Բաժիններ՝

«Այսօր մասնագետներին դիմող հայ կանանց 50 տոկոսից ավելին օրգազմի խնդիր ունի». մասնագետ

Հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերակատարումը փոխվել է: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցին գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը և սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրանց խոսքով՝ անգամ ուժեղ և կայացած տղամարդիկ այսօր չեն կարողանում այնպես անել, որ կինն իրեն իսկապես կին զգա և ինքնադրսևորվի:

«Ի տարբերություն տղամարդկանց՝ կնոջ օրգանիզմում կան մի քանի հորմոններ, օրինակ, օքսիտոցինը, որի միջոցով նրանք կարողանում են մտերմիկ հարաբերություններ ունենալ, կիսվել իրենց խնդիրներով, հարազատ զգալ: Կինը ցանկանում է իրեն ապահով զգալ, իսկ եթե ամբողջ սեռական ակտի ժամանակ կենտրոնացած է լինում հղիությունից պաշտպանվելու վրա, չի կարող լիարժեք ապրել»,- ասաց գինեկոլոգը:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ տղամարդիկ ընտանիքում կերպարանափոխվում են նաև այն պատճառով, որ կանայք չեն թողնում, որպեսզի տղամարդն ինքը նախաձեռնի. «Վերաբերմունքի փոփոխություն է եղել, և կինը՝ որպես կին, իրեն պահանջված չի զգում, և այստեղից էլ առաջ է գալիս խնդիրների մի մասը, ժամանակի ընթացքում նրանք զգում են ուշադրության, ինտիմ կյանքի կարիք, կնոջ մոտ առաջ է գալիս նևրոտիկ վիճակ: Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում կինն էլ կարող է իր հետաքրքրությունը կորցնել տղամարդու հանդեպ»:

Ըստ սեքսապաթոլոգի՝ այսօր մասնագետներին դիմող կանանց 50 տոկոսից ավելին խնդիր ունի՝ օրգազմի հետ կապված, որը, որպես կանոն, պատճառ է ամուսնու անտարբերության, ինտիմ կյանքի հանդեպ հայացքների փոփոխության, հետևաբար՝ դա իր ազդեցությունն է ունենում առօրյա կյանքի խնդիրների վրա:

«Իմ ավագ գործընկերները 70, 80-ական թվականների մասին խոսելիս՝ երբեք չեն ասել՝ բիզնես-կին, այսօր կանայք ակտիվացել են, գործարարությամբ են զբաղվում, բայց դա նրանց չի խանգարում ունենալ սեռական կյանք, սիրել իրենց ամուսնուն և ընտանիքը: Երբեմն կարող է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով տուժել սեռական կյանքը, բայց սա հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, այնպես որ, այստեղ պետք չէ գործարար կին կամ տղամարդ սահմանը դնել»,- հայտնեց Վ. Շահրամանյանը:

Սեռական խնդիրների մասին, ըստ մասնագետի, սկսել են խոսել նաև տղամարդիկ, այսօր այս հարցում անցումային փուլում ենք:

Լիլիթ Կուջոյանը հավելեց, որ հարաբերություններում ներդաշնակության հասնելու համար շատ կարևոր է, որ լինի երկկողմանի պարտադիր ուշադրություն, հոգատարություն, նրբանկատություն. «Եթե անկողնում ինչ-որ բան այն չէ, մտերմիկ զրույց պետք է ունենալ: Այստեղ շատ կարևոր է նրանց կրթական մակարդակը»:

Ինչ վերաբերում է հայ տղամարդկանց, այսպես կոչված, «ձախ» գնալուն, Լ. Կոջոյանը նշեց, որ տղամարդն իր կնոջ հետ պետք է ունենա այնպիսի սեռական կյանք, որում ինքն իրեն բավարարված կզգա:

«Տղամարդիկ նշում են, որ «ձախ» գնալը սովորություն է, մի խումբ տղամարդկանց մոտ այն կարող է հանդիպել մինչամուսնական շրջանում, հետո, երբ արդեն ամուսնանում են, իրենց կնոջ հետ չեն ունենում այն սեռական հարաբերությունները, որին իրենք արդեն սովոր են: Մի խումբ տղամարդկանց մոտ սա ինքնահաստատման, արժանապատվության դրսևորում է: Ոմանց մոտ նման ցանկություն առաջանում է իրենց կնոջ հետ բուռն վեճ ունենալուց հետո, նրանք այսկերպ ցանկանում են վրեժխնդիր լինել: Եվ ամենատարածված պատճառներից մեկն էլ սպասելիքների և ցանկությունների բախումն է, երբ իրենց ցանկացած հարաբերությունը չեն ստանում»,- մեկնաբանեց սեքսապաթոլոգը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս