Լսել են Հրանուշին ու հանել փողերը
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ասել է, որ որ բանկերում ներդրումներ անելու գաղափարն առաջացել է դեռ 2013 թվականին՝ բանկերի և ֆինանսիստների հետ հանդիպման ժամանակ. «Գաղափարն այդ ժամանակ է ծնվել, դա նորություն չէ… Օրեր առաջ ես բարեգործականի ժողովին նույն միտքը խոսեցի և բանկային համակարգին հզորացնելու… որովհետև մենք դրանով իրենց չենք վնասում, հակառակը իրենք տոկոսներ են ստանում և զբոսաշրջությունն է զարգանում: Կարծում եմ` բարեգործականի 300 հոգին հոտնկայս ծափահարեց»,- ասել է Հ. Հակոբյանը՝ խորհուրդ տալով բանկերից ճշտել, թե իր այդ կոչից հետո բանկերում ներդրումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
Մենք որոշեցինք հետևել տիկին Հակոբյանի խորհրդին և տեսնել, թե նրա կոչն ինչպե՞ս է ազդել սփյուռքահայերի վրա։ Որքանո՞վ են ավելացել սփյուռքահայերի ավանդները ՀՀ բանկերում։ Նախարարն այդ կոչը արել է 2013-ին։ Հետևաբար՝ 2014-ի ընթացքում դրա արդյունքը պետք է երևար։ ՀՀ ԿԲ 2014թ. դեկտեմբեր ամսվա տեղեկագրի համաձայն՝ ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների մեծությունը 2013 թվականի դեկտեմբերին կազմել է 463.6 միլիարդ դրամ։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2014 թվականի դեկտեմբերին, այդ գումարը կազմել է 437.8 միլիարդ դրամ: Այսինքն՝ ոչ ռեզիդենտները (այդ թվում սփյուռքահայերը) հայկական բանկերում պահվող իրենց գումարների չափը 1 տարվա ընթացքում կրճատել են 25.8 միլիարդ դրամով կամ 5.5%-ով։
Փաստորեն ստացվում է, որ տիկին Հակոբյանի կոչը հակառակ ազդեցություն է ունեցել։ Ծափ տալիս են, բայց փող՝ ոչ։