Վարչապետը՝ ճամփաբաժանի առջև
Այս շաբաթ` ապրիլի 13-ին, լրացավ ՀՀ թվով 13-րդ վարչապետի` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին։ Նման փոքրիկ հոբելյանին սովորաբար ընդունված է ամփոփումով հանդես գալ, սակայն կառավարության գործունեությունը արդեն ներկայացվել է, ընդունված է բյուջեն, և դրանք կարելի է համարել նաև, առաջին հերթին, վարչապետի հաշվետվությունը։ ԶԼՄ-ներում, անշուշտ, ավելի «բազմակողմանի» էր քննարկումը, հիմնականում քննադատական։
Հովիկ Աբրահամյանի նշանակումը տեղիք տվեց մի շարք մեկնաբանությունների` քաղաքական, տնտեսական և անձնական կտրվածքում։ Մի բան պարզ է, որ նա շատ էր ձգտում այս պաշտոնին:
Ազգային ժողովում նա հաջողություններ ունեցավ կոլեկտիվի կոորդինացման, շենքի և շրջապատի բարեկարգման, ԱԺ աշխատակազմի և պատգամավորների անձնական բարեկեցության բարձրացման, համեմատաբար խաղաղ և որոշակիորեն` կառուցողական, ստեղծագործ համագործակցության ապահովման և այլ ուղղություններով։ Խնդիրներ չուներ։ Չնայած իր բիզնեսներին «տանիք կանգնելու» առումով ևս ԱԺ նախագահի պաշտոնը միանգամայն բավարար կարելի էր համարել, սակայն Հովիկ Արգամիչի տարերքն ակնհայտորեն գործադիրն էր, քանի որ իր արմատները գալիս են գործարար միջավայրից։ Ահա` ինչու, նա ըստ հիերարխիայի` Հանրապետությունում երրորդ պաշտոնը միշտ գերադասում էր արդեն ձեռք բերված` երկրորդից, և ամեն ինչ արեց դրան հասնելու համար։ Ցավը միայն այն է, որ Հանրապետության տնտեսության ղեկավարի պաշտոնը նա իր ուսերի վրա վերցրեց շատ անկայուն և վտանգավոր շրջանում։
Հովիկ Աբրահամյանի վարչապետության գալը շատերը կապեցին մի պարզունակ քաղաքական իրողության հետ. ենթադրվում էր, որ նա, օգտագործելով իր խնամիական կապերը, պիտի կարողանար զսպել երկրում երկրորդ քաղաքական հեղինակությանը հասած և սրընթաց առաջ ընթացող Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» չափազանցված նկրտումները։
Ու քանի որ այս խնդրի լուծումը մեկ տարի անց ստիպված իր վրա վերցրեց նախագահը, այս ուղղությամբ վարչապետի քաղաքական առաքելությունը հասարակության մեջ համարեցին ձախողված։
Հիրավի, վարչապետը չկարողացավ Ծառուկյանին ետ պահել էքստրեմալ դիրքորոշումներից, արդյունքում ուղղորդումը զիջելով, Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպմամբ`«ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակի» (Չնայած` չեմ կիսում այս կարծիքը.- Ա.Մ.)։
Ինչևէ, Իվանիշվիլիի ֆենոմենը Հայաստանում չկայացավ։ Սերժ Սարգսյանը կարողացավ մեկ քայլ ավելի հեռուն մտածել Սահակաշվիլիից, գուցեև` նրա փորձից գործնական եզրակացություն կատարելով, որ երկրորդ ժամկետը լրանալուց հետո հայկական Իվանիշվիլիով գնալ ընտրությունների` նույնը կարող է կատարվել, ինչ Վրաստանում։
Ընդհանրապես` երկար սպասված վարչապետությունը Հովիկ Աբրահամյանի համար մի տեսակ փակուղի դարձավ` նա այստեղից գնալու տեղ չունի։ Ըստ վիճակագրության, կիսանախագահական համակարգ ունեցող երկրներում երկրի գլխավոր պաշտոնին հասնելու առավել շանս են ունենում վարչապետները և մայրաքաղաքի քաղաքագլուխները։ Բայց Հովիկ Աբրահամյանին դա չի «սպառնում», հայտնի պատճառով` ՀՀ նախագահն իր լիդերությունը հանձնել չի պատրաստվում։ Սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնը առեղծվածային է դառնալու, և դեռ չի որոշված` ովքեր են հավակնելու դրան, և դրանց շարքում կլինի՞ արդյոք Հովիկ Աբրահամյանը։
Այսօր վարչապետը Հայաստանում քաղաքական գերակայություն չունի, նրա քաղաքական լծակները խիստ սահմանափակված են, և Հովիկ Աբրահամյանը գրեթե ոչինչ չի անում դրանք ուժեղացնելու համար` հասկանալով վտանգավորությունը։ Իր վարչապետության շրջանում ավելի շատ գործառույթներ անցան «սուպերնախարարների» ձեռքը, և հարցական է ընդհանրապես` այդ իրավիճակում որքա՞ն արդյունավետ է վարչապետի գործունեությունը։
Վարչապետը Հայաստանում թույլ քաղաքական ֆիգուր է, գործադիրի իրական ղեկավարը սահմանադրությամբ մնում է նախագահը։ Սակայն Հովիկ Աբրահամյանի գալը մեկ տարի առաջ թույլ տվեց նախագահին ավելի ապահովագրել իր իշխանությունը. սա հաշվարկված էր։
Ինչպիսի՞ն է դրությունն այսօր` առայժմ վարչապետի խնդիրն օրակարգում չէ։ Առայժմ։
Ինքը` Հովիկ Աբրահամյանը, դավանում է «քիչ քաղաքականություն և շատ մտածել տնտեսության մասին» սկզբունքին, ինչը լավ ընկալելի է իշխանական համակարգում և ճիշտ համապատասխանում է ՀՀ-ում վարչապետի կոչմանը։
Այս պայմաններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ինքնահաստատման միակ ոլորտը, ինչպեսև պատշաճում էր, մնացել է տնտեսությունը, որտեղ նա առաջին տարում, պետք է ասել, նկատելի ազդեցություն չկարողացավ ունենալ։
Երկրում տնտեսական վիճակի մանրամասն գնահատականը շատ է տրվել և դեռ, կարծում եմ, կտրվի այս օրերին։ Սակայն կարևոր է` ինչ դիրքերից է կատարվում գնահատումը։
Ակնհայտորեն, ներկայիս վարչապետը ժառանգեց փլուզված և շատ վտանգավոր եզրի հասած տնտեսություն։ Առանց մեղմելու` պետք է ուղղակի նշենք, որ Սերժ Սարգսյանի նախագահությունից ի վեր, քանի դեռ նա զբաղված էր Հայաստանի տեղին և դերին վերաբերող, գլոբալ քաղաքականությամբ, երկրում որդեգրվեց հանդուգն, ցինիկ և արկածախնդիր տնտեսական քաղաքականություն` հագեցած դեմագոգիայի մեծ չափաքանակով։ Զարգացման շրջանում աշխարհում իր տեմպով աչքի ընկնող Հայաստանը դրան հաջորդած անկման շրջանում տեղափոխվեց վերջինների մեջ։ Այո, միջազգային տնտեսական ճգնաժամի շրջան էր, բայց ամենևին պարտադիր չէր աշխարհում ռեկորդսմեն դառնալ հենց անկման ցուցանիշով։
Ինքը` Հովիկ Աբրահամյանը, երբեք չի կոնկրետացնում` ինչ է ժառանգվել իրեն։ Պետական փոշիացված փողեր ու փոշիացված ներդրումներ, անհեռանկար վարկեր։ Արտառոց խոստումներ, բարձր պարտավորություններ` ի սկզբանե հասկանալի, որ չեն կատարվելու։ Ներդրումների բացակայություն։ Արտաքին վարկավորման ռեզերվների սպառում և մեծ պետպարտքի կուտակում Ռոբին Հուդի հարկեր (հարուստների նկատմամբ) և խաչագողի տուրքեր (լավագույն օրինակը`«կարմիր գծերի» համակարգը)։ Վարկավորման ճգնաժամ։ Արտարժույթի զանգվածային արտահոսք։ Էժան գնով վաճառված ոսկու պաշարներ, չաշխատող մոդելի տնտեսություն, որը հաստատված է ժողովրդից կորզելու վրա։ Փողը փնտրում են աղքատ առևտրականի գրպանում։ Արդյունաբերությունը չի զարգանում, գյուղատնտեսությունն արգելակվում է, արտահանումն ու ներկրումը` մենաշնորհացվում։
Երկրում բիզնես գործոն է միայն շրջանառությունը` ներմուծողները կենսամթերքներ են բերում և ծախում իրենց ուզած գներով` փողը պիտի ժողովուրդը ճարի` որտեղից ուզում է։ Ժողովուրդն ինքն է իրեն պահում` դրսից ուղարկածով, առանց պետության, որը միայն իր բաժինն է վերցնում դրանից` բավական ագահորեն։ Աղքատ երկրում սպառողական ապրանքների վրա հաստատվել են այնպիսի գներ, որ գերազանցում են հաճախ ամենահարուստ երկրներին` համակարգիչները, հեռախոսները, տեխնիկան գերադասում են հնարավորինս դրսից բերել` էժան է։
Արտառոց վիճակ է երկրի հաշվեկշռում, երբ ներմուծումը եռապատիկ-քառապատիկ գերազանցում է արտահանումը։ Բյուջեի հավաքման գործում գնալով աճում է շեշտադրումն անուղղակի հարկերի ու տուգանքների վրա, ինչը չորացնում է ժողովրդին, քամում նրա հնարավորությունները, որ կարող էր ներդնել ապրանքներ ձեռք բերելու և արտադրությունը դրանով խթանելու վրա։ Սա սպանում է երկիրը։
Այս ամենի մեջ, դժվար չէ նկատել, որ այսօրվա վարչապետի մեղքը քիչ է, սա հաստատված ավանդույթ է, որ անհրաժեշտ է կոտրել։ Այս պայմաններում դրությունը ոչ թե բարելավվում է, այլ կարծես ավելի է բարդանում։ Ներդրումները կրճատվում են աղետալի կերպով։ Եթե հավատանք որոշ հաշվարկների, 2015 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 10 անգամ (!!!)։
2014-ին հարկային եկամուտների աճի պլանը թերակատարվել է։ Թերակատարվել են նաև բյուջեով նախատեսված ծախսերը։ Ակնհայտ է, որ միայն հարկերով ու մաքսերով բյուջեն լցնելու քաղաքականությունը սպառել է իրեն։ Հարկահավաքման աճի տեմպերը 2014-ին անկում են ունեցել։ Սա վկայում է կամ վարչապետի` ստվերի դեմ պայքարի տապալումը, կամ` դրա ռեսուրսների սպառումը` սխալ է ամեն ինչ ստվերի վրա բարդել։ Ակնհայտ պատճառներից են գործարարության ճակատի կրճատումը, աշխատուժի և գործարարության արտագաղթը։
Այս տարի պատմության մեջ կգրվի, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք Հայաստանի պետական պարտքը հատեց 50%-ի սահմանը։ Չի կարող մխիթարանք համարվել, որ շատ երկրներում այն շատ ավելի բարձր է։ Արտադրություն չունեցող մեր երկրի համար, որտեղ ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանումը, սա շատ վտանգավոր սահման է։
Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե կոռուպցիան Հայաստանում նվազել է, կամ դրա դեմ նկատելի, անմիջական պայքարն ուժեղացել է։ Վարչապետի ղեկավարությամբ այդ նպատակով ստեղծված խորհրդում ընդամենը հորդորներ են հնչում բիզնեսմեն անդամներին` չչարաշահել պաշտոնը և սանձել սեփական ախորժակը։ Այսքանը։ Որևէ նկատելի փոփոխություն չկա նաև ստվերային տնտեսության կրճատման միտումներում։
Իր տեսակով Հովիկ Աբրահամյանն ավելի շատ ազատականության կողմնակից գործիչ է, բայց ինչ ճանապահով դա կիրագործվի` մի տարի անց դեռևս չի գծագրվում։ Միջազգային բոլոր վարկանիշային գործակալությունների գնահատականներում` Fitch, Moodyգs, S&P, ըստ տնտեսական աճի կանխատեսումների, Եվրաբանկի և Heritage foundation- ի տնտեսական ազատությունների սանդղակներում Հայաստանի գծով նկատելի ետընթաց է արձանագրվել։ Իհարկե, չպետք է բացառել, որ կապված ԵՏՄ ընդունվելու հետ է նրանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վատացել, բայց չի կարելի նաև հաշվի չնստել այս` ընդհանուր առմամբ օբյեկտիվ գնահատականների հետ։ Միջազգային կազմակերպություններն ընթացիկ տարվա համար կանխատեսում են արդեն 0-ին մոտ տնտեսական աճի ցուցանիշ։
2015 թ. ՀՀ պետական բյուջեի բովանդակությունից երևաց, որ որակական փոփոխություններ աշխատաոճում չեն կատարվել, և լավ չգիտեն` ինչ է լինելու – կարծես գրված է նախորդ տարիների տրաֆարետով։
Իսկ սկզբունքային մոտեցումներն աննշան քիչ են։ Կառավարման դեմոկրատացման նպատակով նոր վարչապետն առաջին օրերից որդեգրեց բոլորին լսելու ձեռագիրը, սակայն արագորեն պարզ դարձավ, որ սրան-նրան լսելով` տնտեսություն, երկիր ղեկավարել հնարավոր չէ։
Իբր խնդիրները քիչ էին` մեկն էլ մեզ պարտադրված ԵՏՄ-ն էր, որի բերած պրոբլեմներից իր ստեղծողներն իսկ գլուխ չեն հանում։
Այսօր, աճող արտաքին սպառնալիքի պայմաններում, իշխանության համար չափազանց անհրաժեշտ է երկրում համերաշխությունը, միակամությունը պահպանելու խնդիրը։ Անկասկած, այդ հատկությունն ունի վարչապետը։ Սակայն տնտեսական ծայրահեղ դրությունը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ազգային միաբանության վրա։ Խառը ժամանակները կարող են գալ ավելի շուտ, քան սպասում են իշխանությունները։ Առաջիկայում տրանսպորտի, էլեկտրականության և ընդհանրապես կենցաղային ոլորտում գների բարձրացումն ինչպես կընկալվի ժողովրդի կողմից, ինչպես պետք է դա դիմագրավվի` դժվար է հստակ պատկերացնել։ Սա մեծ մարտահրավեր է վարչապետին և Հայաստանի իշխանությանն ընդհանրապես։ Ամենից ավելի դա ծանրանում է վարչապետի ուսերին, մանավանդ, եթե քավության նոխազ փնտրվի։
Նման մարտահրավերների պայմաններում ձեռագիր և բնավորություն ունեցող մարդիկ են պետք։ Այդպիսիք մեր իշխանությունում քիչ են, առաջնությունը տրվում է հավատարմությանը, ենթարկվող լինելուն և այլն։ Շատերը պահանջում են պահպանողականությունից, կծկվելուց` անցնել վստահ բարեփոխումների։ Իրավիճակի քննությունից կարելի է տպավորություն ստանալ, որ տնտեսական վերափոխման (վերածննդի) բանալին վարչապետը դեռ չունի։
Քննադատությունը հիմա մոդա է, բայց ճիշտ չէ միտումնավորությամբ չտեսնել նաև կատարված իրական աշխատանքը։
Այս մեկ տարում ակնհայտորեն երևում է, որ կառավարումն ավելի լրջացել է։ Պակասել են մանկամիտ, մատից ծծած ու գլխից մեծ խոստումները, որ չեն կատարվելու և ուղղված են հիմարացնելու մարդկանց, քայքայելով պետության հեղինակությունը։ Վարչապետն այս առումով լավ է տիրապետում իրադրությանը` երբեմն կասկածի տակ դնելով նույնիսկ այնպիսի ծրագրեր, որոնք ոգևորություն են առաջացնում։
Երկրի կառավարման ձեռագրում ընդգծվում է սոցիալական քաղաքականության միտվածությունը, որը շատ դժվար է իրականացնել նման ծանր պայմաններում, սակայն համընկնում է նաև երկրի նախագահի հակումներին։
Կարելի է ասել, ամեն հնարավորն արվում է գազի, էլեկտրականության, ուղևորափոխադրումների, ծառայությունների գների թանկացում թույլ չտալու համար, երբեմն` անհնարինին մոտեցող իրավիճակներում։ Էներգետիկայի գինն այսօր Հայաստանում ցածր է, քան էներգակիրներ ներկրող երկրների մեծամասնությունում, այդ թվում`գեոքաղաքական ավելի նպատակահարմար վիճակում գտնվող հարևան Վրաստանում։ Նույնպես և` պետական վերահսկողության տակ գտնվող քաղաքային տրանսպորտի, տաքսիների սակագները` էականորեն ցածր են պահվում միջազգայինից։
Կառավարությունը բոլոր թույլատրելի և անհնարին մեթոդներով կրճատում է այս ոլորտներում սպասարկում մատուցողների ծախսերը, առավելագույնս պարզեցնում լիցենզավորման պահանջները, վերացնում բյուրոկրատական քաշքշուկների սողանցքերը, բոլորը մի հիմնական նպատակով` կանխել ծառայությունների գների բարձրացումը։ Մենք խոսեցինք տնտեսական անկման մասին, սակայն իրականության մեջ հաճախ պահեր են լինում, երբ եղած վիճակի պահպանումն իսկ հերոսություն կարող է պահանջել։ Ռուսաստանում, Վրաստանում գների աճը նշանակալիորեն ավելի զգալի է։ Նույնը և` ժողովրդից պահումները։ Ռուսաստանում, օրինակ, ապրիլի 12-ից ԱՊՊԱ գանձումներն աճեցին միանգամից 40%-ով։ Նման ոլորտներում Հայաստանի կառավարությունն ակնհայտորեն ժողովրդի կողմն է աշխատում կանգնել մինչև վերջին պահը։
Անցած տարի, մեծ ընդմիջումից հետո, նույնիսկ բյուջեի չափազանց սուղ պայմաններում, ապահովվեց պետական ծառայողների աշխատավարձերի շոշափելի բարձրացում` արժանապատիվ կերպով և խոսքը կատարելով ամբողջությամբ, առանց ավանդական «ֆոկուսների», ինչը մեծապես բարձրացրեց վարչապետի հեղինակությունը, և ամենակարևորը` աշխատունակ դարձրեց պետական ծանր շնչող ապարատը, ինչ-որ հնարավորություն բացվեց այնտեղ աշխատելու` առանց կոռուպցիայի, արդար աշխատավարձով։ Սուղ պայմաններում հնարավորինս բարձրացվեցին թոշակները։
Հիշարժան է արժութային ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում, ինչն էականորեն ավելի արդյունավետ էր, քան մյուս երկրներում, այդ թվում` տնտեսական հնարավորություններով անհամեմատելի Ռուսաստանում։
Վերականգնվեց ազգային արժույթի նկատմամբ վստահությունը։ Այսօր քիչ ենք խոսում այդ մասին, բայց սա ձեռքբերում էր, ի տարբերություն որոշ ազդեցիկ տնտեսագետների, որոնք խոսում են ազգային արժույթի արհեստական արժեզրկման մասին։ Նրանք գտնում են, որ արժեզրկումն անհրաժեշտ է տնտեսության մրցունակության բարձրացման համար, չմտահոգվելով, որ դրա հիմքում ընկած է բնակչությանը, աշխատավորներին էլ ավելի ընչազրկելու մեխանիզմը։ Ծայրահեղ աղքատ ազգաբնակչության դեպքում դա աղետի կարող է հանգեցնել։
