«Առաջնեկի դեպքում ինձ մոտ կար ծայրահեղ նվիրվածություն, հետո հասկացա, որ այդպես սխալ է». Նունե Եսայան. Life.panorama.am
Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի հետ, ով արդեն տևական ժամանակ է ինչ գտնվում է, իր խոսքերով, հարգելի և արդարացված դադարի շրջանում: Երգչուհին դստեր ծննդից հետո իր ողջ ուշադրությունը նվիրել է ընտանիքին, ինչը արել էր նաև տարիներ առաջ որդու՝ Հենրիի, լույս աշխարհ գալուց հետո: Նունե Եսայանը Life.panorama.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց 2013թ-ի սեպտեմբերի 21-ին բուռն քննարկումների առիթ դարձած իր մենահամերգի, սպասվելիք վերադարձի, երեխաների, սիրելի ամուսնու մասին և բացահայտեց երջանկության իր գաղտնիքը:
-Արդեն բավական ժամանակ է անցել Ձեր մենահամերգից, բայց շատերը հիշում են այն բուռն քննարկումները, որոնք տարածվեցին մենահամերգից առաջ և հետո: Հետաքրքիր է՝ մոռացե՞լ եք այդ միջադեպը, թե ազդեցություն, այնուամենայնիվ, Ձեր վրա թողել են դրանք:
-Իմ մենահամերգը հատուկ կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և, բնականաբար, նման մասշտաբային համերգը պետք է որոշակի գումար արժենար: Մենահամերգը իրականություն դարձավ, ես այդ հարցում շնորհակալ եմ և՛ մեր պետությանը, և՛ հովանավորներին: Ծախսված գումարները արժեցել են այն ամենին, ինչ նպատակ ունեցել է այդ մենահամերգը: Բայց ես չեմ համարում, որ դա իմ մենահամերգն էր, քանի որ այդ օրը համերգին ընդգրկված էին մոտ 200 արվեստագետներ և ես նրանցից մեկն էի: Իրականում քննարկումները հիմնականում մենահամերգից առաջ էին, իսկ հետո, երբ տեսան համերգը, կարծում եմ, քննարկման նյութ չպետք է ունենային, իսկ նրանք, ովքեր համերգը տեսնելուց հետո էլ շարունակում են խոսել, միայն կասեմ՝ ամոթ իրենց: Ես բանի տեղ չեմ դնում այդ խոսակցությունները:
-Կարծիքներ կան , որ այդ քննարկումներից ու քննադատումներից հետո նեղացա՞ծ եք Ձեր հանդիսատեսից:
-Ես իմ հանդիսատեսին չեմ սիրում, ես պաշտում եմ նրանց: Հանդիասատեսիցս նեղանալ չեմ կարող, քանի որ իմ հանդիսատեսը ամենալավն է ու այդ քննարկումները չեն եղել նրանց կողմից: Համերգից հետո, երբ դիտում էի տեսագրությունը, ես պարզապես շոկի մեջ էի, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ այդքան շատ մարդ ներկա կլինի: Դիտելիս ես լաց էի լինում, հատկապես, երբ տեսնում էի, որ իրենց աչքերում էլ արցունքներ կային: Իմ հանդիսատեսի նման հանդիսատես չկա:
-Նունե, դստեր ծննդից հետո ձեր դադարը արդարացված էր, ամեն դեպքում երկա՞ր է շարունակվելու այս հարաբերական լռությունը:
-Ոչ, ավելին ասեմ՝ արդեն հունիս ամսից 2013-ի սեպտեմբերի 21-ի նույն համերգային ծրագրով պետք է պտտվենք աշխարհով մեկ՝ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Միջին Արևելք: Սփյուռքի գաղութներով ընդհանուր մոտ 15 համերգ պետք է ունենանք, որոնք, ի դեպ, լինելու են բացառապես բարեգործական հիմունքներով, այսինքն՝ տոմսեր չեն լինելու: Պետք է շեշտեմ նաև, որ դեռ 2013-ին մենահամերգից առաջ այս միտքը կար՝ 2015-ին այն ներկայացնել մեր սփյուռքին:
-Բազմիցս եք նշել, որ ձեր ամուսինը՝ Ավո Խալաթյանը, շատ ուշադիր հայր է, հետաքրքիր է խնամքի և վերաբերմունքի հարցում դստեր նկատմամբ ինչպիսի՞ն է նա:
-Ինչպես Հենրիի, այնպես է Էլիզաբեթի դեպքում Ավոն շատ ուշադիր հայր է, ընդ որում՝ նաև ուշադիր ամուսին: Դստերս ծննդից հետո դեռ հիվանդանոցում բոլոր բուժքույրերն ու բժիշկները զարմացած էին նրա նվիրվածության վրա, երբ տեսնում էին, որ ամեն րոպե նա մեզ հետ էր, այլ ոչ թե շատ տղամարդկանց նման ընկերների հետ ռեստորաններում նշում էր հայր դառնալը: Հիմա էլ երեխաների խնամքի հարցում նա անընդհատ իմ կողքին է, եթե պետք է լինում ինձ հետ հավասար անքուն գիշերներ է անցկացնում:
-Նունե ասում են առաջնեկի դեպքում զգացողությունները այլ են լինում, երկրորդ բալիկի դեպքում բոլորովին այլ: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Այո, առաջնեկի դեպքում ինձ մոտ կար ծայրահեղ նվիրվածություն, ես երկու տարի խելքի չէի գալիս, երբ ծնվեց Հենրիս, հետո տարիների ընթացքում զգացի, որ այդպես սխալ է:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: