Աշխարհի 212 որբանոցում 200 000 հայ որբ է ապրել. Պարետ Մարոնյանի ֆիլմի բացահայտումները
Այսօր՝ ապրիլի 2-ին, Փարիզի Հոլոքոստի թանգարանում ցուցադրվելու է ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» («Orphans of the Genocide») վավերագրական ֆիլմը, որ 1915-ից հետո աշխարհով մեկ ցրված հայ որբերի մասին պատմող ամենաընդգրկուն վավերագրությունն է: Ֆիլմն արժանացել է ամերիկյան «Էմմի» և «Թելլի» մրցանակների, նաև ցուցադրվել է ամերիկյան, կանադական, եվրոպական կինոփառատոների և «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Միայն ԱՄՆ-ում և Կանադայում անցնող երկու տարիներին «Ցեղասպանության որբերը» 12 միլիոն դիտորդ է ունեցել:
Իսկ ապրիլի 24-ին, ինչպես «168 Ժամին» հայտնեց ֆիլմի ռեժիսոր Պարետ Մարոնյանը, ֆիլմը ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Պարետ Մարոնյանը շատ այլ ֆիլմերի հեղինակ է. նրա նկարահանած ֆիլմերից մեկը՝ «Ուիլի Չիրինոյի համերգը», առաջադրվել է «Լատինական Գրեմիի»: Հինգ տարի առաջ Մարոնյանը հիմնել է Armenoid Team-ը, որը մասնագիտանում է մարդու իրավունքների հարցերին վերաբերող վավերագրական ֆիլմերի արտադրության մեջ: «168 Ժամի» հարցազրույցն ամերիկահայ ռեժիսոր, «Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր, ամերիկյան PBS Հանրային հեռարձակման ծառայության աշխատակից (տեղական, տարածաշրջանային և ազգային վավերագրության գծով) Պարետ Մարոնյանի հետ է:
– Ըստ մասնագետների` Ձեր ֆիլմը Ցեղասպանության որբերի կյանքի մասին պատմող ամենամեծ «ֆիլմային» արխիվն է. ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
– Աշխարհի տարբեր երկրների թանգարաններում ու զանազան գիտական հիմնարկներում ցրված պատմական արխիվներում մեր ստեղծագործական խումբը տարիներով փնտրել և գտել է բոլոր այն նյութերը, տեսաֆիլմերը, լուսանկարները, փաստաթղթերը, որոնք պատմում են հայ որբերի մասին: Կարողացել ենք գտնել բոլոր հնարավոր աղբյուրները, որտեղ թեկուզ մեկ լուսանկար կամ տող կարող է լինել հայ որբերի մասին, և ֆիլմում այդ ամենն այնպես ենք ներկայացրել, որպեսզի դրանք դառնան ակնառու և համոզիչ վկայություններ թե՛ դիտողների, թե՛ մասնագետների, և թե՛ հետագա ուսումնասիրողների համար:
Օգտվել ենք Ռոքֆելլերի արխիվից, Գերմանիայի ազգային արխիվից, Հայոց ցեղասպանության թանգարանից, Լյութեր Էսքիջյանի ստեղծած «Արարատ Էսքիջյան» թանգարանից (Լոս Անջելես), Հայկական բարեգործական ընդհանուր միության արխիվներից, Էջմիածնի արխիվից, ARS-ից, Զորյան ինստիտուտի փաստաթղթերից, Հայկազյան համալսարանի, Կոնգրեսի, Bethel College գրադարանների նյութերից, «Հրանտ Դինք» հիմնադրամի արխիվից, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի նյութերից. սրանք այն հիմնական ու կարևոր արխիվներն են, որտեղ պահվում են հայ որբերի մասին տեղեկությունները:
Սկզբնական շրջանում պատրաստել ենք ֆիլմի կարճ տարբերակը, այնուհետև հիմնվելով մեծ արձագանքների վրա` նկարահանել ենք կինոթատրոնային տարբերակը, որը, արդեն երկու տարի է` շրջում է աշխարհով մեկ` մարդկանց հիշեցնելով Եղեռնի թողած ամենամեծ հետքերից մեկը` որբության գաղափարը: Անշուշտ, մեկ ֆիլմում հնարավոր չէ ամփոփել այն հսկայական նյութը, որ կա Ցեղասպանության որբերի մասին, այդ պատճառով տպագրել ենք նաև գիրք, որի լուսանկարների 80 տոկոսն անտիպ և ոչ մի տեղ չցուցադրված լուսանկարներ են, որոնք մեր ֆիլմի նկարահանումների ընթացքում են հայտնաբերվել: Իսկ պատմական փաստաթղթերից բացի, կարողացել ենք տարբեր երկրներում (Հայաստանից մինչև ԱՄՆ) գտնել և նկարահանել ապրող որբերի, որոնք ֆիլմի գլխավոր հերոսներն են: Դժբախտաբար, նրանց մեծ մասն արդեն հեռացել է կյանքից:
– Բացի պատմական փաստեր ցույց տալուց, ուրիշ ի՞նչ արժեք է ներկայացնում ֆիլմը, ի՞նչ գնահատականներ են եղել:
– Նախ՝ ֆիլմը քաղաքական ֆիլմ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ֆիլմի մասին շատ է գրվել, հաղորդումներ են պատրաստվել, բայց ուզում եմ հիշել հատկապես մեկը. ԱՄՆ-ում լույս տեսնող «Մայամի Հերալդը» մի հոդված տպեց ֆիլմի մասին, որի հոդվածագիրը հեռուստատեսային ֆիլմերի ամենադժվարահաճ քննադատն էր: Իմանալով, որ այդպիսի անդրադարձ է սպասվում, շատերն ասացին, թե` պատրաստ եղիր, կարող է «ոչնչացնել» ֆիլմը, ինչը ֆիլմի հետագա ընթացքի վրա վատ անդրադարձ կունենա, բայց նա շատ դրական լույսով էր վերլուծել, և նրա գրած մի տողն էր միայն դիտվում իբրև քննադատություն. «Դժբախտաբար, Պարետ Մարոնյանը չի քաղաքականացրել Հայոց ցեղասպանությունը»:
Իրականում դա այնքան էլ քննադատություն չէր, և շատ դրական էր ինձ համար, որովհետև իսկապես նպատակս քաղաքականացնելը չի եղել, այլ մարդկային լեզվով պատմել հայ որբուկների պատմությունը: Եղեռնից հետո մեր իրականության մեջ ստեղծվել է մի աշխարհ՝ հայ որբաշխարհ, որը դեռևս ներկայացման և ուսումնասիրման կարիք ունի: Ֆիլմը փորձ է` անդրադառնալու այդ աշխարհին, և ոմանք, շատ բան իմանալով Եղեռնի մասին, հաճախ զարմանում են, որ այնքան էլ բան չգիտեն որբաշխարհի մասին:
Հարյուրավոր որբանոցներ են հիմնվել Եղեռնից հետո, շեշտվել է մարդկային հոգեբանության մի տեսակ` որբի հոգեբանություն, ինչն իր անդրադարձերն է ունեցել հետագայում (դրական ու բացասական): Օրինակ, շատ որբեր` կորցնելով բոլոր հարազատներին, ապրելու, բազմանալու, իրենց ինքնությունը հաստատելու ավելի մեծ կամք են դրսևորել: Այդ ամեն ինչը երևում է ֆիլմում: Ֆիլմում մի հերոսուհի կա` Ալմաստ Պողոսյան-Ավագյանը, որն իր ընտանիքի միակ վերապրողն է եղել, հինգ տարեկանում կորցրել է բոլորին և հասնելով ԱՄՆ` ուժ է գտել իր մեջ ու ապրել, ամուսնացել, զավակներին լավագույն կրթությունը տվել: Նրա թոռներից մեկը դոկտոր Բրուս Պողոսյանն է` Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահը, ով կա ֆիլմում` իր տատիկի հետ: Դժբախտաբար, հարցազրույցից մի քանի ամիս հետո տիկին Ալմաստը մահացավ: Ֆիլմը որբերի ապրած դժվար կյանքի, նրանց կրած ցավի արտահայտությունն է, և նաև ցույց է տալիս օտարների կողմից որբանոցներ հիմնելու և հայ որբերին խնամելու ջանքը:
– Բայց որքան էլ խուսափեք քաղաքական երանգից, ֆիլմը, ամեն դեպքում, Ցեղասպանության մասին է: Արդյո՞ք Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում այն կարող է իբրև պատմական վկայություն ներկայանալ, հատկապես, երբ Թուրքիան վերջերս շատ է շեշտում, որ Ցեղասպանությունն ապացուցող արխիվներ չկան:
– Ցեղասպանության մասին շատ գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել, որոնց մի մասը հենց ճանաչման հարցը բարձրացնելու նպատակ է ունեցել, բայց այդ ֆիլմերն այս կամ այն քննադատությանն են արժանացել, քանի որ գեղարվեստի միջոցով դժվար է հարց լուծել: Վավերագրության միջոցով թեման ներկայացնելու առավելությունն այն է, որ վավերագրությունից կառչելու տեղ չկա, դու տալիս ես փաստը և իրողությունը, և ոչ ոք չի կարող ժխտել, թե նման բան չի եղել: Ֆիլմի հիմնական նպատակը հնարավորինս շատ տեղեկություններ ներկայացնելն է, իսկ թե դա ով ինչպես կօգտագործի, արդեն ֆիլմի խնդիրը չէ: Այնքան հսկայական տեղեկություն կա այս թեմայի վերաբերյալ, այնպիսի խոշոր օտար մասնագետներ են խոսում ֆիլմում, որ հնարավոր չէ ժխտել իրողությունը:
200 000 հայ որբերի մասին է ֆիլմը, և դա միայն այն թիվն է, որոնց ճակատագիրը դասավորվել է որբանոցներում, իսկ կան որբեր, որոնց մասին տեղեկություններ չկան, ու նրանց ճակատագիրն անհայտ է: Ուզում եմ մի փաստ նշել` Եղեռնից հետո հայ որբերը հանգրվանել են աշխարհի 212 որբանոցներում` Պոլիս, Հալեպ, Այնթուրա, Ղազիր, Ուրֆա, Իրաք, Կիպրոս, Քորֆու (Կերկիրա), Ալեքսանդրապոլ, Երուսաղեմ, այդ որբանոցները ղեկավարվել են American Near East Relief Faundation-ի կողմից: Միայն Ալեքսանդրապոլում տեղավորված են եղել 20 հազար հայ որբեր, Ալեքսանդապոլը երկար ժամանակ իր վրա կրել է «Որբերի քաղաք» խարանը: Հետագա սերունդները միշտ չէ, որ իմացել են, թե ինչու է Գյումրին կոչվում «Որբերի քաղաք», հաճախ քամահրանքով ու անտարբերությամբ են նշել այդ փաստը:
– Ուրիշ ի՞նչ ուշագրավ տեղեկություններ եք բացահայտել նկարահանումների ընթացքում:
– Ամենաուշագրավ տեղեկությունը, որ, թերևս, նաև ֆիլմի ասելիքն է, այն է, որ հայ որբերը տեր են կանգնել իրենց ինքնությանը, չեն ենթարկվել ձուլման, օտարացման առաջարկներին և ճնշումներին: Օրինակ, Ջորջթաուն 109 որբ է տարվել, նրանց պահել, խնամել և առաջարկել են փոխել անուններն ու ամերիկյան անուններ տալ, որպեսզի ավելի հեշտ հարմարվեն տարածքին ու նոր կյանքին, բայց այդ փոքրիկ երեխաներն ըմբոստացել են, չեն հրաժարվել իրենց հայկական անուն-ազգանուններից: Իրենք էլ չեն հասկացել՝ ըմբոստացել են, քանի որ միակ կապն իրենց ընտանիքների և կորցրած ծնողների հետ` այդ ծնողների` իրենց տված անուններն են մնացել: Կարևոր հարց է (որին ֆիլմում անդրադարձել եմ) որբերի իսլամացման խնդիրը: Հենց ֆիլմը նկարահանելու համար խթան է հանդիսացել մրցանակակիր լրագրող Ռոբերտ Ֆիսքի 2010թ. գրված հոդվածը («Բրիթիշ դեյլի նյուզում»)` Այնթուրայի հազար հայ երեխաների թուրքացման մասին:
Ինչպես հայտնի է` Լիբանանում գտնվող այսօրվա Այնթուրայի ֆրանսիական քոլեջը եղել է հազարավոր հայ որբերի իսլամացման կենտրոն, և այդ գործն անձամբ հսկել է Ջեմալ փաշան: Այսինքն` հայ երեխաներին որբ թողնելը և դրանց հետագայում թուրքացնելը եղել է Եղեռնի ծրագրված մասերից մեկը: Բոլոր այս փաստերը մեկ առ մեկ երևում են ֆիլմում: Թեման այնպիսին է, որ այն հուզում է դիտողին, բայց ֆիլմի նպատակը երբեք խղճահարություն առաջացնելը չի եղել, այլ հատկապես` որբերի ապրելու, հայությունից և ինքնությունից կառչելու ջանքը, ու այն, թե նրանք ինչպես են որբանոցներում իրենց սովորած արհեստների միջոցով ոտքի կանգնել և հասել մեծ հաջողությունների: Այսօր աշխարհում հաջողության հասած հայերի մեծ մասը եղել են Ցեղասպանությունից վերապրած որբեր: Հենց այդպիսի մի հաջողության հասած նշանավոր ընտանիքի (Պեզիկյան, Իտալիա) զավակի` Ալեկո Պեզիկյանի աջակցությամբ էլ նկարահանվել է «Ցեղասպանության որբերը» ֆիլմը: