«Մեծագույն անպատասխանատվություն կլինի, եթե ամեն ինչ թողնվի իշխանությունների հույսին կամ քմահաճույքին». Ռուբեն Մեհրաբյան

«Ապրիլի 12-ին, երբ Հռոմի պապի մասնակցությամբ Վատիկանի սոուրբ Պետրոս տաճարում տեղի ունեցավ այդ պատմական պատարագը, Հռոմի պապի կողմից արվեց պատմական հայտարարությունը, համաշխարհային մամուլում մի աննախադեպ հրապարակումների ալիք սկվեց, որը շատ նման էր Այվազովսկու 9-րդ կտավին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նկատելով, որ այդ ալիքը լրացուցիչ խթան ստացավ Հռոմի պապի հայտարարությունից հետո:

Ըստ նրա հաջորդ կարևոր իրադարձությունը Եվրախորհրդարանի կողմից Ցեղասպանության վերաբերյալ «նույնպես պատամական» բանաձևի ընդունումն էր, որում տրվեցին գնահատականներ թե՛ անցյալի, թե՛ ապագայի համար:

Ռ. Մեհրաբյանը շատ կարևոր իրադարձություն է համարում Բեռլինի և Վիեննայի դիրոքորոշումների փոփոխությունը. «Չմոռանանք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի առաջնային դաշնակիցներին էին գերմանական և Ավստոր-հունգարական կայսրությունները: Նրանք են եղել Ցեղասպանություն գործած երիտթուրքական Օսմանյան կայսրության ռազմական դաշնակիցներն այդ տարիներին: Այսօր նրանք իրերը կոչում են իրենց անուններով»:

Թե ինչ կլինի հետո Ցեղասպանության ճանաչման առումով, ըստ Ռ. Մեհրաբյանի՝ արդեն շատ բան կախված է նաև ՀՀ-ից՝ որպես պետություն. «Մենք բարձրացրել ենք այս հարցը՝ վկայակոչելով համամարդկային արժեքները: Որքանո՞վ մենք՝ որպես պետություն կհապատասխանենք այդ արժեքներին, որքանո՞վ այդ համամարդկային արժեքներին համապատասխան պետություն մենք կանք և կլինենք, դրանով էլ զուգընթաց առաջ կընթանա պրոցեսը: Մենք ոչ թե պետք է էմոցիոնալ ձևով վերաբերվենք այս ուղղակի ցունամի հիշեցնող իրադարձությունների շարանին, որոնք բարձրացվել են միջազգային հարաբերությունների թատերաբեմում, այլ մենք պետք է շատ սթափ դիտարկենք այս ամենը նախ բարոյական հարթությունում, երկրորդը՝ քաղաքական հարթությունում և հանկարծ չշփոթենք մեկը մյուսի հետ:»

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի մեր իշխանությունների վարած հետագա քաղաքականությունը, և ի՞նչ կարելի է ակնկալել՝ այդ «մեծ ալիքը» պահպանելու և ավելի զարգացնելու համար, Ռ. Մեհրաբյանը պատասխանեց, որ այդ «ցունամին» ունի մի շատ կարևոր բարոյաքաղաքական նշանակություն ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև քաղաքական, հասարակական գործիչների, հասարակության, կուսակցությունների համար: Քաղաքացիների պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի սա նաև նյութականանա. «Այսինքն՝ այս ամենի արդյունքում մենք ունենանք միջազգային հանրության արժանապատիվ անդամ Հայաստանի Հանրապետություն: Սրա քաղաքական պատասխանատուն առաջին հերթին իշխանություններն են, բայց այս պատասխանատվությունը միայն չի ընկնում իշխանությունների վրա: Դա կլինի մեծագույն անպատասխանատվություն, եթե ամեն ինչ թողնվի իշխանությունների հույսին կամ քմահաճույքին»:

Տեսանյութեր

Լրահոս