Ի՞նչ է ասելու Լավրովը Նալբանդյանի ականջին
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Այս այցի մասին ռուսական պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են արդեն մի քանի օր՝ բավական մեծ նշանակություն տալով դրան: Երեկ էլ Նալբանդյանի այցի կապակցությամբ պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը, որում, բացի տեղեկատվությունից, նաև որոշակի հետաքրքիր նրբերանգներ կան հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ռուսական կողմի գնահատականների մասով:
Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշված է, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեհաջող համագործակցություն է ձևավորվել գլոբալ և տարածաշրջանային «հիմնական թեմաների շուրջ», իսկ երկու երկրների դիրքորոշումները հարցերի «մեծ մասում» կամ մոտ են, կամ գրեթե համընկնում են: Այսինքն՝ Ռուսաստանը դեռևս դիվանագիտորեն արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում կան հարցեր, որոնց շուրջ երկու պետությունների դիրքորոշումներն ամբողջությամբ չեն համընկնում: Նման հարցերը, իհարկե, բազմաթիվ են, սակայն դրանցից ամենագլխավորն ու կենսականը Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն է Ադրբեջանին, ինչի մասին վերջերս բարձրաձայնել է ինչպես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ՝ Էդվարդ Նալբանդյանը: Դրանից հետո Հայաստան եկավ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինը և հերթական անգամ Ադրբեջանին զենքի վաճառքը որակեց՝ որպես «բիզնես գործարք»:
Ի դեպ, Նալբանդյանն իր այցի շրջանակներում հանդիպելու է նաև Նարիշկինի հետ: Հետաքրքիրն այն է, որ ռուսական կողմը մեծ, չափազանց մեծ նշանակություն է տալիս ՀՀ արտգործնախարարի այս այցին, որն այլ պայմաններում պետք է որ այդքան չկարևորվեր: «Ակնկալում ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան կարևոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կծառայի ռուս-հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը»,- նշված է ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության մեջ:
Իրականում ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, և դա տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից՝ հետևողականորեն ու միակողմանիորեն Հայաստանի շահերը ոտնահարելու, ու ՀՀ իշխանությունների կողմից՝ դա խոհեմաբար ընդունելու արդյունքում: Հիմա, երբ Հայաստանի իշխանությունները սկսել են, թեկուզ շատ զուսպ, բարձրաձայնել այդ մասին, Ռուսաստանը կարծես սկսել է անհանգստանալ, ու քարոզչական հոսքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Նալբանդյանին կանչել են Մոսկվա՝ պարզաբանումների համար: