10 փաստ Ուրանի մասին
1. Ուրանն առաջին մոլորակն է, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլյամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։
2. Ուրանը համարվում է «Սառցե հսկա», քանի որ իր մթնոլորտում կան տարբեր սառույցներ, ինչպես, օրինակ՝ ջրային, ամոնիակային կամ մեթանային սառույցներ, ինչպես նաև՝ հիդրոկարբոնատների որոշ հետքեր։
3. Ուրանն ունի Արեգակնային համակարգի մոլորակների մեջ ամենասառը մթնոլորտը՝ 49 Կ (−224 °C)։
4. Ուրանի, ի տարբերություն Արեգակնային համակարգի մյուս մոլորակների, պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանն Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս)։
5. Ուրանի միակ այցելությունն ունեցել է ՆԱՍԱ-ի «Վոյաջեր-2»-ը, որը 1986 թվականին հատեց Ուրանի ուղեծիրը և իրականացրեց Ուրանի կառուցվածքի և մթնոլորտի կազմության ուսումնասիրություններ։
6. Ուրանի պտույտի պարբերությունը սեփական առանցքի շուրջ կազմում է 17 ժամ 24 րոպե։
7. Ուրանն Արեգակի շուրջ մեկ ամբողջ պտույտ է կատարում յուրաքանչյուր երկրային 84 տարին մեկ անգամ։
8. Ուրանը միակ մոլորակն է, որի անվանումը ծագում է ոչ թե հռոմեական դիցաբանությունից, այլ հունականից։ Մոլորակն անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։ Այն միաժամանակ աստղագիտության հովանավորն է համարվում։
9. Ուրանի աստղագիտական նշանը՝ «♅», հանդիսանում է Մարսի և Արեգակի նշանների խառնուրդը։ Իբրև դրա պատճառ է բերվում այն, որ հունական դիցաբանությունում Ուրան-երկինքը գտնվում է Արեգակի և Մարսի համատեղ իշխանության ներքո։
10. Չինարեն, ճապոներեն, վիետնամերեն և կորեերեն լեզուներում մոլորակի անվանումը թարգմանվում է բառացիորեն՝ որպես՝ «Երկնային արքայի Աստղ/Մոլորակ»:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