«Եթե ԵՏՄ երկրները շարունակեն պրոյեկտը դիտարկել ՌԴ-ի կողմից տրամադրված գումարի արկղ և այն արագորեն ծախսեն, ԵՏՄ-ն կավարտվի»
Հարցազրույց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ
– Պարոն Սիմոնով, փաստորեն նավթի համաշխարհային շուկա է վերադառնում հզոր խաղացող Իրանը, որը, մի շարք փորձագետների գնահատմամբ, խաչ կքաշի սև ոսկու գնանկումը կանգնեցնելու` Ռուսաստանի փորձերի վրա։ Հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցները, ուկրաինական ճգնաժամը և ՌԴ տնտեսության համար անբարենպաստ զարգացումները` հավելյալ ծախսերը` Իրանի նոր դերակատարությունն ինչպե՞ս կանդրադառնա ռուսական տնտեսության վրա։
– Իրականում, ես կասեմ, որ Ռուսաստանը չի փորձում կանգնեցնել նավթի գնանկումը, դա սխալ գնահատական է։ Մենք չենք ազդում նավթի գների վրա, և այստեղ ասելիք չկա, չենք պատրաստվում ոչինչ հորինել, ուստի պետք չէ ասել, թե խեղճ Ռուսաստանը չի կարողանում ոչինչ անել այդ անընդհատ ընկնող նավթի գների հետ։ Փաստորեն, իրանական գործոնը շատ չափազանցված է ներկայացվում նավթային շուկայում։ Ներկայում խոսքը միայն շուկայի վրա հոգեբանական ազդեցության մասին է։ Եթե Դուք դիտարկեք այն, թե որքան նավթ է արդյունահանել Իրանը մինչ պատժամիջոցները, և դրանից հետո կհասկանաք, որ իրականում արդյունահանման կրճատումը եղել է մոտավորապես 40 միլիոն տոննա։
Սա, իհարկե, բավականին մեծ ծավալ է, սակայն դա այնքան հրեշավոր ծավալ չէ, որպեսզի նավթի գները սկսեն ընկնել շատ ավելի շատ։ Ամենագլխավորն այն է, որ Իրանի նավթագազային լիազորությունները գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, և 1995-ից ԱՄՆ-ը արգելում է իր ընկերություններին ներդրումներ կատարել Իրանի նավթագազային պրոյեկտներում։ Բնականաբար, նույնը նաև Եվրոպան։ Բայց ասել, որ մատի մեկ հարվածով Իրանը եկավ և մեծացրեց նավթի արդյունահանումը, դա նրա մոտ հեշտ ստացվեց, սա շատ դրական պատկերացում է։
Այնպես որ, այստեղ իրանական գործոնի ազդեցությունը որևէ դրամատիկ ազդեցություն չի ունենալու, և պետք չէ ասել, թե Իրանի ապաշրջափակմամբ նավթի գները կտրուկ անկում են ապրելու։ Ի դեպ, հետևեք և տեսեք, թե ինչ է կատարվում Արաբական թերակղզում, Եմենում ռազմական հակամարտությունը բռնկվում է, շիա ապստամբները (հուսիթները) փորձում են հարձակվել և ներթափանցել Ադենի նավահանգիստ։
– Այսինքն` չեք բացառում, որ նավթի գները նույնիսկ բարձրանա՞ն։
– Այսինքն` այնտեղ իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ։ Իրանական գործոնը իսկապես միգուցե նավթի գները գցի ներքև, իսկ Եմենի գործոնը` չի բացառվում, որ բարձրացնի գները դեպի վեր։ Ուստի ես` հաշվի առնելով պատճառները, համակարգայնությունը, կտրուկ որևէ կարծիք չէի հայտնի` ասելով, թե իրանական գործոնը կիջեցնի նավթի գները։ Առավել ևս, իրականում արտադրողները որոշիչ դերակատարություն նավթի գների վրա չեն ունենում, դա շփոթմունք է։
Ես բազմիցս եմ ասել, որ ԱՄՆ-ն է վերահսկում և կառավարում այս ոլորտը և նավթի համաշխարհային գները, քան Սաուդիան Արաբիան և Իրանը, առավել ևս` ոչ Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ Միացյալ Նահանգներին սուպեր էժան նավթի գին ձեռնտու չէ, քանի որ հենց գները սկսեն ընկնել, կսկսեն պայթել թերթաքարային գազի արդյունահանման ծրագրերը։ Արդեն նախորդ տարի որոշ ծավալներ կրճատվել են, դա լուրջ սպառնալիք է, ու դա ևս անհնար է արհամարհելը։ Ուստի չեմ կարծում, որ նավթի գները կտրուկ անկում են արձանագրելու։
– Հույսեր կան, որ Իրանի ապաշրջափակումը Հայաստանի ճկուն քաղաքականության արդյունքում` կմեղմի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Դա Ռուսաստանը թույլ կտա՞։ Դիտարկվում է նաև իրանական էներգակիրները Հայաստանի և Վրաստանի միջոցով Արևմուտք մատակարարելու հնարավորությունը։
– Ես այդքան էլ չեմ հասկանում, օրինակ, թե ինչ պետք է առևտրաշրջանառեն Հայաստանն ու Իրանը։ Նայեք քարտեզին, ինչի՞ համար պետք է Իրանից գազ արտահանել Հայաստանի և Վրաստանի միջոցով։ Ի՞նչ իմաստ կա։ Իհարկե, եթե նման պրոյեկտներ իրագործվեն, ապա Իրանը կնախընտրի Թուրքիայով միանգամից Եվրոպական միություն դուրս գալ։ Ծիծաղելի է, ինչո՞ւ Հայաստանը, եթե Իրանն ուղիղ սահման ունի Թուրքիայի հետ, քարտեզին պետք է նայել։ Իրանական գազ չի կարող Արևմուտք արտահանվել Հայաստանի միջոցով։
Վրաստանի միջոցով արտահանվում է միայն ադրբեջանական գազ, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ուղիղ սահման չունի, այստեղ գաղտնիքը պարզ է, ուստի իրանական գազի տարանցումը Հայաստանի հետ կապ չի ունենալու։ Դրա համար նույնիսկ պետք է 15-20 տարի ապրել. քանի որ տարանցումը բարդ գործընթաց է։ Վախենամ, որ պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր մտածում են իրանական գազ Արևմուտք արտահանելու մասին, առավել ևս` Հայաստանի միջոցով։ Եթե Դուք Հայաստանով, Վրաստանով գազամուղ կառուցեք, այն դեպի ո՞ւր պետք է գնա, Սև ծովով պետք է գնա Բուլղարիա՞, կամ ինչպե՞ս։ Ես նման պրոյեկտների իրագործելիության մասին դեռ չեմ լսել։
– Պարոն Սիմոնով, ի՞նչ կասեք ԵՏՄ-ի մասին, այն գործում է շուրջ մի քանի ամիս` ՌԴ տնտեսության համար անբարենպաստ պայմաններում, և բոլոր երկրների փորձագետները խոսում են, որ այն մեռելածին պրոյեկտ է։ Ինչպե՞ս եք գնահատում այս կառույցի առաջին եռամսյակի աշխատանքը։
– Ես ձեռնպահ կմնայի կտրուկ գնահատականներ տալուց։ Ես ընդունում եմ այն փաստը, որ այդ պրոյեկտը շատ խնդիրներ ունի, չենք թաքցնի, բայց պետք է դեռ սպասել ու տեսնել։ Ռուսաստանը դեռ չի փակում այդ պրոյեկտը։ Ես արդեն ասել եմ, որ այդ պրոյեկտը չպետք է դիտարկել. «Ռուսաստանը մեզ փողը տա, իսկ մենք կհասկանանք` ինչ անել»։ Պետք է լինի պրոյեկտ, որում մասնակցեն բոլոր երկրները։ Իսկ եթե ԵՏՄ անդամ երկրները ԵՏՄ-ն դիտարկում են մի գումարի արկղ, որը պետք է արագորեն ծախսել, ապա այն, բնականաբար, շուտ կավարտվի, իսկ եթե մենք իսկապես մտածենք իրական տնտեսական ինտեգրացիայի, փոխշահավետության մասին, ապա միգուցե ինչ-որ բան ստացվի։ Ուստի խնդիրներն ակնհայտ են, դրանք կան, պարզապես ժամանակից շուտ չպետք է այդ պրոյեկտը թաղենք։