Այս տեսակետից փրկություն կարելի է համարել, որ այսօրվա վարչակազմը (առաջին հերթին` նախագահն ու վարչապետը) ոգևորված չեն «շոկային թերապիայի» մեթոդներով։
Բազմաթիվ բնագավառներում վարչապետն անցավ մեղմ քաղաքականության, սահմանափակեց դրակոնյան տուգանքները (օրինակ` երթևեկության ոլորտում), սահմանապահ գյուղերը հարկերից ազատվեցին։ Հիպոթեքի տոկոսը պակասեցվեց (սուբսիդավորումով), երբ համադրելի տնտեսական համակարգում գտնվող Ռուսաստանում այն, ընդհակառակը, աճում է։ Բավականին ճկուն լուծումների շնորհիվ հաջողվեց ինչ-որ չափով մեղմել նախկինում պարտադրված շրջանառության հարկի խնդիրը։ Նույնը և, մասնակիորեն, պարտադիր կուտակայինը։ Դրանով չեզոքացվեցին լայն շերտերին համակած հուզումները։
Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական աճը Հայաստանում` ճիշտ է, ավելի ցածր է, քան կառավարության ծրագրով և բյուջեով նախատեսվածը, սակայն այն առայժմ հերքում է միջազգային հոռետեսական կանխատեսումներն աճի կանգ առնելու կամ ետընթացի մասին։ 2015-ին Հայաստանում ՀՆԱ-ի կանխատեսվող աճն ամենաբարձրն է ԵՏՄ երկրների մեջ։
2015-ին ետխորհրդային երկրների արժույթներից միայն դրամն է արժևորվել` սա նույնպես պետական կայունության ցուցանիշ կարելի է համարել։
Ի վերջո, Հովիկ Աբրահամյանը կարողացավ դժվար պայմաններում անցկացնել հերթական բյուջեի նախագիծը` ոչ թե մեծամասնության դիկտատով, այլ որոշակի ըմբռնման մթնոլորտում։ Չնայած այն իր մեջ որակական փոփոխություններ չուներ, բայց նկատվեց, որ նույնիսկ ընդդիմադիրների մեծամասնությունը մեղմ վերաբերմունք դրսևորեց` մի վերջին անգամ փորձելով հավատալ կառավարության նպատակների անկեղծությանը։
Հայաստանն այսօր ծանր անցումային վիճակ է ապրում` միջազգային դժվար պայմաններում։ Երկրի տնտեսությունը կորցրել էր իմունիտետը։ Վարչապետի գործունեությունը մեծ դեր ունի իշխանության կայունության ապահովման գործում, և նրանից հստակ սպասելիքներ կան` թե՛ որպես գործադիրի փորձառու ղեկավար, թե՛ որպես կազմակերպիչ, թե որպես ճգնաժամային մենեջեր, ով կարող է կայունացնել մթնոլորտը երկրում` առնվազն մինչև գալիք ընտրություններ։
Իր աշխատանքային փորձով և աշխատաոճի, բնավորության առանձնահատկություններով Հովիկ Աբրահամյանն այս հատկանիշների ընդգծված կրողն է, համակարգի ամենաներդաշնակ ներկայացուցիչներից մեկը։ Վարչապետն ագրեսիվ ձեռագիր չի կիրառում, չի սիրում վատություն անել, կարողանում է իրեն հասարակ և մատչելի պահել, և դա ինչ-որ տեղ մեղմում է իշխանության և հասարակության, իշխանության և ընդդիմության միջև անջրպետը։ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում է զարգացման ավելի հավասարակշռված, պահպանողական ուղղությունը։