ՀՀԿ-ական պատգամավոր. «Մատներդ դրեք մեկի վրա, ասեք՝ այս մարդը 100%-անոց մարդ է, ես դուրս կգամ քաղաքականությունից»

Հայաստանի կառավարությունը մարտի 19-ին ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին որոշում: Հաստատվեց նաև փորձագետների աշխատանքային խմբի ստեղծման գաղափարը, սահմանվեց, որ եթե փորձագետների վճարումը կատարվելու է Հայաստանի բյուջեից, ապա մրցույթն անցկացնելու է անկախ փորձագետների կառավարության աշխատակազմը, եթե դոնոր կազակերպություններն են վճարում, ապա այդ կազմակերպությունների հետ միասին:

Այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ խոսելով կառավարության այս որոշման մասին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք ստացել են Հայաստանի վարչապետի՝ թեկնածու առաջադրելու վերաբերյալ առաջարկությունը. «Երեկ մենք պատասխանել ենք Հայասատնի վարչապետին հետևյալ հիմնական բովանդակությամբ, որ մենք ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրել մի քանի պատճառով: Առաջինը այն է, որ արդեն երկար տարիներ մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր առաջարկները, այդ թվում նաև՝ ինստիուցիոնալ համակարգը ստեղծելու ուղղությամբ, որոնք առ այս պահը որևէ հիմնավոր պատճառով չեն մերժվել, անտեսված է ընդհանրապես և այս համակարգը որն առաջարկվում է, մենք չենք համարում արդյունավետ համակարգ»:

Միաժամանակ Ա. Մինասյանը նշեց, որ իրենք այդ գրության մեջ նաև ընդգծել են, որ կշարունակեն ընթացքում կոռուպցիոն երևույթների, ահազանգերի և իրեն առաջարկությունների մասին պարբերաբար կառավարությանը կտեղեկացնել՝ այդքանով իրենց մասնակությունը բերելով կոռուպպցիայի դեմ պայքարի աշխատանքներին:

Ըստ Ա. Մինասյանի՝ խնդիրն այն է, որ անդամակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների, ստանձնելով մի շարք պարտավորություններ, նաև ձևավորելով որոշակի համակարգեր՝ տեսնում են, որ անարդյունավետ աշխատանք է այս ուղղությամբ գնում:

Կարդացեք նաև

«Բացի այն, որ իրավական ստորադասության տեսակետից ավելի ցածր իրավական ակտով է նոր մարմինը ձևավորվում, նաև անհասկանալի է, թե այդ դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ մոդել է որդեգրվում: Ընտրվել է հայկական մի նոր մոդել, և այդ մոդելի շրջանակներում էլ անհասկանալի է, թե ինչ արդյունքեր ենք մենք ուզում ստանալ»,- նշեց Ա. Մինասյանը՝ ավելացնելով, որ իրենք այս պահին ունեն 12 էջից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որը շուրջ 4 տարի առաջ ներկայացվել է թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությանը, բայց այս պահի դրությամբ ոչ մի աձագանք չկա այս ուղղությամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ այսօր ինչ արվում է իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ, միայն այդ հանձնաժողովով չի սահմանափակվում. «Սահմանադրական բարեփոխումները նորից ուղղված են դեպի կոռուպցիայի դեմ պայքարի նպատակին, կառավարման համակարգի փոփոխությունը նորից ուղղված է ինչ-որ չափով այդ պայքարին»:

Լրագրողներից մեկի հարցին՝ հայտնի է, որ հանձնաժողովը գլխավորելու են Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը, իսկ հասարակական և քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ նրանք այս երկրի ամենագլխավոր կոռուպցիոներներն են, ինչպե՞ս եք պատկերացնում՝ իրենք իրենց դեմ պայքարեն, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.

«Կոռուպցիան անհատական երևույթ չէ, դա մեխանիզմ է, և այսօր մինչև ջրհորը իջնես՝ կոռուպցիա կա: Դա մեխանիզմ է, որի մեջ են բոլորը: Ես այն կարծիքին եմ, որ այսօր հանարպետության վարչապետը այդ կամքի ուժը և նաև այդ պոտենցիալներն ունի, որ սկսի պայքարը և ինքը ազնվորեն է պայքարում կոռուպցիայի դեմ: Կարո՞ղ եք մեկին ասել, որի մասին չեն խոսում»:

Հարցին էլ անտեղի՞ են խոսում, Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց.

«Այսինքն՝ բոլո՞րս ենք կոռուպուցիոներ: Եթե բոլորս ենք, ուրեմն՝ պետք է ամեն մեկս մեր տեղում պայքարենք դրա դեմ: Այսինքն՝ մենք մի շրջանակ պետք է գծենք, որ բոլորս էլ տեղավորվենք այդ շրջանակի մեջ: Մատներդ դրեք մեկի վրա, ասեք՝ այս մարդը 100%-անոց մարդ է, ես դուրս կգամ քաղաքականությունից: Խոսքն այն մասին է, որ կամաց-կամաց այս շղթայի օղակները պետք է ձգենք»:

Տեսանյութեր

Լրահոս