Բաժիններ՝

«Որդան կարմիրի» ուղերձն աշխարհին՝ The Voice of Tomorrow

Հայկական ալտերնատիվ-մետալ ռոք խումբ «Որդան կարմիրն» օրերս վերադարձել է ԱՄՆ-ի Օսթին քաղաքից, որտեղ մասնակցում էր միջազգային «Spotlight on SXSW 2015» փառատոնին: «Որդան կարմիրն» առաջին հայկական խումբն է, որը մասնակցում է այս փառատոնին: Խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ռեզյումեներն ուղարկել են՝ առանց հույսի, քանի որ այս փառատոնը շատ մեծ է և հայտնի, և իրենք չէին հավատում, որ իրենց կհրավիրեն: Հունվարին, սակայն, տղաներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավեր են ստացել և Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մեկնել են ԱՄՆ:

Մինչ մեկնելը «Որդան կարմիրի» տղաները նշել էին, որ իրենց հիմնական նպատակներից է միջազգային հարթակում Հայաստանի անունը հնչեցնելը և Մեծ եղեռնի մասին իրազեկելը: Տղաները Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր երգ են գրել, որը հնչել է փառատոնի ընթացքում: Փառատոնում գրանցած հաջողությունների, հետագա գործունեության և, իհարկե, հարյուրամյակին նվիրված երգի մասին մենք խոսեցինք «Որդան կարմիրի» ողջ անձնակազմի հետ:

Խոսելով փառատոնի ընթացքի և «Որդան կարմիրի» վրա ունեցած ազդեցության մասին՝ խմբի բաս-կիթառահար Դավիթ Գալստյանը նշեց, որ փառատոնն առիթ էր՝ նոր մարդկանց հետ ծանոթանալու ու կապեր հաստատելու համար: Դավիթը նախընտրեց իրադարձություններից առաջ չընկնել, բայց հույս հայտնեց, որ դեսպանատան դրական պատասխանը լսելուց հետո իրենք կվերադառնան Միացյալ Նահանգներ՝ արդեն համերգներ ունենալու նպատակով: Իսկ Պայքար Չախոյանը նշեց, որ փառատոնն իրականում շատ բան էր նշանակում իրենց համար, սկսած դրական ազդեցությունից, վերջացրած նոր երգերով, որոնք շուտով արդեն լույս կտեսնեն: Փառատոնը մոտիվացիայի աղբյուր դարձավ, որն էլ իր հերթին՝ կծնի նորը:

Vordan Karmir2

Կարդացեք նաև

Vordan Karmir1

Տղաները հպարտությամբ են խոսում հանդիսատեսի ջերմության մասին: Համերգից հետո շատերը մոտեցել են խմբի վոկալիստ Վահան Պողոսյանին և հայտնել իրենց հիացմունքը:

Փառատոնի ընթացքում տղաները ներկայացրեցին իրենց նոր՝ The Voice of Tomorrow երգը, որ նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին: Խոսելով երգի մասին՝ Վահան Պողոսյանը նշեց. «Վստահ կարող եմ ասել, որ մեր համերգի բոլոր ներկաները մաքսիմալ իրազեկվեցին, և նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում դրա մասին, խորապես հուզվեցին, երբ կատարեցինք մեր The Voice of Tomorrow երգը»:

Vordan Karmir

Ըստ խմբի կիթառահար Դավիթ Գրիգորյանի՝ երգը մեծ ուղերձ ունի. «Ինձ համար ամենակարևոր ուղերձը երգի երկրորդ տան հարցադրման մեջ է, այն է՝ արդյո՞ք դուք կարծում եք, որ մոմեր վառելը ու աղոթելը բավարար է այն միլիոն ու կեսի հոգիների հանգստության համար»:

Vordan Karmir3

Վերջում խմբի վոկալիստ Վահան Պողոսյանն ամբողջացնելով «Spotlight on SXSW 2015» փառատոնի ազդեցությունը խմբի գործունեության վրա՝ նշեց. «Ցանկացած արվեստի գործիչ, երբ դուրս է գալիս իր երկրից, նրա մոտ տարբեր հարցերի նկատմամբ վերաբերմունք է փոխվում: Մեզ մոտ նույնպես նման բազում փոփոխություններ են եղել: Եվ, որ ամենակարևորն է, մեր գործունեության ընթացքի մեջ կարևոր կոնկրետացումներ ենք ունեցել»:

Երգը կարող եք լսել այստեղ.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս