Էդվարդ Նալբանդյանն անկեղծանում է. Ալեքսանդր Արզումանյանը՝ խարդախ, Աղվան Հովսեփյանը՝ պոետիկ. armlur.am
armlur.am-ը գրում է. Հայկական իրականությանն առնչվող «Վիկիլիքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարամատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինս պատմում է 2008թ. հուլիսի 10-ին իր եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջեւ կայացած հանդիպման մանրամասները: Կողմերը քննարկել են ներհայաստանյան իրադարձությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների հիմնախնդիրը:
Ուշագրավ է, որ ՀՀ ԱԳ նախարարը անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հասցեին: Ի դեպ, հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի այդօրինակ պահվածքը բավականին տհաճ տպավորություն է գործել ամերիկյան կողմի վրա: Այսպես, քննարկելով Հայաստանի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմնախնդիրները՝ Փենինգտոնը ընդգծել է, որ ամենասուրը դրված է քաղբանտարկյալների հարցը:
Ամերիկացին որպես ամենացայտուն օրինակ հիշատակել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի ազատազրկման փաստը: Փենինգտոնը արձանագրել է, որ Արզումանյանը բանտում է պահվում բավականին ծանր հոդվածներով՝ «պետական իշխանության բռնազավթում» եւ «զանգվածային անկարգությունների հրահրում», մինչդեռ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները կասկածելի են:
Ըստ էության, Փենինգտոնը հույս է ունեցել Է. Նալբանդյանին իր կողմը հակելու, երբ հիշեցրել է Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի ամերիկացի լինելու հանգամանքը: Նալբանդյանը, սակայն, անմիջապես կառչել է Փենինգտոնի դիվանագիտական վրիպումից եւ հպարտորեն հայտարարել, որ ոչ մեկի կնոջ կամ ամուսնու քաղաքացիությունը չի կարող նրան օրենքից վեր դասել: Ավելին՝ Նալբանդյանը սկսել է լուտանքներ տեղալ Արզումանյանի հասցեին: Դիվանագետին անվայել պահվածքով նա պնդել է, որ Ալեքսանդր Արզումանյանը «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»:
Իր հերթին Փենինգտոնը շրջանցել է խոսակցության նման ուղղությունը՝ շեշտելով, որ Արզումանյանն ընդամենը մեկն է հայտնի ընդդիմադիր գործիչներից, որ պահվում է անազատության մեջ կասկածելի մեղադրանքներով, որոնց համար իսկական ապացույցներ դեռեւս չեն հայտնաբերվել: Նկատենք, որ անկախ Արզումանյանի անձնական հատկանիշներից՝ Նալբանդյանը պարզապես իրավունք չուներ դուրս գալ էթիկետի սահմաններից ու նմանօրինակ որակումներ հնչեցնել:
Հենց միայն այն հանգամանքը, որ Նալբանդյանը Արզումանյանի նախարար լինելու շրջանում եղել է ՀՀ դեսպանը Եգիպտոսում, նրա համար կաշկանդող նշանակություն պիտի ունենար: Անշուշտ, յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, առավել եւս, որ նույն Արզումանյանն էլ է այսօր հիմնավորապես վերանայել իր հայացքները հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում ու քննադատում է այն իշխանությանը, որի մաս է եղել ինքը, բայց Նալբանդյանի պահվածքը դրանից չի դադարում տգեղ եւ ոչ ընդունելի լինել: Փենինգտոնը հավելում է, որ Է.Նալբանդյանը շարունակել է «ձանձրալիության աստիճանի հասնող շրջապտույտը» Արզումանյանի՝ մարդու իրավունքների անվան տակ քաղաքական մանիպուլյացիաների շուրջ իր անհետաքրքիր թեմայով: ԱԳ նախարարը նույնիսկ պնդել է, թե 2007թ-ին փորձել է այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանին համոզել, որ ազատ արձակի Արզումանյանին: Սակայն այս անգամ արդեն փոխելով իր հայացքը՝ Նալբանդյանը նույնիսկ ակնարկել է, որ Արզումանյանը մեղավոր է բազում չհաստատված հանցանքներում:
Չբացառելով հանդերձ Նալբանդյանի պնդումների հիմնավորվածության հավանականությունը՝ անկարելի է անուշադրության մատնել այն պարագան, որ այդ խոսքերը հնչեցվել են նախարարի մակարդակով նախկին նախարարի հասցեին օտար դիվանագետի հետ զրույցի ընթացքում: Համաձայնեք, որ նման կեցվածքը հանդուրժողականության ու բարության կոչեր անող իշխանությանը հարիր չէ:
Ի դեպ, հիշարժան է, որ ամերիկյան դիվանագետների հետ զրույցներից մեկում Սերժ Սարգսյանն իրեն էր վերագրել Արզումանյանի ազատումը: Ինչեւէ: Զրույցի ընթացքում ամերիկացի դիվանագետը արտահայտել է նաեւ իրենց հիասթափությունը «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածներից մեկի կապակցությամբ, որով ԱՄՆ-ն մեղադրվում էր Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու մեջ: Ըստ հեղինակի՝ խիստ մտահոգիչ է ոչ միայն հոդվածի առկայությունը, այլեւ այն հանգամանքը, որ թերթը կապված է անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Նալբանդյանը, շրջանցելով Սերժ Սարգսյանի կապվածության հարցը, սկսել է քննադատել հայկական մամուլին ընդհանրապես, միաժամանակ խոստացել համապատասխան զրույց ունենալ թերթի խմբագրի հետ: Հետաքրքիր է, որ Նալբանդյանը չի հերքել Սերժ Սարգսյանի ու վերոնշյալ թերթի կապը, ինչը տվյալ պարագայում հավասար է հաստատման: Զրույցի վերջում Փենինգտոնը հիշել է նաեւ ՀՀ (այժմ՝ նախկին) գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «տարօրինակ նկատառումները», ըստ որոնց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը հիպնոսացրել են ժողովրդին՝ օգտագործելով նեյրոլինգվիստիկ տեխնիկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով`