Ամերիկացիները երգել են Տիգրան Համասյանի մշակմամբ «Ջուր կուգայ վերին սարեն երգը»
Այսօր «Թումո» կենտրոնում տեղի ունեցած երաժշտական հանդիպման ժամանակ հարցին, թե հնարավո՞ր է, որ հայկական երգերից մեկը` Ձեր կատարմամբ դառնա ջազ ստանդարտ, նշանավոր հայ ջազմեն, դաշնակահար Տիգրան Համասյանն առանց կեղծ համեստության պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, շատ հնարավոր է»: Նա հիշեցրեց, որ վերջերս ամերիկյան Բերքլի ջազ նշանավոր համալսարանում, ուր հազարավոր երաժշտասեր երիտասարդություն է հավաքվում, համերգ է ունեցել ու այդ օրը ձայնը «կորցրած» է եղել, հավաքված հանդիսատեսները հանկարծ սկսել են իր փոխարեն երգել բոլոր երգերը, ժողովրդական մեղեդիները, հատկապես «Ջուր կուգայ վերին սարեն» երգը:
Տիգրան Մանսուրյանն ասաց, որ շատ է սիրում Տիգրան Համասյանի կատարմամբ «Ջուր կուգայ վերին սարեն» երգը, իսկ Լիլիթ Պիպոյանն էլ ասաց, որ ինքը «Ծղրիդներն» է շատ սիրում Համասյանի կատարմամբ, եւ իբրև իմպրովիզացիա Տիգրան Համասյանի դաշնամուրային նվագակցությամբ Լիլիթ Պիպոյանը երգեց «Ես սարեն կուգայի» երգը, ինչը ընդունվեց բուռն ծափահարություններով: