Իրանի ու «Վեցնյակի» միջև ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ու «Վեցնյակը» քաղաքական համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին Լոզանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին.
«Այսօր մենք կատարեցինք վճռական քայլ: Մենք այմանավորվածություն ձեռք բերեցինք համապարփակ համաձայնագրի առանցքային պարամետրերի շուրջ:
Քաղաքական վճռականությունը, բարի կամքն ու լարված աշխատանքը հնարավոր դարձրին դա: Այս որոշումն ընկած է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերջնական տեքստի հիմքում:
Պայմանագրի նախապատրաստման գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 30-ը: Ուրան հարստացնելու Իրանի հնարավորությունները սահմանափակվելու են, իսկ նրա պաշարները դուրս են բերվելու երկրից»:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ համաձայնագրի պահպանման դեպքում լրջորեն կթուլացվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Նրա խոսքերով` գործարքը կապահովի նրա երաշխիքը, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ պատժամիջոցները շարունակելու են գործել մինչև համաձայնագրի ստորագրումն ու իրագործումը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին զգուշացրել է, որ պատժամիջոցները կարող են ներդրվել, եթե Իրանը խախտի միջուկային գործարքի պայմանները:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մինչև գործարքի ստորագրումը Թեհրանը չի ունենա «Վեցնյակի» առջև որևէ նոր պարտավորություն:
Նախարարի խոսքերով` Իրանի դեմ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները գործելու են կարճ ժամանակ ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո, ապա դրանք նույնպես պետք է վերացվեն:
ԱՄՆ պետդեպարտամենտն իր հերթին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը տարբեր ասպեկտներում երկարաձգվել է 10-25 տարով:
Մասնավորապես, Թեհրանը 10 տարով սահմանափակելու է ուրանի հարստացման հզորությունն ու միջուկային հետազոտությունները: Այդ ընթացքում դադարեցվելու են ուրանի հարստացման իրանական ցենտրիֆուգների 2/3-ը:
Իրանը 15 տարվա ընթացքում չի կառուցելու ուրանի հարստացման օբյեկտներ կամ ծանր ջրով աշխատող ռեակտորներ և սահմանափակելու է հարստացված ուրանի իր պաշարները: Ընդ որում, Իրանի միջուկային օբյեկտները ԱԷՄԳ-ի կողմից ստուգելը շարունակվելու է մինչև 25 տարի: