«Ուզում են մեզ ծուղակն ուղարկել, որ մեզ շրջափակեն քրեականներով ու ոստիկաններով». Կարո Եղնուկյան
168.am-ի զրուցակիցն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը:
– Պարոն Եղնուկյան, Դուք լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էիք, որ Ձեր պայքարի մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ են լինելու: Ինչո՞վ են պայմանավորված այդ փոփոխությունները, և ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
– Մի քանի բանով է պայմանավորված: Առաջին հերթին՝ այն, որ ձերբակալությունները պահանջում էին, որպեսզի մեր ուշադրության կենտրոնում առաջին հերթին՝ լիներ մեր ընկերների ազատությունը: Իհարկե, մեր ընդհանուր ռազմավարությունը չի փոխվել, ինչպես որ կար, այնպես էլ մնում է, բայց մարտավարական քայլերը պետք է տարբերվեն: Իշխանությունները միտումնավոր ձևով փորձում են մեզ հրահրել: Մեզ միտումնավոր չեն տրամադրում քաղաքի կենտրոնում որևէ մի տարածք, ուզում են՝ մենք շարունակենք Էրեբունի թանգարանի շրջակայքում, որտեղ վտանգավոր է, քանի որ քրեական շրջանակներն այնտեղ բավականին ակտիվ են, ու իշխանություններն ուզում են նույն սցենարը ստեղծել, ինչը եղավ Գյումրիում: Ոստիկաններն ապրիլի 24-ին և 25-ին այնքան շատ էին, որ դա միայն մի բան կարող էր հուշել, որ իրենք ուզում են հրահրել ու բռնություն կիրառել, որ՝ տեսաք, դուք զանգվածային անկարգություն եք անում: Մենք դրան կուլ չգնացինք, ծուղակը չընկանք, բայց գտնում ենք, որ այնտեղ մեր ներկայությունն իմաստ չունի, որովհետև իրենք պլանավորում են այդ քայլերին դիմելու: Հետևաբար՝ մեր մարտավարական մոտեցումը մենք փոփոխության ենք ենթարկում, հիմա մենք քննարկում ենք՝ ինչ հետագա քայլերի պետք է դիմենք, և այս մի քանի օրվա ընթացքում կարտահայտենք դրանք:
– Այսինքն՝ Դուք չէի՞ք հաշվարկել, որ Ոստիկանությունը, այսպես թե այնպես, այնտեղ է լինելու, կամ այն, որ հնարավոր է՝ նման սադրիչ գործողություններ լինեն:
– Կանխատեսել էինք, իհարկե, շատ բան է փոխում բնակչության, ժողովրդի մեծ քանակի մասնակցությունը, որովհետև ինչքան շատ մարդ լինի, այնքան իրենց այդ պլանները չեն իրագործվի: Ապրիլի 24-ին և 25-ին այն զանգվածը չկար (քանակի մասին է խոսքը, ոչ թե որակի), որ կարողանար դիմակայել այդ վտանգին:
– Իսկ ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը, որ չկար այդ զանգվածը:
– Կան շատ պատճառներ: Ամենաառաջինը ես կասեի, որ վախի մթնոլորտը ժողովրդի մեջ դեռ տիրում է: Իշխանություններն այս վերջին մի քանի ամսվա ընթացքում ոչ թե հանգիստ են թողել, այլ հակառակը՝ նրանք իրենց տարբեր լծակներն օգտագործելով՝ իրենց հայտնի անդամներին և աջակիցներին սպառնացել են՝ մի տեղ անմիջական սպառնալիք է եղել, մի տեղ եղել է «բարեկամական» խորհուրդ, թե «ի՞նչ գործ ունես, երեխադ համալսարանում այսպես է, այնպես է…», այդպիսի անուղղակի սպառնալիքներ են եղել:
Եղանակը, իհարկե, իր դերը կատարեց, բայց դա չեմ կարող ասել, որ հիմնական հարցն է եղել, որովհետև մեկ օր առաջ մարդիկ անձրևի տակ համերգ էին լսում, և դա իրենց չէր խանգարում, բայց վստահ եմ, որ որոշ մարդիկ կան՝ եղանակի պատճառով չեկան:
Հնարավոր է նաև այն, որ մենք, կարող է, թերացել ենք մեր մեսիջը հասցնելու մեջ, բայց մեր հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի 45%-ն իրազեկված է շարժման գործողությունների մասին: Չի բացառվում, որ մենք չէինք կարողացել նաև համոզել մի մեծ զանգվածի, որ իրենք պետք է այդ օրը գան, բայց նորից հարցումները ցույց են տալիս, որ հարցվողների 30%-ն ասում էին, որ պետք է գան: Ոստիկանների մեծաքանակ ներկայությունը 2 բան կարող է նշանակել, նախ՝ որ իրենք էլ գիտեին, որ ժողովուրդն այդպես է տրամադրված, և այն, որ իրենք՝ ոստիկանները, ուզում էին այդ օրը որևիցե մի բան անել:
Ապրիլի 25-ին պարզվեց նաև, որ էրեբունի թանգարանի այդ տարածքը սեփականատեր ունի, և այդ սեփականատերը խոչընդոտեց, ու մենք չկարողացանք բեմը տեղադրել: Ոստիկանները նաև մեզ թույլ չեն տալիս, որ մենք այնտեղ ժամը 10-ից ավելի մնանք, իսկ մենք հայտարարել էինք, որ մենք ուզում ենք անել շուրջօրյա հանրահավաքներ: Հիմա եթե ուզենք գնալ ու անել, կասեն՝ մենք ուզում ենք բախում ստեղծել: Դրա համար մենք գտանք, որ այդտեղ շուրջօրյա նստացույց անելն իմաստ չունի, դիմում ենք քաղաքապետարանին և բողոքարկել ենք իրենց այդ տված օրերը, քանի որ իրենք մինչև մայիսի առաջին շաբաթը մեզ չեն ուզում տրամադրել կենտրոնում որևիցե մի տեղ՝ ոչ միայն Ազատության հրապարակը, այլև որևիցե այլ տարածք, ու ուզում են մեզ այդ ծուղակն ուղարկել, որ մեզ շրջափակեն քրեականներով ու ոստիկաններով:
Մեր ձերբակալված ընկերների ազատությունն առաջնակարգ գտնելով՝ մենք մեր մարտավարական ուղին որոշ չափով կձևափոխենք, որպեսզի համապատասխան քայլերի դիմենք:
– Մարտավարական փոփոխությունը նշանակում է, որ շուրջօրյա հանրահավաքներ չե՞ն լինելու:
– Թույլ տվեք, ես հիմա ավելի շատ չմանրամասնեմ՝ 2 պատճառով: Նախ, որ մենք հիմա քննարկում ենք, թե ինչպես անենք, և այն, որ չէինք ուզենա նախօրոք հայտարարել, թե ինչ մարտավարական քայլերի ենք դիմելու, դա մենք հենց այդ պահին կհայտարարենք:
– ՀԽ անդամներին կալանավորելով՝ իշխանությունների նպատակը, կարծես թե, այդ շուրջօրյա հանրահավաքները, շարժման ընթացքը կասեցնելն էր: Փաստացի այդ շուրջօրյա հանրահավաքները տեղի չեն ունենում, կարելի՞ է ասել, որ իշխանությունները հասան իրենց նպատակին:
– Ոչ, չէի ասի, որ իրենց նպատակին հասան: Կա պատերազմ և ճակատամարտ, պատերազմը չի վերջացել, ճակատամարտում իրենք մեզ համար խոչընդոտներ ներկայացրեցին, որոնք ամբողջովին մեզ համար անկանխատեսելի չէին: Իհարկե, մենք բոլոր գործոններն էլ հաշվի ենք առել, բայց չես կարող բոլոր տարբերակները վայրկյանական ունենալ, և ընթացքում են փոփոխություններ լինում՝ ելնելով իրավիճակից:
– Պարոն Եղնուկյան, իսկ հստա՞կ է Ձեր առաջիկա հավաքի օրն ու ժամը:
– Եթե մեզ չեն թույլատրում կենտրոնում, մենք Էրեբունիում չենք անելու, արդեն ասացի՝ ինչ պատճառներով: Մենք բողոքարկում ենք քաղաքապետարանի որոշումը, որ մեզ չեն տրամադրում կենտրոնը, տեսնենք՝ բողոքարկումի պատասխանն ինչ կլինի: