Բաժիններ՝

Հայ կինը դերային փոփոխություն է կրել և իր վրա է վերցրել մի շարք հոգսեր

Չնայած կանայք այսօր Հայաստանում ավելի ակտիվ գործունեություն են ծավալում, քան տարիներ առաջ, այնուամենայնիվ, մեր երկիրը մնում է տղամարդկանց երկիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

Շնորհավորելով կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ՝ նա նշեց, որ հայ կինը դերային փոփոխություն է կրել և իր վրա է վերցրել մի շարք հոգսեր: Միաժամանակ նա նկատեց, թե հակասություն կա՝ եթե կանայք ավելի ակտիվ և նպատասլաց են դարձել, ապա ինչո՞ւ են երկրի ղեկավար դիրքերում տղամարդիկ:

Երգահան, երգչուհի Ալլա Լևոնյանն էլ նշեց, որ այսօր հայ կինը տարբերվում է նրանով, որ կարող է ինքնամոռաց տրվել իր ընտանիքին, ամուսնուն: Նրա խոսքով՝ լավագույն տարբերակն այն է, որ տղամարդը մի փոքր կնոջից առավել լինի ընտանիքում, պարզապես կինը պետք է կարողանա իրեն արժևորել:

Լրացնելով գործընկերոջը՝ Լ. Պիպոյանը նկատեց, որ հայ կնոջ մեջ գենետիկորեն դրված է ընտանիքի կարևորությունը, մնացած բոլոր առումներով՝ մարդկային, ֆիզիոլոգիական, կինը կին է ամենուր:

Անդրադառնալով որոշ ընտանիքներում կանանց ճնշվածությանը, նրանց նկատմամբ կիրառվող բռություններին՝ Լ. Պիպոյանն ասաց, որ բոլոր հարցերի լուծումը պետք է տա համակարգը, զարգացող պետությունը, առաջընթացը. «Կինը պետք է լինի կարդացող, հետաքրքրված, և իր ամուսնու հետ սիրի իր երկիրն ու ավանդույթները, և սա կհամարվի նորմալ զարգացում»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս