Բաժիններ՝

«Ճշմարտությունը այլ տեղ է». Տարոն Աճեմօղլու

Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված ընդհանուր ժողովի շրջանակներում 3 օր շարունակ պետք է տեղի ունենան «ՀԲԸՄ Զրույցներ»։ Այսօր այդ զրույցների երկրորդ օրն էր, և մասնակիցներն առաջինը հնարավորություն ունեցան լսել Մասաչուսեթսի Տեխնիկական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր, հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին։

Վերջինս Հայաստանում չէր և մասնակիցների համար դասախոսություն կարդաց Skype-ով։ Եվ այսպես, ի՞նչ էր ասում Աճեմօղլուն։ Այս միջոցառման նպատակն էր՝  քննարկել, թե ինչ է հարկավոր անել՝ մեր երկիրը հզորացնելու ու աճ ապահովելու համար։ Սակայն Աճեմօղլուի ասելիքն ավելի շատ բացատրում էր, թե ինչու ենք մենք ձախողվում։ Դասախոսությունը կառուցված էր նրա և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած «Ինչու են ազգերը ձախողվում» գրքի հիմնական թեզերի վրա։

Գլխավոր ասելիքն այն էր, որ ավտորիտար, դիտկատորական ռեժիմները, որտեղ չկա ժողովրդավարություն, թափանցիկություն և բազմակարծություն, որտեղ չկան համապատասխան ինստիտուտներ, չեն կարող տնտեսական աճ ապահովել։

Նման երկրներում տնտեսական զարգացմանը խոչընդոտում են, իր իսկ խոսքերով,  «կորզիչ» տնտեսական կառույցները, որոնք կլանում են ողջ ռեսուրսներն ու վերացնում ստեղծագործական, ձեռնարկատիրական ջիղը մարդկանց մեջ։ Որոնք ձևավորում են մենաշնորհներ, իսկ տնտեսական բարիքները գնում են շատ փոքր թվով մարդկանց։

Կարդացեք նաև

«Այո, Հայաստանի տնտեսական զարգացման վրա ազդում են շատ գործոններ՝ աշխարհագրական դիրքը, ճիշտ որոշումներ կայացնելու անբավարար ունակությունները, որը միգուցե գալիս է կոմունիստական ժամանակներից։ Սակայն ճշմարտությունը այլ տեղ է»,- ասաց Աճեմօղլուն։ Ճշմարտությունը, ըստ նրա, նորմալ ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելն է։ Նորմալ տնտեսություն զարգացնելու համար պետք է ունենալ ոչ թե կորզող, այլ ներառող՝ inclusive համակարգ։ Կարճ ասած՝ ելքը ժողովրդավարական երկիր ունենալն է։

Ոմանք կարող են ընդդիմանալ՝ թե՝ ավտորիտար ռեժիմներն էլ կարող են տնտեսական աճ, նորմալ հանրային բարիքներ ապահովել, բացառել բռնությունը և այլն։ Սակայն, ինչպես նշեց Աճեմօղլուն. «Տվյալները դա չեն ապացուցում»։ Ըստ տնտեսագետի՝ եթե անգամ նման բացառություններ լինում են, դա դժվար է ձեռք բերվում, տեղի է ունենում հանգամանքների բերումով, և աճը երկարաժամկետ չի լինում։

Նորմալ տնտեսություն ունենալու համար պետք է պլուրալիզմ, ուժեղ հասարակություն։ «Որովհետև միայն ուժեղ հասարակությունները կարող են ստեղծել ուժեղ պետություն» ասաց անվանի տնտեսագետը։

Տարոն Աճեմօղլուի դասախոսության թեմայով առավել ծավալուն հրապարակմանը կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս