Օրենքն արգելում է կաթնախառնուրդ արտադրող, ներմուծող ընկերություններին ծննդատներում գովազդել այդ ապրանքն ու անվճար բաժանել

Այս տարվա մարտի 1-ից մեր երկրում ուժի մեջ է մտել «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկմամբ, այսուհետ արգելվում է նորածիններին անտեղի արհեստական կերեր տալը: Եթե նախկինում բուժհիմնարկներում ծննդկանները դժվարանում էին կրծքով կերակրել, կամ ինչ-որ խնդիր էին ունենում, և բուժաշխատողներն անմիջապես կաթնախառնուրդ էին առաջարկում՝ այդպիսով նպաստելով կաթնախառնուրդ արտադրող, ներմուծող ընկերությունների գործին, նորածինների մեծ մասն էլ, մեկ անգամ կաթնախառնուրդ ուտելուց հետո, հրաժարվում էր կրծքի կաթից, ապա այժմ, օրենքով կպատժվեն թե՛ ծննդատներին իրենց կաթնախառնուրդն առաջարկող ընկերությունները, թե՛ նրանց հետ համագործակցող բուժաշխատողները, և թե՛ տվյալ առողջապահական կազմակերպությունը:

Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանն ասաց, որ օրենքն արգելում է կաթնախառնուրդ արտադրող, ներմուծող ընկերություններին ծննդատներում գովազդել այդ ապրանքն ու անվճար բաժանել: Նախկինում էլ նման արգելք կար, սակայն պատժիչ մեխանիզմ չկար: Այսօր արդեն օրենքով սահմանված են այն տույժ ու տուգանքները, որոնց կենթարկվեն օրենքը խախտողները:

Նունե Փաշայանի խոսքերով, չնայած` 1993 թվականից սկսած, այդ ոլորտում մի շարք նախաձեռնություններ են իրականացվել, ներդրվել է կրծքով սնուցման խրախուսման ծրագիրը, ինչի շնորհիվ 1994 թվականի կրծքով սնուցման 20 տոկոս ցուցանիշը շուրջ 4 անգամ բարձրացել է՝ 2012-ին հասնելով մինչև 82 տոկոսի, այնուամենայնիվ, այդ ոլորտում մի շարք բացեր կային, ինչի մասին վկայել է նաև ժողովրդագրական առողջապահական հարցերի հետազոտությունը:

«Ըստ այդ հետազոտության, բացառապես կրծքով սնուցման մենք ունեինք 35 տոկոս ցուցանիշ, որն իդեալում ավելի բարձր պետք է լինի, այսինքն՝ խնդիրները շատ էին, և դրանք ինքներս էլ էինք տեսնում: Այդ խնդիրը որոշակի առումով նաև կապված էր կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների ագրեսիվ գովազդի և ագրեսիվ մարքետինգի հետ: Այդ ընկերություններն արդեն ներխուժում էին բուժհաստատություններ, անգամ համագործակցում էին բուժաշխատողների հետ, ծննդատներում առաջարկում էին անվճար նմուշներ և այլն, որի նկատմամբ պայքարելը շատ դժվար էր, որովհետև չունեինք որևէ լծակ, որևիցե պատժամիջոց նախատեսված չէր»,- ասաց տիկին Փաշայանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա, «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքն ընդունել է կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի դրույթների մեծ մասը: Միջազգային օրենսգիրքն ընդունվել է 1981 թ.-ին՝ ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի ժամանակ, և պետությունների մեծ մասը ստորագրել է դրա տակ: Ի դեպ, այդ օրենսգիրքը խորհրդատվական բնույթ է կրել, և այնտեղ ամրագրվածը չի պարտադրվել, սակայն կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները և պետությունների մեծ մասն ընդունել և ստորագրել են դրա տակ:

«81 երկիր արդեն իսկ տեղայնացրել էր միջազգային օրենսգիրքը և դրույթների մեծ մասն ընդունել էր` որպես ազգային օրենսդրություն:

Մենք էլ գնացինք այդ քայլին և դրանով պաշտպանեցինք մեր երեխաների լավագույն սնունդ ստանալու իրավունքը և ապակողմնորոշիչ գործունեությունից պաշտպանեցինք մեր մայրերին: Ընդամենը նրանց ներկայացրինք կրծքով սնուցման առավելությունները, և նաև վտանգները՝ արհեստական սնուցման դեպքում»,- մեկնաբանեց Նունե Փաշայանը:

Մեր զրուցակցի ներկայացմամբ, բացի այդ, ընդունվել է նաև օրենքների փաթեթ, նաև փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների մասին օրենքում, ինչը, ըստ Նունե Փաշայանի, շատ կարևոր էր. «Այլ հարցերի հետ մեկտեղ` նաև բուժաշխատողների պարտավորությունները և պարտականությունները հստակեցվեցին և որոշակի պատասխանատվության կենթարկվեն նաև այն բուժհաստատությունները, որոնք որ կխախտեն օրենքի պահանջը: Իհարկե, որոշակի սահմանափակումներ դրվեցին նաև կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների վրա»:

Օրինակ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքով, մանկական սնունդ արտադրողների և բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում՝ լինի դա նմուշ, նվեր կամ այլ շնորհ, բուժաշխատողի կողմից առողջապահության կազմակերպողի ղեկավարությանը չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Այսինքն՝ բուժհաստատության աշխատակիցը պարտավոր է, նույնիսկ, առաջարկի մասին տեղեկացնել իր ղեկավարությանը, իսկ բուժհաստատությունը պարտավոր է այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին՝ Առողջապահության նախարարությանը:
Նշենք, որ սույն օրենքով արգելվում է նաև մինչև 6 ամսական երեխայի համար նախատեսված, կաթնախառնուրդ չհանդիսացող, այլ սննդի՝ թեյերի, շիլաների, հյութերի վաճառքը և գովազդը:

Մինչև 6 ամսական մանուկների համար կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:

Նունե Փաշայանի խոսքերով, օրենքի մասին իրազեկել են առողջապահական բոլոր կազմակերպություններին: Ըստ նրա, օրենքի ազդեցությունն արդեն իսկ նկատվում է. «Եթե նախկինում նկատում էինք, որ կաթնախառնուրդներ նույնիսկ մանկական խանութներում էին վաճառում, և ցուցասրահում ներկայացված էին լինում, ապա օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նման բան այլևս չկա»:

Առողջապահության ոլորտի մասնագետները մի քանի պատճառ են նշում, թե ինչո՞ւ է կարևոր մինչև 6 ամսական նորածնին բացառապես կրծքով կերակրել. նախ` երեխայի հետագա ամբողջ կյանքի, առողջության համար է կարևոր, որովհետև կրծքի կաթը պաշտպանում է մանկանը վարակներից: Կրծքով սնվող երեխաներն արհեստական սնունդ ստացողների համեմատ` ավելի հազվադեպ են հիվանդանում փորլուծությամբ, շնչուղիների և միջին ականջի սուր բորբոքումով, մենինգիտով, սեպսիսով, միզուղիների վարակով, թերսնուցմամբ և այլ հիվանդություններով:

Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, ինչպես նաև մոր և մանկան միջև մտերմիկ կապի և սիրո առաջացմանը:
Կրծքով կերակրելը հետագայում նվազեցնում է գիրության, շաքարախտի, քաղցկեղի, հավկուրության, ատամների կարիեսի և այլ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Իսկ մայրերի մոտ, որոնք մինչև 6 ամսականը բացառապես կրծքով են կերակրում, նվազում է կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղի, օստեոպորոզի հիվանդացությունը:

Տեսանյութեր

Լրահոս