Բաժիններ՝

Ռուսաստանից տրանսֆերտների ծավալի կրճատումը էական բացասական ազդեցություն է ունեցել վարկային կազմակերպությունների վրա

Ռուսաստանից տրանսֆերտների ծավալի կրճատումը էական բացասական ազդեցություն է ունեցել վարկային կազմակերպությունների վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ֆինքա» ՈւՎԿ գլխավոր տնօրեն Հրաչ Թոխմախյանը:

Ըստ նրա՝ տրանսֆերտների ծավալի նվազումն անուղղակի ազդել է նաև վարկավորման վրա, քանի որ ՀՀ փոխանցվող գումարների ծավալը կրճատվում է, ուղարկվող փողն էլ իր արժեքն է կորցնում, ինչն ազդում է տնտեսական ակտիվության վրա, ինչն էլ ազդում է վաճառքի, շրջանառության վրա, իսկ դա իր հերթին ազդում է վարկառուների վճարունակության, վարկերը մարելու կարողության վրա:

Պատասխանելով 168.am-ի հարցին՝ վարկերի վերադարձելիության վիճակն ինչպիսի՞ն է, Հ. Թոխմախյանը տեղեկացրեց, որ վատորակ պորտֆելի աճ է նկատվում, այս պահի դրությամբ 1 օրից ավել ժամկետանց պորտֆելը կազմում է 2.3%. «Դա վատ ցուցանիշ չէ, այնուամենայնիվ, դա ամենավատն է «Ֆինքայի» պատմության մեջ, որովհետև փոքր գումար ունեցող հաճախորդների գումար գտնելու հնարավորությունն ավելի մեծ է, քան մեծ պարտքատերերի»:

Ըստ նրա՝ անցած տարին ընդհանուր բարենպաստ էր, միայն դեկտեմբերին ստիպված էին դադարեցնել վարկավորումը՝ կապված ֆինանսական շուկայում ալեկոծության հետ: Հ. Թոխմախյանը նշեց, որ կազմակերպությունը վերանայել է վարկային քաղաքականությունը. «Մեր ֆինանսական միջոցների աղբյուրն արտաքին միջոցներն են, օրենքը թույլ չի տալիս ավանդներ ներգրավել: Ամեն դեպքում վարկային պորտֆելի 70%-ը դրամով վարկերն են: Մենք չենք ուզում արտարժույթի տատանման ռիսկը տեղափոխել մեր հաճախորդների վրա, բայց, ցավոք սրիտի, դրամի գնի թանկանալու պատճառով, թանկանում են նաև մեր ֆինանսական ծախսերը:

Կարդացեք նաև

Այսինքն՝ այն բոլոր միջազգային կառույցները, որ մեզ տրամադրում են դրամով ֆինանսավորում, իրենք բարձրացնում են դրամի գինը, որովհետև ակնկալում են, որ եթե արտարժույթի ապագա փոփոխություն լինի, իրենք ավելորդ ռիսկեր կկրեն, հետևաբար տոկոսի բարձրացմամբ փորձում են կառավարել իրենց ռիսկերը: Իսկ եթե մեր ֆինանսական ծախսերը մեծանում են, իսկ մենք դրամի ներգրավման այլ աղբյուր չունենք, ստիպված ենք տոկոսները բարձրացնել, այսինքն՝ վարկի գները բարձրացնել: Հույս ունեմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, որովհետև խուճապն անցնում է, դա էլ ազդում է տոկոսների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս