Այս պայմաններում միայն խելագարը գին կբարձրացնի
Այսօր ԱԺ նիստում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին հայ-ռուսական համաձայնագրի քննարկման ժամանակ պատագմավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ԱԷԿ-ի անցյալին, ներկային ու ապագային:
Ըստ նրա՝ վարկն ավելացնում է ՀՀ արտաքին պարտքը, և ճիշտ չէ, երբ կառավարությունը հայտարարում է, որ շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար անհրաժեշտ է մինչև 270 մլն դոլար: «Անմիջապես լսողի մոտ հարց է ծագում՝ ճշտեիք ինչքան է, նոր ասեիք: Հիմա 7 մլն-ն էլ է մինչև 270 մլն, 100-ն էլ, 270-ն էլ: Սա չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց Հ.Բագրատյանը:
Ըստ նրա՝ ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին ու ներքին պարտքի առաստաղի թվերը. «Եթե ձեր ՀՆԱ-ն չի աճում, բարեհաճեք պարտք չվերցնել»: Բագրատյանը նաև դժգոհեց, որ ՀՀ-ն պետք է էլեկտրաէներգիա արտադրի ու վաճառի Վրաստանին. «Ինչո՞ւ պիտի Հայաստանը իր օդը կեղտոտի ու Վրաստանին էլեկտրաէներգիա մատակարարի: Էդ ի՞նչ բիզնես է»: Նրա խոսքով՝ հարկավոր է հիդրոակումուլյացիոն կայան կառուցել, ձմեռը ավելցուկ էլեկտրաէներգիան ուղղել ջրին, ջուրը տանել Սևան, ապա երկրորդ անգամ բերել գետով:
Հ.Բագրատյանը կարևորեց էլեկտրաէներգիայի գնի էլաստիկությանը հարցը: Նրա խոսքով, եթե էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում են 1%-ով, սպառումը նվազում է ավելի քան 1%, այսինքն՝է ՀԾԿՀ-ն ճիշտ քաղաքականություն չի տանում. «Երբեմն կարող ես գին բարձրացնել, բայց տուժել դրանից: Այս պայմաններում միայն խելագարը գին կբարձրացնի»:
Հ.Բագրատյանը հիշեցրեց ատոմակայանի վերագործարկման պատմությունը՝ նկատելով, որ ԱԷԿ-ի վերագործարկման մասին որոշում ընդունելը ծանրագույն որոշում է եղել և դա հայ ազգի պատմության մեջ միակ ինժեներական կառույցն է, որը համախմբել է ամբողջ ազգին: Պատգամավոր-նախկին վարչապետի խոսքով՝ կոմունիստները 1989 թ. փետրվարին Վելիխովի և Կոխի զեկույցի հիման վրա փակեցին ատոմակայանը, առանց երկար-բարակ մտածելու ասացին, որ ճեղքվածքի վրա է գտնվում, սակայն վերագործարկումից առաջ աշխարհում հայտնի հայ մասնագետները ճշտեցին, որ ԱԷԿ-ը ճեղքվածքի վրա չէ:
Բագրատյանը նշեց, որ դիտավորյալ աղետի տանելու դեպքում անգամ ՀԱԷԿ-ը չի կրկնի Չոռնոբիլի ճակատագիրը, որովհետև ռեակտորը ջրային է, ու կարող է միայն հալեցնել «подушка»-ն ու իջնել դեպի գրունտային ջրերը: Դրա համար, ըստ նրա, լրացուցիչ ավազան կառուցվեց, որ եթե հանկարծ մի բան պատահի, ջրով խեղդեն ատոմակայանը:
Հ.Բագրատյանը նշեց, որ Արմեն Աբաղյանը, Սեպուհ Թաշճյանը բերեցին այն ինժեներական մտքին, որ կարելի է և պետք է վերագործարկել ԱԷԿ-ը, ապա կազմվեց 1472 միջոցառումման ցանցային գրաֆիկ, որը մանրակրկիտ ձևով իրականացվում էր, իսկ շաբաթը մեկ ստուգում էին: «Եվ, ի վերջո, երբ մենք ֆիզիկական գործարկում արեցինք, հավաքվեցինք, Առաջին նախագահի գլխավորությամբ բոլորս թղթի տակ ստորագրեցինք, որ եթե մի բան պատահում է, բոլորս պատասխան ենք տալու, որովհետև ատոմակայանը սրտի պես է, նա կարող է չաշխատել, առաջին անգամ է վերագործարկվում,- ասաց Հ.Բագրատյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ով աջակցել է ԱԷԿ-ի վերագործարկմանը, որը նաև նպաստեց Արցախյան պատերազմում հաղթանակին,- 24-ժամյա հոսանքի առկայությունը, ինչպես նաև հակաօդային պաշտպանությունը զրկեց հակառակորդին օդում առավելություն ունենալու իրավունքից: Եվ դա էր, որ 93-ից սկսած անկասելի մենք սկսեցինք հաղթել, որովհետև ցամաքում զորքն արդեն կարող էր կռվել, օդից նա վտանգ էլ չուներ: Սա է եղել»:
Ու չնայած այս ամենին, ըստ Բագրատյանի, պատմությունն աղավաղվում է. «Երեկ, երբ ես ասեցի, որ ատոմակայանն իմ երեխան է, իմ լավ ընկեր Շարմազանովը ծիծաղում էր: Մեղք չունի Շարմազանովը: Այն ժամանակ նա փոքր երեխա էր, որտեղի՞ց պիտի կարդար, թե այն ժամանակ ինչ է եղել: Պատմության գրքերի՞ց: Իսկ ի՞նչ եք գրում պատմության գրքերում: Ով շատ է քծնում, ամենալավ պատմաբանն է հիմա»: