Ամփոփվել են «Brain – Ring» տնտեսագիտական մրցույթի արդյունքները
Արդեն վեցերորդ տարին է, ինչ ավագ դպրոցի «տնտեսագիտություն» առարկայի շրջանակում կազմակերպվող «Brain – Ring» մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվում ՀՀ Կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ:
«Brain – Ring» մրցույթը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակում կազմակերպվող ամենամյա մրցույթների շարք է, որի նպատակը ավագ դպրոցներում աշակերտների տնտեսագիտական գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու կարողությանը նպաստելն է:
Մրցույթի նախնական փուլերը կազմակերպվել են մարզերում, և յուրաքանչյուր մարզից եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել է 5 հոգանոց հաղթող թիմ: Արդյունքում եզրափակիչ փուլ են դուրս եկել Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջի, Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի, Սյունիքի մարզի Մեղրու թիվ 1 և Լեհվազի դպրոցների հավաքական, Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի, Կոտայքի մարզի Արամուսի միջնակարգ դպրոցի, Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի, Լոռու մարզի Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցի, Արարատի մարզի Մասիսի միջնակարգ դպրոցի, Գեղարքունիքի մարզի Ծովինարի միջնակարգ դպրոցի և Վայոց Ձորի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը:
Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվել է նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը: Մարզային փուլերում հաղթած հենց այդ թիմերն էլ եզրափակիչ փուլում մրցեցին միմյանց հետ: Մրցույթի արդյուքում հաղթող դարձավ Շիրակի մարզի հավաքական թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Կոտայքի մարզը ներկայացնող Արամուսի միջնակարգ դպրոցի աշակերտական թիմը, իսկ երրորդ տեղում էր Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը:
Մրցույթում հաղթած թիմերը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պարգևատրվեցրին հատուկ մրցանակներով և պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվեցին մասնակցության վկայականներ: