Պերմյակովին դատելու են ռուսաստանյան օրենքներո՞վ
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին մարտի 29-ին Գյումրիում հայտարարել էր, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Գյումրիի 102-րդ ռազմաբազայում: «ԳԱԼԱ»-ի հաղորդմամբ՝ նա նաև ասել է, որ Վ. Պերմյակովին դատելու են ռուսաստանյան օրենքներով:
Երեկ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանելով հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն այս հայտարարության վերաբերյալ, և արդյոք այդ անձինք իրավասո՞ւ էին նման հայտարարություն անել, ասաց, թե որքանով տեղեկացել է՝ նրանք ընդգրկված են միջխորհրդարանական խմբի կազմում, որը հայկական կողմի հետ պետք է զբաղվեր դեպքի հետ կապված որոշ հարցերով: «Համենայն դեպս, այդքանով հանդերձ, իրենք կոնկրետ չունեն այդ իրավասությունը՝ ասելու, թե որտեղ է քննվելու:
Այսինքն՝ ես սա չեմ կարող պաշտոնական դիրքորոշում համարել: Իրենք՝ որպես պատգամավոր կամ այդ գործի հետ առնչվող անձ, կարող են հայտնել իրենց մասնավոր կարծիքը, բայց դա պարտադիր բնույթ չի կրում, և սա չեմ կարող դիտարկել` որպես պաշտոնական դիրքորոշում: Համենայն դեպս, կարծում եմ, որ այս փուլում` իրենք, գուցե տեղյակ լինելով ռուսական կողմի դիրքորոշմանը, փորձել են դրա շրջանակներում հայտնել իրենց կարծիքները: Իրենք չեն կարող դրանից տարբերվող կարծիք հայտնել, իսկ այս պահի դրությամբ` հակառակի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի եղել կամ դիրքորոշում չի հայտնվել:
Հետագայում կարող է այնպես լինել, որ ռուսական կողմն արդեն իրավասու մարմինների շրջանակում այլ դիրքորոշում հայտնի, բնականաբար, այդ դեպքում դիրքորոշումը կփոխվի: Բայց կարծում եմ, որ սա արդեն որոշակիորեն ավելի է ամրապնդում ու ցույց տալիս ռուսական կողմի դիրքորոշումն այս գործի հետագա քննության առումով: Չի բացառվում, որ նույնիսկ ներքին կարգով լիազորված են նման հայտարարություններ անել, ինչը նորից վկայում է այն մասին, որ սա գուցե ռուսական կողմի վերջնական դիրքորոշումն է: Բայց վերջնական դիրքորոշման մասին խոսելու համար պետք է ունենանք իրավասու մարմինների կողմից տրված վերջնական պաշտոնական պատասխան»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ավետիսյանների հարսի՝ Արաքս Ավետիսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ ասաց, որ պաշտոնյաները բավական բարձրաստիճան դիրք ունեն և կարևոր փաստ են հրապարակել այն մասին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հսկողության ներքո: «Նման հայտարարություն անելու համար պետք է անպայման լիազորված լինել: Հետևաբար՝ մյուս հայտարարություններն արդեն ոչ թե իրենց հայտարարություններն էին, այլ արդեն կարելի է ասել՝ անձամբ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը և որոշումը, որ Պերմյակովի դատավարությունը պետք է լինի ռուսական բազայի տարածքում՝ մեկ, և ռուսական դատարանում՝ երկու:
Մյուս կարևոր հանգամանքը, որ արձանագրեցին, այն էր, որ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով ենք որոշել` և քննությունը, և դատաքննությունն անցկացնել Հայաստանի տարածքում, հակառակ պարագայում Պերմյակովին ընդհանրապես կվերցնեին, կտանեին ՀՀ սահմաններից դուրս՝ հարավային զինվորական օկրուգի քննչական մարմին և դատարան, որտեղ ամեն ինչը կավարտեին, կվերջանար:
Ըստ էության, դա էին ասում՝ ուղղակի շատ է խնդրել ՀՀ կառավարությունը, և ընդառաջել են: Երրորդ հանգամանքն այն է, որ, ըստ էության, ինչպես ուզենան` դատը կանցկացնեն: Բայց սա միայն ռուսական կողմի դիրքորոշումն է, բայց հայկական կողմի դիրքորոշումն այս պարագայում ինձ համար ավելի կարևոր է, որովհետև Ավետիսյանների ընտանիքի սպանդի ու սպանության գործով քննությունն իրականացնում է Հայաստանի քննչական մարմինը, հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, և գործի ավարտից հետո դատաքննությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության դատարանում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Մեր հարցին՝ արդյոք կարելի՞ է ենթադրել, որ այսկերպ ռուսական կողմը փորձում է նախապատրաստել, որ գործը քննվելու է ռուսական դատարանում, Արթուր Սաքունցը պատասխանեց.
«Ըստ էության, հիմա հարցը կարելի է այդպես էլ ձևակերպել, որ ռուսական կողմը եկավ, ինքնակամ այդ մեսիջները հրապարակեց, որովհետև հայկական կողմը համարձակություն չուներ նման բաներ ասելու, և հիմա հայկական կողմին մնում է ընդամենը մեկնաբանել և փորձել հիմնավորում գտնել ռուսական կողմի դիրքորոշման հիմնավորման համար, և այլն, և այլն: Հիմա նորից հանուն ռազմավարական գործընկերոջ` կսկսեն ինչ-որ մտքեր հորինել՝ հիմնավորելու, որ իրապես այդպես է ճիշտ, և պետք չէ հերթական անգամ հարաբերությունը փչացնել մեր ռազմավարական գործընկերոջ հետ»: