Օբաման մայիսի 9-ի կապակցությամբ չի ժամանի Մոսկվա. Ջոն Տեֆտ
Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ժամանելու Մոսկվա՝ կապված Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հետ:
Որպես Կրեմլի հրավերից հրաժարվելու պաշտոնական պատճառ է նշվել Ուկրաինայում տիրող իրավիճակը: Օբամայի փոխարեն Հաղթանակի զորահանդեսին ներկա կգտնվի դեսպան Տեֆտը. «Ինչպես բացատրել է ինքը՝ նախագահը, պատճառն Ուկրաինան է:
Եվ դա ոչ միայն Օբամայի, այլև՝ եվրոպական երկրների առաջնորդների մեծ մասի որոշումն է: Կա այնպիսի զգացողություն, որ Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսի ժամանակ նշվելու է նաև այն, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայում»:
Տեֆտը դրա հետ մեկտեղ վստահություն է հայտնել, որ ոչինչ չի խանգարում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների երկխոսությանը. «Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ կլինի շփվել մյուսի հետ, եթե նա հանդես գա բանակցությունների նախաձեռնողի դերում»: