես ունեմ իմ ֆիշկան։ Բոլորը գիտեն, որ ինձ մոտ հավասարազոր են թե՛ կին, և թե՛ տղամարդ հաճախորդները։ Եվ բոլորը գիտեն, որ ինձ մոտ ստացվում է տղամարդկանց հետ աշխատելը և տղամարդկանց համար կարելը, քանի որ Իտալիայում ստացել եմ այդ կրթությունը։ Ունեմ կոլեգաներ, որոնք ևս ստեղծում են հագուստ տղամարդկանց համար, բայց ոչ այնքան հաճախ, որքան ես։
– Բայց մեր մենթալիտետն այնիսին է, որ կանայք առավել շատ են հետաքրքրված նորաձևությամբ, հագուստով, քան տղամարդիկ։
– Այնպես չէ, որ տղամարդիկ քիչ են հետաքրքրված, հավատացե՛ք։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, բավական շատ առաջընթաց կա այդ առումով։ Տղամարդիկ ևս փորձում են հետևել նորաձևությանը, փորձում են կոկիկ հագնվել։ Հասկանում են, որ դրանով ևս կարող են հետաքրքրել, գրավել հակառակ սեռի ուշադրությունը։ Երբեմն ինձ թվում է, որ տղամարդիկ ավելի շատ են փորձում խնամված լինել և հետևել իրենց արտաքին տեսքին, քան աղջիկներն են դա անում։
– Այսինքն` այն կովկասյան կարծրատիպը, որ տղամարդու հոտը քրտինքի հոտն է, իսկ խնամված լինելու ձգտումը` կանացիություն, կոտրվե՞լ է։
– Միանշանա՛կ։ Եվ շատ լավ է, որ փոխվել է։
– Նշում եք, որ հաջողության գրավականն այս ոլորտում աշխատասիրությունն է, նպատակասլացությունը… Դուք խոսում եք այնպիսի երևույթներից, որոնց մասին կերազեն շատ ուսանողներ` ուսում Իտալիայում, սեփական ատելյե` դեռևս երրորդ կուրսում, մասնակցություն արտերկրում կազմակերպված ցուցադրություններում։ Այդ ամենի համար, աշխատասիրությունից բացի, խոշոր գումարներ են պետք։ Ո՞վ Ձեզ աջակցեց այդ հարցում։
– Իհարկե, պետք է այդ աջակցությունը։ Միգուցե կարող է անհավանական թվալ, բայց ես ռիսկով գնացել եմ այդ ամենին ընդառաջ և հետո աշխատել եմ այդ գումարները։ Ես չեմ կարող ասել, որ կոնկրետ ներդրում է արվել իմ բրենդի համար, այդպես ասելը սուտ կլինի։ Ուղղակի գնացել եմ ռիսկի` չունենալով ոչինչ։ Տարածք եմ վերցրել, աշխատել եմ, տարածքի գումարը փակել եմ։ Սկզբնական շրջանում ինչ-որ չափով նաև ծնողներս են օգնել։ Ես միշտ ասել եմ, որ ոչ մի վատ բան չկա, երբ քեզ օգնում են։ Նորմալ է, երբ ծրագրի մեջ ներդրում է արվում։ Բայց այդ ներդրումը զրոյացվում է, եթե չկա աշխատասիրություն, նվիրվածություն։
– Ինչպիսի՞ն է Ձեր գնային քաղաքականությունը։
– Շատ անգամ փորձում եմ հասանելի լինել իմ գնային քաղաքականությամբ։ Նա, ով ցանկացել է հագնվել Արամ Նիկոլյանի մոտ, ես ստեղծել եմ նրա համար այդ հնարավորությունը։ Երբեք աստղաբաշխական թվեր չեմ ասել։ Դա ինձ համար զարգացման մի ձև է, որով դու հասանելի ես քո հաճախորդին։ Միգուցե ես շատ մեծ գումարներ չեմ աշխատել, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է եղել այն փաստը, որը մարդը ցանկություն է ունեցել կրելու իմ կողմից ստեղծված հագուստը։
Բայց քանի որ կտորի գինը բարձր է, և աշխատուժը թանկ է, բնականաբար, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, անհատական «պոշիվ» ասվածն էժան լինել չի կարող։
– Ե՞րբ զգացիք, որ Ձեզ վերաբերվում են` ոչ որպես դերձակի, այլ` որպես ոճաբանի։
– Ցավոք սրտի, մինչ օրս կան մարդիկ, որոնք վերաբերվում են` որպես դերձակի, չնայած վերջին ժամանակներս ինֆորմացիայի հոսքը պետք է որ շատ բան փոխած լիներ։
– Մինչ հունիսի 6-ին կայանալիք 6 դիզայներների համատեղ ցուցադրությունը Կարապի լճում, հունիսի 4-ին նախատեսում եք ներկայացնել Ձեր անհատական հավաքածուի ցուցադրությունը։
– Բավական հետաքրքիր հավաքածու է ստացվել։ Ոգեշնչվել եմ հայկական տարազի ձևվածքից, գունային գամմայից և շեշտադրել եմ Ուրֆայի ասեղնագործությունը։ Այն կոչվում է` «Ուրֆա` մոռացված արժեքներ»։ Հիմնականում պրոպագանդվում է հայկական տարազի ժամանակակից մոտեցումը։ 21-րդ դարում կարելի է հագնել տարազից ոգեշնչված հագուստ։ Ի դեպ, սա իմ միակ հավաքածուն է, որտեղ ներկայացված է միայն կանացի հագուստ։ Իմ նախորդ բոլոր հավաքածուների մեջ միշտ եղել է նաև տղամարդու հագուստ։ Հավաքածուն կներկայացնեմ Հանրապետության հրապարակում գտնվող Պատմության թանգարանի շենքի կամարների տակ։
– Չգիտեի՞ք Oriflame-ի հունիսի 6-ին կայանալիք նախաձեռնության մասին, որ ընդամենը երկու օր շուտ որոշեցիք ներակայացնել Ձեր անհատական հավաքածուն` առանձին։
– Նախքան Oriflame-ի առաջարկը, ես նախատեսել էի ներկայացնել իմ անհատական հավաքածուն։ Նախնական այն մայիսի 30-ին պետք է կայանար, բայց տեխնիկական խնդիրների պատճառով տեղափոխվեց հունիսի 4։ Կարծում եմ` մեկը մյուսին չի խանգարի։
– Բազում տարիներ այս ոլորտում եք։ Մինչ օրս քանի՞ անհատական ցուցադրություն եք ունեցել։
– Իմ պրակտիկայի համեմատ` շատ քիչ ունեմ անհատական ցուցադրություններ։ Ընդամենը 4։
– Նվազագույնը որքա՞ն գումար է անհրաժեշտ պրոֆեսիոնալ մակարդակով ցուցադրություն կազմակերպելու համար։
– Հավաքածուն էլ ներառյալ` 15-20.000 դոլար։
– Դա ի՞նչ է տալիս Ձեզ. ուղղակի հայտնում եք, որ կա՞ք ոլորտում, թե՞ նաև հաճախորդներ եք ներգրավում։
– Դա բերում է հաճախորդներ։ Ցույց ես տալիս, որ դու կաս ոլորտում, աշխատում ես։
– Ձեր ատելյեն կոչվում է` ըստ հասցեի` «Ատելյե 51»։ Ձեր կոլեգաների պես Ձեր ազգանունը մեծ տառերով չեք գրել։ Ինչո՞ւ։
– Այդ առումով մի քիչ բարդույթներ ունեմ։ Այնքան էի նեղվում անուն շեշտելուց, որ երկար ժամանակ իմ հագուստի վրա պիտակ չեմ փակցրել։ Դա իրականում շատ սխալ է։ Վերջին երեք տարիներին եմ պիտակներ ամրացնում իմ ստեղծած հագուստին։ Իսկ ատելյեն անվանեցի` ըստ հասցեի։
– Իսկ լոգոտիպ ունե՞ք։
– Դա էլ չունեի։ Այս հավաքածուով միայն հանրությունը կտեսնի իմ բրենդի լոգոտիպը։ Դա հերթական անգամ ապացուցում է, որ ես իմ PR-ով, ինչպես հարկն է, չեմ զբաղվել։
– Ի՞նչ է նշանակում Ձեր լոգոտիպը։
– Այն շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ինձ շատ հարազատ էր հայկական ճարտարապետության օրնամենտիկան։ Անիում գտնվող 7 եկեղեցիներից մեկի` Հովվի եկեղեցու հատակագիծն է, որը մի քիչ ոճավորելուց հետո` իմ ընկերների հետ ստացանք իմ բրենդի լոգոտիպը։
– Կհասկանա՞ն։
– Ինձ պետք չէ, որ հասկանան։ Ինձ պետք է, որ ճանաչեն։ Ամեն մեկին չեմ պատմելու այս պատմությունը։
– Ինչո՞ւ դիզայների մասնագիտությունը նախընտրեցիք։ Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ծնողները ոճաբան դառնալու Ձեր մտադրությանը։
– Իրականում մեր տանը ոչ թե պապա է, այլ հայրիկ։ Եվ այդ հայրիկին համոզելը շատ ավելի բարդ էր, քանի որ նա շատ ավանդապաշտ է և հայրենասեր։ Մենք նրան դեռ մանկուց «հայրիկով» ենք դիմել։ Մեր ընտանիքում գերիշխում էին տնտեսագետները` թե՛ հայրս, թե՛ մայրս մասնագիտությամբ տնտեսագետ են։ Առաջին մասնագիտությամբ ես ևս տնտեսագետ եմ։ Բայց հասկանալով, որ տնտեսագիտությունն իմը չէ, ես ճիշտ որոշում եմ կայացրել։ Եթե անգամ ծնողներս հոգու խորքում դեմ են եղել, համենայնդեպս, չեն արտահայտվել։ Նրանք ճիշտ որոշում են կայացրել` իմ ապագայի ընտրությունը թողնելով ինձ վրա։