Բաժիններ՝

Աբրահամյանը կվճարի՞ 65 միլիոն դրամը

«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն անցած տարի փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից տուգանվեց 65 միլիոն դրամի չափով` ստուգման արդյունքում հայտնաբերված բազմաթիվ խախտումների համար:

Ընկերության սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը հայտարարեց, որ չի պատրաստվում վճարել տեսչության սահմանած տուգանքը, որոշումն անվանեց անօրինական ու դիմեց դատարան: Ապրիլի 13-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել` մերժելով Աբրահամյանին ու տուգանքը թողնելով ուժի մեջ: Վ.Աբրահամյանը դեռ անցած տարի փետրվարին տուգանքի նշանակումից հետո 100%-ով բարձրացրել էր ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը:

Շուկայի աշխատակիցները պնդում էին, որ հենց տուգանքի պատճառով է Վ. Աբրահամյանը բարձրացրել տաղավարների վարձերը և մտադիր է վարձակալների հաշվին վճարել այն։ Արդյունքում` ոսկերիչներից շատերը փակում էին իրենց արտադրամասերն ու հեռանում։ Իսկ այն ոսկերիչները, ովքեր ունեին ավելի մեծ թվով աշխատողներ, սկսել էին կրճատումներ կատարել:

Դատարանի վճռից հետո չի բացառվում, որ Վ. Աբրահամյանը կարող է կրկին իր զայրույթն ու դժգոհությունը պարպել վարձակալների վրա ու վարձերը կրկին թանկացնել:

Կարդացեք նաև

«168 Ժամը» էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Վ.Աբրահամյանի փոխարեն` տուժեն ոսկու շուկայում աշխատողները: Ի դեպ, վերջիններս անցած տարի բողոքի ակցիաներ էին իրականացնում Կառավարության շենքի առջև՝ կարծելով, թե տեսչության սահմանած տուգանքը վերաբերում է նաև իրենց: Լ.Խալիկյանը հայտարարեց, որ այս տուգանքը չի նշանակվել ոսկու շուկայի որևէ վարձակալի նկատմամբ, և նրանցից ոչ մեկի հետ կապ չունի:

Ըստ նրա` տուգանքը նշանակվել է Նունե Նալբանդյանին, ով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենն է և Վ.Աբրահամյանի կինը.

«Միայն իրեն է նշանակված, իր անձին, որովհետև պատասխանատվություն է կրում միայն տնօրենը: Մնացած բոլոր տնտեսվարող սուբյեկտները բացարձակ առնչություն չունեն սրա հետ: Նույնիսկ մի պահ լուրեր շրջանառվեցին, որ մեր ստուգումներից հետո Աբրահամյանը թանկացրել էր վարձավճարը: Թե դա ինչքանով է այս ամենի հետ կապված, չեմ կարող ասել»:

Մեր դիտարկմանը, որ աշխատողներն այժմ որևէ կերպ պաշտպանված չեն Վ.Աբրահամյանի կամայականություններից, Լ.Խալիկյանը նշեց, որ պրոֆիլակտիկան ավելի արդյունավետ է, քան հետագա բուժումը. «Մինչև այս ստուգումները ով մտնում էր ոսկու շուկա առևտուր անելու, խիստ կասկածներ ուներ` խաբվա՞ծ է, թե՞ խաբված չէ: Հիմա գոնե ժողովուրդն իմացավ, թե ոսկու վրա դրվող երկու հարգորոշումն ինչի համար է: Կա օրենքով սահմանված ձև` 1.5 գրամից ավելի ոսկյա իրը պետք է 2 դրոշմակնիք ունենա` մեկը հարգադրոշմն է, որի վրա նշվում է ոսկու հարգը, երկրորդը հարգորոշող կազմակերպության դրոշմակնիքն է` Սասունցի Դավթի պատկերով, որ նշանակում է` արված է Հայաստանում, որով պարզ է դառնում, թե ով է որոշել տվյալ ոսկու հարգը:

Մեկ հարգադրոշմումն արժե 100-300 դրամ, այսինքն` ոսկյա իրի վրա այդ գումարն ավելացնելն արժեքի վրա էապես չի ազդի: Բնականաբար, ավելի հեշտ է վճարել 100 դրամ ու խուսափել 50 հազար դրամ տուգանքից: Իսկ թե այն ժամանակ ում էր շահավետ, որ մարդիկ չիմանան, թե հարգորոշումն ինչպես և ով է արել ու ինչքանով է համապատասխանում իրականությանը, թողնում եմ Ձեզ»:

Լ.Խալիկյանը հիշեցրեց, որ դատարան դիմելիս` Վ.Աբրահամյանն ամբիցիոզ հայտարարություններ էր անում, բայց դատական գործընթացի ժամանակ շատ պասիվ է եղել, իսկ վճռի հրապարակման օրը նիստին նրանց կողմն անգամ չէր ներկայացել: Դատական վճռից հետո էլ, ըստ Խալիկյանի, Վ.Աբրահամյանից որևէ արձագանք չի եղել: Դիտարկմանը, որ հնարավոր է` տուգանքը չվճարելու դեպքում ընկերությունը զրկվի լիցենզիայից, Լ.Խալիկյանը պատասխանեց, որ դատավարությունը երբ նոր էր սկսվել, Վ.Աբրահամյանն իրեն յուրահատուկ ոճով հայտարարել էր, թե ինչպես դատարանը որոշի, այդպես էլ շարժվելու է: Այսինքն, ամենայն հավանականությամբ, տուգանքը կվճարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս