Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմական համագործակցությամբ Հայաստանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում. Մ. Սարգսյան

«Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան տարբեր նպատակներ են հետապնդում ռազմական համագործակցության կոնտեքստում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ռազմական ոլորտում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությանը և այն Հայաստանի դեմ օգտագործելու հնարավորությունների մասին մտավախություններին: Նա նշեց, որ Վրաստանի այդ նախաձեռնությունը պայմանավորված է ռուսական գործոնով:

Այսինքն, ըստ Մանվել Սարգսյանի՝ Վրաստանը փորձում է ներգրավել Թուրքիային և Ադրբեջանին՝ միասնական պաշտպանական համակարգ և համագործակցություն ստեղծելու նպատակով, ինչը Ռուսաստանին փոքր-ինչ կզսպի և Վրաստանին անվտանգության զգացում կներշնչի: Վերլուծաբանի խոսքով` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հասկանալի է այս ձգտումը, քանի որ ցանկություն կա՝ Հայաստանին մեկուսացնել: «Այս երկրներից յուրաքանչյուրն այս համագործակցության հարցում իր շահերն է հետապնդում, որի արդյունքում Հայաստանի համար բավականին բարդ մի իրավիճակ է ստեղծվում, որն ամբողջությամբ պարզ կլինի միայն պայմանագրի որոշ ձևակերպումների հանրայնացումից հետո:

Թեև սա առաջին դեպքը չէ, որ այս երկրները ռազմական ոլորտում համագործակցության մասին են խոսում, նրանք անընդհատ շփումների մեջ են, որոնցից վերջինը Նախիջևանում էր կայացել: Պայմանագրից պարզ կդառնա նաև, թե Վրաստանը կներգրավվի՞ ինչ-ինչ մեզ համար վտանգավոր գործողություններում, թե՞ ոչ»,- պարզաբանեց Մանվել Սարգսյանը: Սակայն վերջինս նաև ընդգծեց, որ Վրաստանի համար հեշտ չի լինի Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ մտնել: Նա նշեց, որ Վրաստանի իշխանություններն իրենց հերթին՝ կփորձեն պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել, և կփորձեն վստահեցնել, որ այդ համագործակցությունը երրորդ երկրի, այս դեպքում՝ Հայաստանի դեմ չէ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում արդեն իսկ ավարտվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպումից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է, որ հանդիպումը եղել է արդյունավետ, և, որ անցկացված բանակցությունները կծառայեն փոխադարձ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա աշնանը՝ Թուրքիայում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր հերթին՝ հայտարարել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են շատ կարևոր հարցեր, նա կարևորել է ռազմական ոլորտում երեք երկրների համագործակցությունը:

Կարդացեք նաև

Հասանովը հայտարարել է, որ «Հայաստանը տարածքային հավակնություններ է ներկայացնում երեք երկրների նկատմամբ»: Երեք երկրների միջև ստորագրվելիք ռազմական համագործակցության մասին պայմանագրի ստորագրման մասին տեղեկություններ դեռ չեն տարածվել:

Տեսանյութեր

Լրահոս